Մատչելիության հղումներ

Օտարված տներից դուրս եկած 106 ընտանիքների բնակարանի փոխարեն առաջարկում են փոխհատուցում ստանալ


«33 թաղամասի» բնակիչներն այսօր հանդիպում ունեցան «City Center Development» ընկերության տնօրենի եւ փոխտնօրենի հետ, ովքեր բնակիչներին հրավիրել էին` հայտնելու իրենց բաժնետերերի խորհրդի որոշման մասին:

Քանի որ այս ընտանիքներից շատերը պայմանգիր էին կնքել` տեղում բնակարան ստանալու` Հանրապետություն, Ֆիրդուսի, Տիգրան Մեծ փողոցների ներքին մասում գտնվող կառուցվելիք թաղամասում, որտեղ մինչեւ օրս շինարարություն չի ընթացել, ընկերությունը նրանց առաջարկեց ստանալ փոխհատուցում իրենց տրամադրվելիք բնակարանների արժեքների չափով:

Հանդիպմանը ներկա մի քանի տասնյակ բնակիչներից շատ քչերն էին համաձայն ստանալ փոխհատուցումը, ասում էին, որ կամ թող ետ վերադարձնեն իրենց բնակարանները, կամ տեղում շենք կառուցեն ու այնտեղ տրամադրեն բնակարան:

Հիշեցնենք՝ 2007-ին «գերակա շահ» էր հայտարարվել քաղաքի կենտրոնի «33 թաղամասի» տարածքը, որի բնակիչները 2007-ից իրենց տները սկսեցին լքել: 188 ընտանիքներից 82-ը լրիվ փոխհատուցում ստացավ` բնակարաններ «Գլենդել Հիլզ» ընկերության կառուցած շենքերում Արգիշտի փողոցի վրա, 21-ը մասնակի փոխհատուցում ստացավ, այժմ սպասում է փոխհատուցման երկրորդ կեսին, իսկ 85 ընտանիք դեռեւս ոչ մի փոխհատուցում չի ստացել ու բնակվում է վարձով: Փոխհատուցման սպասող շատ ընտանիքների եւ «City center development»-ի պայմանագրի ժամկետները վաղուց լրացել են, որոշների պայմանագրերն էլ լրանում են այս տարի: Մինչեւ այսօրվա հանդիպումը բնակիչների համար անհայտ էր, թե երբ կստանան բնակարան, բայց հանդիպումից հետո էլ շատ մտահոգված էին:

«Ինձ բնակարան է պետք կենտրոնում, միայն բնակարան, ի՞նչ փոխհատուցում, ես փոխհատուցումը ինչ եմ անում: Ես խնդրել էի՞ իրենց գան ինձ իմ տնից հանեն», - զայրացած բղավում էր բնակիչներից մեկը:

«Պայմանգիր էի կապել, որ տեղում 42 ամսվա ընթացքում ստանամ իմ բնակարանը, սակայն 42 ամիսը լրացավ, ապա եւս մեկ տարի անցավ ու այսօր կանչել են նորից պայմանգիր կապելու: Ցանկանում են գումարային հատուցում տալ, ոչ թե բնակարան տեղում, իսկ ինչի՞ համար, այսքան դրա համար ենք սպասել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց բնակիչներից Անուշ Բաբայանը, ում տունը գտնվում էր Հանրապետության փողոցի վրա, ուներ 100 քառակուսի մետր տարածք եւ, իր խոսքերով, լավ նորոգված էր:

Անուշ Բաբայանը փոխհատուցում չի ուզում ստանալ բազմաթիվ այլ բնակիչների նման, որովհետեւ վստահ չէ, որ կստանա այնքան գումար, որքան իրականում արժեր իր օտարված անշարժ գույքը:

«Պայմանագրում նշված է, որ կփոխհատուցեն շուկայական գներով, իսկ շուկայական գինը հայտնի չի, թե որքան է, իրենք ոնց ուզեն տենց էլ կորոշեն, կուզեն քառակուսի մետրի դիմաց հազար դոլար կտան, կուզեն 600 կտան: 5-600 դոլարով տարածքը ուզում են վերցնել», -ասաց բնակչուհի Անուշ Բաբայանը:

Որոշ բնակիչների տներ իրացվել են, բայց չեն քանդվել, նրանք փոխհատուցման փոխարեն պատրաստ են վերադառնալ իրենց տները:

«Թող վերադարձնեն ինձ իմ տան թուղթը [սեփականության վկայականը], գնամ հանգիստ ապրեմ»,- ասաց Տիգրան մեծ փողոցի մի բնակչուհի:

«City Center Development» ընկերության տնօրենն ու փոխտնօրենը «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույց տալ հրաժարվեցին, բայց հայտնեցին, որ բնակիչներին կտրամադրեն փոխհատուցում իրենց տրամադրվելիք բնակարանների արժեքների չափով, ինչը կորոշի անկախ գնահատողը: Նաեւ ասացին, որ այս փոխհատուցումը նախատեսված է եղել նրանց ստորագրած պայմանագրով, որտեղ սահմանվել է, որ եթե շենքի շինարարությունը ուշանա, ինչը տեղի է ունենում, ընկերությունը բնակարանի փոխարեն տալու է տրամադրվելիք բնակարանների արժեքի չափով դրամական փոխհատուցում:

«City Center Development» ընկերությունը գտնվում է նույն գրասենյակում, որտեղ Հայաստանում բազմաթիվ շինարարական նախագծեր իրականացրած «Գլենդել Հիլզի» գրասենյակն է, թեեւ երկու ընկերությունները իրավաբանորեն միմյանց հետ կապ չունեն, բայց ընկերության աշխատակիցներն էլ չեն հերքում, որ դրանք երկուսն էլ պատկանում են Վահե Յակուբյանին, ով «Գլենդել Հիլզի» հիմանդիրն է եւ բաժնետերերի խորհրդի նախագահը:

Նա ներկա չէր բնակիչների հետ հանդիպմանը, թեեւ բնակիչներն ասում էին, որ շատ կցանկանային զրուցել հենց ընկերության սեփականատիրոջ հետ ու հոգնել են միջնորդների հետ զրուցելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG