Մատչելիության հղումներ

Մարտի 2-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հանրահավաքից հանրահավաք եւ ասուլիսից ասուլիս նա [Րաֆֆի Հովհաննիսյանը] հետաձգում է հայտարարել այն, ինչ պահանջվում է ասել իրեն հաղթող հռչակած եւ ժողովրդի ընդվզումը առաջնորդելու հայտ ներկայացրած գործչից։ Բոլորը սպասում են ընդամենը մեկ նախադասություն` Սերժ Սարգսյանը չի ընտրվել ՀՀ նախագահ, Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէ, եւ ուրեմն` պետք է շարունակել պայքարը լեգիտիմ իշխանություն ձեւավորելու համար (ինչպես եւ ինչքան` այլ հարց է)։ Րաֆֆի Հովհաննիսյանը սա չի անում, ժամանակ է ձգում, ընդ որում` առանց ձեւակերպելու կամ հասկացնելու, թե ինչու է «խաղում ժամանակի վրա», եւ ինչպես դա կարող է ազդել ռեժիմի դիրքերը թուլացնելու վրա։ Փոխարենը Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 19-ից խոսում է ամեն ինչից` հայրենասիրությունից, իրավատիրությունից, քաղաքացիական կամքից, սահմանադրության գերակա լինելուց, իր երազանքներից, իր ընտանիքի անդամների երազանքներից, իր շուրջը հավաքված մարդկանց երազանքներից, պապի, հոր, մոր եւ էլի մարդկանց երազանքներից։ Սա, թերեւս, արդեն անլրջության է վերածվում, իսկ անլրջությամբ շարժում առաջնորդել կամ հասարակական դժգոհությունը պահել ալիքի վրա չի կարող նույնիսկ արհեստավարժ ֆոկուսնիկը»։

«Ի՞նչ է ուզում այսօր հրապարակի տերը` ժողովուրդը եւ նրա առաջնորդողը». - ըստ «Առավոտ»-ի` երեկ այս հարցն է բարձրացրել Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր Արամ Մանուկյանը։ Նրա խոսքերով` ինքը կգնա Ազատության հրապարակ եւ կմիանա «բարեւի» հեղափոխությանը, եթե հստակություն տեսնի։ «Ընդամենը ուզում եմ մի հարց պարզել, հստակություն եմ ուզում, սպասում եմ հստակության եւ ինքս էլ կգնամ հրապարակ», - ասել է Արամ Մանուկյանը։ Նա նշել է, որ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ Հայաստանի բոլոր մտահոգ քաղաքացիները անմիջապես հայտարարություն են արել, որ չեն ճանաչում այս ընտրությունները, առավել եւս` տեղյակ են, թե ինչ է կատարվում։ «Կատարվել է մոտավորապես նույնը, ինչ 2008-ին եւ 2003-ին` մասսայական կեղծիքներ։ Մենք չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները, ոչ լեգիտիմ իշխանություն է, եւ, բնականաբար, ժողովուրդը դուրս է եկել եւ պայքարում է իր իրավունքների համար։ Շատ ուրախ եմ, որ այդ պայքարը կա, այդ ոգին կա, մեր ակտիվիստները բոլորը մասնակցում են, բոլորը ցանկանում են, որ փոփոխություն լինի, մենք հայտարարել ենք, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել», - ասել է Արամ Մանուկյանը։

«168 ժամ»-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ։ Լրագրողը հարցնում է. - «Ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում առաջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե` «Մարտի 1-ը մինչեւ հիմա չի լուծվել, եւ Դատախազություն պետք է հրավիրվեն բոլոր երեք նախագահները` պատասխան տալու համար»։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը»։ Պատասխան. - «Աբսուրդ եմ համարում։ Երբ մի կողմում ժողովուրդն է, մեկ ընդդիմություն, որը կազմակերպում է խաղաղ հանրահավաքներ, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, իսկ մյուս կողմում բռնապետական ռեժիմն է, որն ապօրինաբար հարձակվում է խաղաղ ցուցարարների վրա ու օգտագործելով հրազեն` մարդ է սպանում, ուրեմն հստակ պետք է կողմնորոշվես` ո՞ւմ կողմից ես։ Ժողովրդի մեծամասնությունը կողմնորոշվել է այս հարցում ու գիտի, որ միակ մեղավորն այն ռեժիմն է, որը տիրում էր 2008 թվականին` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»։ «Նա, ով ցանկանում է, որ ապագայում բացառվեն նմանատիպ դեպքերը, պետք է շատ հստակ լինի իր գնահատականների մեջ։ Հենց սկսում են պատասխանատվությունը լղոզել, ռեժիմից բացի` այլ մեղավոր փնտրել, դառնում են ահավոր ուղերձի հեղինակ։ Նման բան չի կարելի անել», - ասել է Լեւոն Զուրաբյանը։

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե ԱԺ արտահերթ նիստ հրավիրելն իր պահանջն ու ցանկությունը չէ, տարօրինակ է ՀՅԴ խմբակցության համար»: «Ինձ համար, մեղմ ասած, տարօրինակ է, որովհետեւ ֆրակցիան չի կարող, մեղմ ասած, չներկայացնել իր կուսակցությանը Ազգային ժողովում, գործել իրարից անկախ: Դա անհասկանալի է ինձ համար»,- ասել է երեկ Արմեն Ռուստամյանը: «Այն, ինչ մենք անում ենք ԱԺ-ում, ուղղակիորեն այն խնդիրներն ու որոշումներն են, որոնք իրականացնում ենք խմբակցության մակարդակով` կուսակցության կողմից կայացված: Սա արդեն ամեն կուսակցության գործելաոճի հարցն է, բայց ինձ համար, մեղմ ասած, տարօրինակ է, որովհետեւ ֆրակցիան չի կարող կուսակցությունից անկապ, անկախ եւ անհասկանալի տրամաբանությամբ գործել»,- հավելել է ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչը:

«Հրապարակ»-ի հետ զրույցում Սոս Գիմիշյանը ասել է. - «Եթե անկեղծ ասեմ, ապա մենք ընկերներով հիմա քննարկում ենք, թե ինչպես կարելի է հեղափոխություն անել։ [...] Գնում ենք մարզեր, ինչպես հիմա անում է Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ յուրաքանչյուր մարզում ստեղծել «Հայաստան կոմիտե», ինչպես ժամանակին «Ղարաբաղ» կոմիտեն էր, 5-10 հոգանոց ակտիվ կոմիտեները յուրաքանչյուր համայնքում ստեղծեն իրենց բանակը, թիմակիցների, գաղափարակիցների մեծ խմբեր ձեւավորեն, որոնք ցանկացած պահի պատրաստ կլինեն կարեւոր խնդիրը լուծել` կրիտիկական զանգված ապահովել, որի միջոցով պիտի ճնշում գործադրես, եւ որի առկայությունը կստիպի իշխանություններին հաշվի նստել»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG