Մատչելիության հղումներ

Փետրվարի 23-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Ընտրությունը պետք է այնպիսին լինի, որ ընտրողը հավատա, վստահի դրա արդյունքներին, համոզված լինի, որ իր քվեն տեղ է հասել: Ողջ երկիրը ողողած հետընտրական շարժումը մի բանի մասին է վկայում՝ հասարակությունը չի հավատում ընտրությունների արդյունքներին՝ այնպես, ինչպես չէր հավատում 2008-ին, 2003-ին, 1998-ին, 1996-ին: Անգամ իշխանության մեջ գտնվող անձինք իրական պատկերացում չունեն, թե ինչքան ձայներ է ստացել իրենց թեկնածուն: Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված անձինք նույնպես չեն կարող վստահ լինել, որ իրենց թեկնածուն ընտրվել է, եւ հայտարարություններն այն մասին, որ Րաֆֆին ընտրված նախագահ է, Սերժ Սարգսյանը՝ չընտրված, ենթադրությունների ոլորտից են: Մի բանում են բոլորը վստահ՝ հրապարակված արդյունքները չեն ներկայացնում իրական պատկերը»:

«Հայոց Աշխարհ»-ում կարդում ենք. - «Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երեկ կազմակերպած միտինգում բոցաշունչ ճառասացների պակաս չկար: «Ժառանգություն» կուսակցության վարչության երիտասարդ անդամներ, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, հայտնի ու անհայտ դեմքեր իրենց ելույթներով «ծաղկեցրին» նախագահական ընտրություններում պարտված թեկնածուի հեղափոխական միջոցառումը: Բնականաբար մարդիկ հրապարակ էին եկել լսելու, թե ինչ մանրամասներ է «գաղտնազերծելու» Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին գործող նախագահի հետ տեղի ունեցած զրույցից: Սակայն Հովհաննիսյանն այնքան ձգեց «ինտրիգը», որ երբ հերթը հասավ ՀԱԿ-ի նախկին անդամ Կարապետ Ռուբինյանին, վերջինս ստիպված եղավ հիշեցնել, թե ինչու են հավաքվել այստեղ: Իսկ երբ Ր.Հովհաննիսյանը խոսեց, մնում էր զարմանալ` մի՞թե այդքանը չէր կարող ասել նախօրեին, երբ դուրս եկավ նախագահի նստավայրից: Բայց դե, նույն օրը բացահայտելով «գաղտնիքը», երեկ այլեւս հրապարակում մարդ չէր հավաքվի»:

«168 ժամ»-ը գրում է. - «Գուցե Րաֆֆի Հովհաննիսյանին չհաջողվի իշխանափոխություն իրականացնել, բայց որ նա երեկ Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքով ընդդիմափոխություն իրականացրեց, անվիճելի փաստ է: Երեկվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա ղեկավարած «ժառանգություն» կուսակցության հիմնական ընդդիմադիր ուժ լինելու իրավունքը ընդունեցին ՀՅԴ-ն` իր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի միջոցով, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով թեեւ դեմ էր կանխորոշված ընտրություններին, սակայն գալով Ազատության հրապարակ ու բռնելով Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքը` ճանաչեց այդ ընտրությունների օրինականությունը, ՀԱԿ նախկին անդամներ Նիկոլ Փաշինյանը, Կարապետ Ռուբինյանը, նախկին քաղաքական բանտարկյալ եւ վտարանդի Արկադի Վարդանյանը, քաղաքացիական շարժման մի քանի ակտիվիստներ, երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը: Համոզված ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ հանրահավաքների ժամանակ կլինեն նոր ճանաչումներ եւ նոր ճանաչողներ, բայց թվարկածը արդեն բավարար է հասկանալու համար, որ ընդդիմադիր դաշտում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա ստեղծած ՀԱԿ-ի հնգամյա մենաշնորհին վերջ է տրված»:

«Ժամանակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հայտարարել է, որ հանրահավաքներ է անցկացնելու հանրապետության տարբեր քաղաքներում եւ գյուղերում, որոնցից առաջինները տեղի կունենան արդեն այսօր: Իհարկե առաջին անգամը չէ, որ հանրապետության մարզերում տեղի են ունենալու հանրահավաքներ: Մասնավորապես, մի քանի անգամ, այսպես ասած, արտագնա հանրահավաքներ արել է ՀԱԿ-ը: Սակայն այսօր բոլորովին այլ իրավիճակ է, քանի որ գործ ունենք հետընտրական իրավիճակի հետ, այսինքն` այլ է հասարակության քաղաքական հետաքրքրվածության եւ ակտիվության մակարդակը՝ կապված հատկապես ընտրությունների արդյունքների հետ: Սա, ըստ էության, աննախադեպ մի իրավիճակ է, երբ համապետական ընտրություններից հետո ընդդիմությունը ոչ թե քաղաքացիներին մարզերից հրավիրում է Երեւան, այլ Երեւանից ինքն է գնում մարզեր: Թե ինչքանով է նման տեխնոլոգիան ավելի արդյունավետ լինելու, քան հակառակ տարբերակը՝ մարզերից Երեւան, ցույց կտա ժամանակը»:

«Ժողովուրդ»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանը հայտնվել է անհեթեթ վիճակում. նրան վերընտրվելու առթիվ չեն շնորհավորել ո'չ կոալիցիան գործընկեր ՕԵԿ-ը, ո'չ էլ այն կուսակցությունները, որոնց ղեկավարները ՀՀԿ համամասնական ցուցակով դարձել են պատգամավոր: Ո'չ Արտաշես Գեղամյանի ԱՄԿ-ն, ո'չ Խոսրով Հարությունյանի ՀՔԴՄ-ն, ո'չ անգամ ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն ծպտուն չեն հանում` այդպես անուղղակի ընդունելով, որ այս նախագահական ընտրությունները եւս կեղծված են: Փոխարենը Սարգսյանին շնորհավորել են Ռամկավար ազատական եւ Սեդրակ Աճեմյանի Հնչակյան կուսակցությունները»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG