Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում ադրբեջանցիների են ծեծել


Ֆրանսիա, Փարիզ, 26-ը փետրվարի, 2013թ. - Սումգայիթի ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառման կազմակերպիչները կարգի են հրավիրում ադրբեջանցուն, լուսանկարը` Nouvelles d'Armenie-ի
Ֆրանսիա, Փարիզ, 26-ը փետրվարի, 2013թ. - Սումգայիթի ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառման կազմակերպիչները կարգի են հրավիրում ադրբեջանցուն, լուսանկարը` Nouvelles d'Armenie-ի

Ֆրանսահայերի պարբերականը շեշտում է, որ ադրբեջանցիները սադրանքի են դիմել Սումգայիթի ողբերգության 25-ամյակի միջոցառման ժամանակ։ԼՐԱՑՎԱԾ

Երեքշաբթի օրը Փարիզում` Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում, երկու ադրբեջանցիներ են ծեծի ենթարկվել։

Միջադեպը տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների, մասնավորապես` Հայ դատի գրասենյակի, եւ ֆրանսիական խորհրդարանի մի քանի պատգամավորների կողմից կազմակերպված «Սումգայիթյան ջարդերից 25 տարի անց. Լեռնային Ղարաբաղի ապագայի հեռանկարները» խորագրով միջոցառման ժամանակ, որին մասնակցում էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, մի շարք ֆրանսիացի սենատորներ եւ պատգամավորներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ղեկավարներ, լրագրողական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

Nouvelles d’Armenie պարբերականի կայքէջի փոխանցմամբ, դահլիճում ներկա երկու ադրբեջանցիներ` Փարիզում Ադրբեջանական տան ղեկավար Միրվարի Ֆաթալիեւան եւ Վուսալ Հուսեյնովը, սադրանքի են դիմել. նրանք նախ ոտքի չեն կանգնել, երբ լռության րոպե է հայտարարվել Սումգայիթի իրադարձությունների զոհերի հիշատակին, ապա Ֆաթալիեւան հայտարարել է, թե ոտքի կկանգնի «Խոջալուի զոհերի համար»։ Դրան հետեւել է ծեծկռտուքը, ի վերջո ադրբեջանցիները դուրս են բերվել, ապա ոստիկանները դռները փակել են` միջադեպի մասնակիցների ինքնությունը ճշտելու համար։

Հայկական կողմի վկայությամբ, ադրբեջանցիներն իրենք են հրահրել ծեծկռտուքը՝ առաջինը հարվածներ հասցնելով միջոցառման կազմակերպիչներին։

Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ, մինչդեռ, միջոցառման կազմակերպիչները, փակելով դահլիճի դռները, «գազանաբար ծեծել են ադրբեջանցիներին», իսկ ֆրանսիացի հայտնի հայամետ խորհրդարանական Ֆրանսուա Ռոշբլուանը անձամբ է կոչ արել ծեծել նրանց։

Միջադեպի վայր են ժամանել ոստիկանության, շտապ բուժօգնության աշխատակիցները, ինչպես նաեւ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության ներկայացուցիչները։ Վերջիններիս վկայությամբ` երկու ադրբեջանցիները լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել։

Հաղորդվում է, որ Փարիզում Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունը տեղի ունեցածի կապակցությամբ բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի արտգործնախարարությանը եւ պատրաստվում է բողոքի նամակներ հղել նաեւ երկրի նախագահին ու Ազգային ժողովին։

Nouvelles d'Armenie-ն ընդգծում է. - «Զարմանալիորեն, Ադրբեջանի դեսպանը` դիվանագետների ուղեկցությամբ, որոնք, ակնհայտորեն, հեռու չէին, անմիջապես ժամանել է դեպքի վայր` դատապարտելու միջադեպը, ինչը տեղիք է տալիս ենթադրության, որ սադրանքը նախապես ծրագրված էր»։

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ֆրանկ Փափազյանը նույնպես համոզմունք է հայտնել, որ երկու ադրբեջանցիները կապեր ունեն Ադրբեջանի դեսպանության հետ։ «Խոսքը վերաբերում է անընդունելի սադրանքի` Ադրբեջանի դեսպանատան դիմաց մեր կողմից կազմակերպվող բողոքի ցույցից երկու օր առաջ», - հայտարարել է Փափազյանը` տեղեկացնելով, որ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել տեղի ունեցածի կապակցությամբ։

ՀՅ Դաշնակցության «Նոր սերունդ» կազմակերպության Ֆրանսիայի բյուրոն, իր հերթին, չեղյալ է հայտարարել ադրբեջանական դեսպանատան դիմաց այսօր ծրագրած նստացույցը` «անվտանգության նկատառումներով»։

Այսօր ավելի ուշ տարածած հաղորդագրությունում Հայաստանի արտգործնախարարությունը ներկայացրել է Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացած միջոցառման մանրամասները՝ երկու ադրբեջանցիների հետ կապված միջադեպի առնչությամբ փոխանցելով. - «Միջոցառման ավարտին` ներկաների կողմից Սումգայիթյան ջարդերի զոհերին մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգանքի պահին, դահլիճում մինչ այդ աննկատ գտնվող երկու ադրբեջանցի երիտասարդ լկտի սադրանքի փորձ նախաձեռնեցին, որը կանխվեց կազմակերպիչների կողմից եւ սադրիչները հրավիրվեցին դահլիճից դուրս»:

Ֆրանսիայի Ազգային ժողովի հայամետ պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն չորեքշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել՝ նույնպես սադրանք որակելով տեղի ունեցածը։ Նրա խոսքերով՝ «խրախուսելով ժխտողական քարոզչությունը եւ բազմապատկելով հակահայկական սադրանքները», Ալիեւի ռեժիմը «քաջալերում է երեկ Ազգային ժողովի շենքում տեղի ունեցածի տիպի միջադեպերը»։ Ադրբեջանական այս նոր սադրանքը, ըստ Բուայեի, «եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի մտադրությունը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»։ «Ես խնդրում եմ Ֆրանսուա Օլանդին դիվանագիտական միջոցներ ձեռնարկել, որպեսզի ֆրանսիական հողում դադարեցվի ամեն տեսակ ժխտողական քարոզչությունը», - հայտարարում է հայամետ խորհրդարանականը։

Այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՀՅ Դաշնակցության Ֆրանսիայի կառույցը՝ դատապարտելով ադրբեջանական սադրանքը «Ֆրանսիայում, Ազգային ժողովում, Ֆրանսիայի Հանրապետության հենց սրտում» եւ ֆրանսիական իշխանություններին կոչ անելով լույս սփռել տեղի ունեցածի հանգամանքների վրա, մասնավորապես՝ թե ինչպես են Ազգային ժողովի շենք ներթափանցել ադրբեջանցիները, որոնք հրավիրյալների ցուցակում չէին, ինչու էին նրանք եկել եւ այլն։ Անկախ տեղի ունեցածից՝ Դաշնակցությունը վճռական է մնում փետրվարի 28-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ի պաշտպանություն արդարության եւ Ղարաբաղի ժողովրդի իրավունքի ցույց անցկացնելու հարցում։

Երեկոյան հրապարակած հայտարարությունում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ընդգծում է, որ «Ադրբեջանը փորձում է իր հակահայկական ռասիզմը արտահանել մեր Ֆրանսիական հանրապետության տարածք՝ բազմապատկելով հակահայկական ակտերը, միջոցառումները եւ ելույթները»։ «Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը քանիցս հայտարարել է, թե ամբողջ աշխարհի հայերը Ադրբեջանի թշնամիներն են», - ասված է, մասնավորապես, հայտարարությունում։

Nouvelles d'Armenie-ն փոխանցում է, որ փաստաբան Սեւակ Թորոսյանը Ֆրանսիայի Ազգային ժողովում միջոցառման կազմակերպիչների եւ միջադեպի հետեւանքով վնասվածքներ ստացած մի ֆրանսահայ երիտասարդի անունից երկու գանգատ է ներկայացնելու իրավապահ մարմիններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG