Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը չեղյալ է հայտարարում Մարտի 1-ի հանրահավաքը


Հայ ազգային կոնգրեսը չեղյալ է հայտարարել մարտի 1-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքն ու երթը` կոչ անելով իր կողմնակիցներին ու համակիրներին հավաքվել Մյասնիկյանի հրապարակում:

«Ինչպես հայտնի է, օրենքով նախատեսված ժամկետներում Հայ ազգային կոնգրեսը իրազեկել էր եւ այդ իրազեկումը ի գիտություն էր ընդունվել Երեւանի քաղաքապետարանի կողմից՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում ավանդական հանրահավաք եւ դեպի Մյասնիկյանի հրապարակ երթ կազմակերպելու համար։ Բայց երեկ պարզվեց, որ նույն ժամերին քաղաքապետարանը Մյասնիկյանի հրապարակում հանրահավաք է արտոնել «Ժառանգություն» կուսակցությանը։ 2008թ. մարտի 1-ի ողբերգության տարելիցը դիտելով որպես բռնության դեմ անհանդուրժողականության ցուցադրման օր եւ կարեւորելով այդ օրը ժողովրդի կամքի միասնական դրսեւորման հրամայականը՝ Հայ Ազգային Կոնգրեսը նպատակահարմար չի համարում նույն իրադարձությանը նվիրված երկու միջոցառման միաժամանակյա անցկացումը եւ, չեղյալ հայտարարելով իր նախաձեռնած հանրահավաքն ու երթը՝ Կոնգրեսի անդամներին եւ համակիրներին կոչ է անում միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել Մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին», - ասված է Կոնգրեսի տարածած հայտարարությունում:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար քարտուղար Լեւոն Զուրաբյանն ու խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հրաժարվեցին մեկնաբանել հայտարարությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք այդ քայլով Հայ ազգային կոնգրեսը նպատակ ունի միավորել ընդդիմադիր զանգվածը եւ համատեղ հանդես գալ իշխանությունների դեմ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը` շեշտելով, որ արտահայտում է իր անձնական կարծիքը, ասաց. - «Րաֆֆի Հովհաննիսյանի հետ երբեք չի կարելի ոչ մի դաշինքի մեջ մտնել: Դա կլինի սխալ»:

Եղիազարյանն մանրամասնեց, թե Մարտի 1-ի ողբերգության տարելիցի առթիվ ակցիայի անցկացման վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսը մոտ մեկ ամիս առաջ էր հայտարարել ու դիմել Երեւանի քաղաքապետարան, եւ եթե «Ժառանգության» առաջնորդը ցանկանում էր համատեղ ակցիա անցկացնել, նա կարող էր դիմել ՀԱԿ-ին:

Այսօր Արարատ քաղաքում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե «Ժառանգություն»-ում կքննարկեն իրավիճակը եւ հանրությանը կներկայացնեն իրենց քայլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG