Մատչելիության հղումներ

Գործող նախագահի «դյուրին հաղթանակը»


Արտասահմանցի մեկնաբանները Սերժ Սարգսյանի վերընտրությունը միանգամայն օրինաչափ են որակում, բայցեւ նշում են խախտումների մասին։

«Նյու Յորք Թայմս»

«Նախագահ Սերժ Սարգսյանը հեշտությամբ վերընտրվել է 5 տարով», - գրել է պարբերականի լրագրող Դեյվիդ Հենցերնհորնը եւ ավելացրել, թե հաղթանակը թույլ կտա կայունություն պահպանել Հայաստանում, որն Ամերիկայի դաշնակիցն է եւ մեծ կարեւորություն ունի հատկապես իբրեւ միջուկային ծրագրեր իրականացնող Իրանի հարեւան։

Մեկնաբանը նշում է, որ Սարգսյանը «վետերան քաղաքական գործիչ» է, նրա նախագահության օրոք գրանցվել է տնտեսական համեստ առաջխաղացում, չնայած այն հանգամանքին, որ երկիրը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետեւանքով շրջափակված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։


«Մայամի Հերալդ»

Թերթի թղթակիցը նշում է, որ Սերժ Սարգսյանը քվեների մոտ 59 տոկոս է հավաքել, ինչը նշանակում է, որ երկրորդ փուլի խնդիր այլեւս չկա, թեպետ հաղթողի անունը պաշտոնապես կհաղորդվի հաջորդ շաբաթվա ընթացքում։


«Ալ Ջազիրա»

Արաբական հեռուստակայանի փոխանցմամբ` թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 18-ն անվանել է «Հայաստանի արդիական պատմության ամենավճռական օրը»։

Թեկնածուի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով` «ամոթալի ընտրությունների ընթացքում եղել են մեծ թվով խախտումներ, իսկ էքզիթ-փոլերը վկայել են ոչ այնքան իրական պատկերի, որքան իշխանությունների ցանկության մասին»։


«Դոյչե Վելլե»

Գերմանական ռադիոկայանի փոխանցմամբ, թեկնածուների մեծ մասը խոստանում էր լուծել սոցիալական հիմնախնդիրները, որոնցից ամենահրատապը գործազրկության բարձր ցուցանիշին է: Բնակչության ավելի քան մեկ-երրորդը աղքատ է։ Անցած երկու տասնամյակում մոտ մեկ միլիոն հայաստանցի հեռացել է երկրից։ «Դոյչե Վելլեն» նույնպես նշում է Հայաստանի շրջափակման հանգամանքը։


«Եվրոնյուզ»

Համաեվրոպական հեռուստակայանի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հուսով է, որ այս ընտրությունները որոշակի լիցք կհաղորդեն պատերազմի եւ անկայունության հետեւանքով տուժած երկրին եւ «կարժանանան միջազգային դիտորդների հավանությանը»։


«Ֆրանս 24»

Ֆրանսիայի միջազգային հեռուստակայանը Հայաստանի ընտրությունների մասին ռեպորտաժում վկայակոչել է թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին. - «Մեր ժողովուրդն արժանի է ունենալ դե յուրե ընտրված նախագահ»։


«Նոյե Ցյուրխեր Ցայթունգ»

Շվեյցարիայում լույս տեսնող թերթը գրել է, թե «այս ընտրություններին հատուկ էին ոչ թե թեժ բանավեճերն, այլ խուսանավումները, որոնք վկայում էին երկրի թմրացած վիճակի մասին»։

«Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան»-ը եւ Դաշնակցությունը գործնականում բոյկոտել էին ընբտրությունները: Պարույր Հայրիկյանի վրա մահափորձից հետո տգեղ քննարկումներ էին սկսվել քվեարկության ժամկետի մասին: Այս ամենի ենթատեքստում թեկնածուները չէին ընկալվում որպես վստահության արժանի գործիչներ», - նշել է պարբերականի մեկնաբան Դանիել Վեխլինը։

«Մինչդեռ Հայաստանի առջեւ հսկայական հարցեր են ծառացել, երկիրն այդ տարածաշրջանում տնտեսական եւ քաղաքական շրջափակման մեջ է։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին եւ երկկողմ հարաբերությունների բարելավումը կապում է Ղարաբաղի հարցի հետ։ Հայաստանին Ռուսաստանն է սատարում։ Առ այժմ ոչինչ չի վկայում, թե Սարգսյանին կհաջողվի երկրորդ ժամկետի ընթացքում արմատապես փոխել հակամարտությունների կարգավորման ընթացքը», - կարծիք է հայտնել «Նոյե Ցյուրխեր Ցայթունգի» մեկնաբանը։


Gazeta.ru

Ռուսաստանյան ինտերնետային պարբերականը «Ընտրություն նախագահի եւ Չեբուրաշկայի միջեւ» վերտառությամբ հոդվածում նշում է, թե սոցցանցերում տեղադրվել են անվավեր ճանաչված քվեաթերթիկների լուսանկարներ թեկնածուների սյունյակում գրված Չեբուրաշկայի, Քիմ Քարդաշյանի եւ Չաք Նորիսի, ինչպես նաեւ հայկական էստրադայի աստղերի անուններով։

Պարբերականը նշում է, որ մահափորձ վերապրած Պարույր Հայրիկյանն ընդամենը 1,23 քվե է ստացել։


«Իզվեստիա»

Ռուսական այս թերթի խնդրանքով հայաստանյան ընտրությունների մասին կարծիքներ են հայտնել մի շարք դիտորդներ, այդ թվում Հունգարիայից Հայաստան ժամանած քաղաքագիտության պրոֆեսոր Լասլո Կեմենին։

«Այստեղ չկար երկու լիդերի պայքար, այստեղ մեկ լիդեր էր, բայց ժողովուրդը նկատել տվեց, որ սա հավերժական վիճակ չէ, եւ եթե քաղաքական-սոցիալական կյանքում արմատական փոփոխություններ չլինեն, եթե իշխանության շրջանում նոր մարդիկ չհայտնվեն, եթե քաղաքական ուժերի վերադասավորում չլինի, ապա ժողովուրդն այս իշխանություններին «դեղին քարտից» հետո «կարմիր քարտ» ցույց կտա», - ասել է Կեմենին։


«Արգումենտի Ի Ֆակտի»

Պարբերականը «Ինչո՞ւ է Հայաստանը կարեւոր Ռուսաստանի համար» վերնագրած հոդվածում գրել է, թե Հայաստանում հաղթել է գործող նախագահը, ուստի, առաջիկա հինգ տարում երկու երկրների հարաբերություններում ոչինչ չի փոխվի։

Պետական դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վյաչեսլավ Նիկոնովի կարծիքով, Հայասստանը Կովկասում Ռուսաստանի գլխավոր գործընկերն է, սերտ ինտեգրման կողմնակից է եւ միջազգային մի շարք ծրագրերում սատարում է Ռուսաստանին։

«Հայաստանը ետխորհրդային տարածքում Ռուսաստանի հավատարիմ եւ ամենաթերագնահատված դաշնակիցն է։ Դժբախտաբար, Մաքսային միությունում եւ տնտեսական միացյալ տարածքում ընդգրկվելու խնդիրը Հայաստանի համար շատ բարդ է, քանի որ մենք չունենք ընդհանուր սահման», - ասել է Նիկոնովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG