Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը նյութեր է նախապատրաստում բողոքարկման գործընթացի համար


Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը մտադիր է փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների «բողոքարկման գործընթաց սկսել»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփած նախնական արդյունքներով Րաֆֆի Հովհաննիսյանը գրավել է երկրորդ տեղը՝ ստանալով քվեների 36,75 տոկոսը: Գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է ձայների 58,64 տոկոսով:

«Ես չեմ կարծում, որ այս պահին մենք ունենք ձեւավորված լեգիտիմ իշխանություն: Մենք հիմա նյութեր ենք նախապատրաստում նաեւ որոշակի բողոքարկման գործընթացի համար», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները համոզմունք հայտնեցին, որ նախագահական ընտրությունները ուղեկցվել են զանգվածային կեղծիքներով: Հովհաննիսյանի շտաբը 121 կետից բաղկացած խախտումների փաթեթ է հրապարակել, որտեղ ընդգրկված են ընտրակաշառքի, լցոնումների, բազմակի քվեարկությունների, ընտրողներին ընտրատեղամասեր բերելու եւ այլ տասնյակի ահազանգեր:

«Յուրաքանչյուր ընտրություն բնորոշ է եղել որոշակի կեղծիքների տեխնոլոգիայով: Սա այն ընտրությունն է, որտեղ բոլոր այդ տեխնոլոգիաները կիրառվեցին», - հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պարզաբանելով․ - «Այսինքն իշխանությունը մինչեւ ձայների հաշվարկը դիմեց կեղծիքների, հետո տեսնելով, որ նույնիսկ այդ պարագայում է պարտվում, նաեւ քվեաթերթիկների հաշվարկման ընթացքում կիրառեց բոլոր կեղծիքները, եւ ահաբեկում հանձնաժողովի անդամների, վստահված անձանց, փորձել որոշակի ձեւով ազդել նրանց վրա գայթակղություններով, ձայներ գողանալով, ձայներ փոխելով, անվավեր անելով… Այս ամեն ինչը տեղի է ունեցել»:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով Շիրակի մարզում էր հետեւել ընտրություններին, այս ընտրությունների յուրահատկությունները թվելիս առանձնացրեց ընտրակեղծիքներում կոնկրետ դիտորդական առաքելության ընդգրկումը։

«Կա այդպիսի դիտորդական առաքելություն` «Ժողովրդավարության ակադեմիա»: Ուրեմն յուրաքանչյուր տեղամասում նստած էին Երեւանից եկած երիտասարդներ` «ակադեմիկոսներ ընտրությունների», շտապ հարցնում են ընտրողի համարը ցուցակներում, միանգամից իրենց մոտ ֆիքսում են եւ փոխանցում են դուրս: Եվ դա գրեթե բոլոր տեղամասերում, որտեղ եղա: Հետագայում պարզվեց, որ դրանով իրենք իրենց ցուցակով արձանագրում են, թե ովքեր եկան եւ ովքեր չեն եղել, որոնց պետք է բերել: Սա ղեկավարվում էր Հանրապետական կուսակցության հայտնի ներկայացուցչի կողմից, ով ուղղակի հանցագործությամբ էր զբաղված: Ըստ էության մի նոր տեխնոլոգիա, որտեղ դիտորդական առաքելությունը ուղղակի կոչված է, որպեսզի կեղծի ընտրության արդյունքները: ես հետեւողական եմ լինելու այս դիտորդական առաքելության նկատմամբ: Առավել լուրջ կեղծարար, քան Շիրակի մարզում այս առաքելությունն էր, ես չեմ կարող նշել»,- հայտարարեց Հակոբյանը:

Ընդգծելով, որ նույնիսկ այդ պայմաններում բոլոր մեծ քաղաքներում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, պատգամավորը եզրակացրել է, որ ծնվում է քաղաքացին»․ - «Փետրվարի 18-ը ընդվզումի, սեփական արժանապատվությանը տեր կանգելու, «ես»-ի կարեւորությունը գիտակցելու օր էր: Դանդաղ է, դժվար է, խոչընդոտում են, բայց քաղաքացին ծնվում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG