Մատչելիության հղումներ

Վանաձորցիները նամակ են գրում Սերժ Սարգսյանին


Փակ նամակ՝ Սերժ Սարգսյանին
please wait

No media source currently available

0:00 0:02:10 0:00
Վանաձորցիները արդեն չորրորդ օրն է նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակներ են գրում, որոնք ապրիլի 2-ին կուղարկվեն Բաղրամյան 26 հասցեով:

Ակցիան կազմակերպել է «Փակ նամակ Սերժ Սարգսյանին» քաղաքացիական նախաձեռնությունը: Ակցիայի կազմակերպիչներից Աննա Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ բացի նամակների համար նախատեսված շրջիկ արկղից` կա եւս երկու արկղ, որոնք տեղադրված են «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակներում:

«Այս ակցիայի միջոցով մարդիկ իրենց բողոքն են արտահայտում», - ասում է Զաքարյանը. - «Որպեսզի իմանան, որ մարդիկ կան, ովքեր մտածում են, հասկանում են, որ անարդարություն է տիրում եւ դրա դեմ բողքում են»:

Նամակում, մասնավորապես, ասվում է, որ Սերժ Սարգսյանին չեն ճանաչում որպես Հայաստանի նախագահ, քանի որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները համարում են կեղծված: Նամակ գրողները նաեւ պահանջում են քաղաքական կամք ցուցաբերել, նպաստել արդարության վերականգմանը եւ հարգել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության քվեն եւ սահմանադրական իրավունքը:

Սերժ Սարգսյանին նամակ գրած քաղաքացիներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե հույս ունեն այդ եղանակով «արթնացնել գործող նախագահի խիղճը». - «Որ մարդկային ինչ-որ բան արթնանա իր մեջ, որոշի, որ ժողովրդի ձայնը լսի»:

Նամակներ ուղարկում են տարբեր տարիքի քաղաքացիներ: Նրանցից ոմանք վստահեցնում էին, որ ակնհայտ ընտրակեղծիքներ են եղել:

Նամակներ ուղարկելուն զուգահեռ իրականացվում է նաեւ ստորագրահավաք` ի զորակցություն նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանի:

Նկատենք, որ ոստիկանությունը մի քանի մետր հեռավորությունից մշտապես հետեւում է նախաձեռնության ողջ ընթացքին: Կազմակերպիչները փոխանցեցին, որ նամակագրության եւ ստորագրահավաքի առնչությամբ որեւէ միջադեպ չի գրանցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG