Մատչելիության հղումներ

Փետրվարի 5-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Նախընտրական շրջանը բարդ շրջան է: Հատկապես` իշխանական թեկնածուների համար: Հատկապես` երկրորդ անգամ առաջադրվող իշխանական թեկնածուների համար: Այդ ժամանակ ստելն ավելի դժվար է դառնում, քան առաջին ընտրության պարագայում: Առաջինի դեպքում դեռ հնարավոր է գտնել միամիտ ազնիվների, ովքեր կարող են ասել, թե թողնենք թող մարդն աշխատի, տեսնենք` ինչպես է աշխատում, արդյո՞ք կատարում է իր նախընտրական խոստումները, թե՞ ոչ: Երկրորդ անգամ շատ բարդ է լինում, քանի որ անգամ միամիտ ազնիվներն են հասկացած լինում, թե իշխանական թեկնածուն որ հարցում ինչպես է կատարում իր խոստումները: Այս առումով Սերժ Սարգսյանի վիճակը իսկապես հեռու է նախանձելի լինելուց: Եվ ինչպես երեւում է` Սարգսյանն ինքն էլ այդ ամենը շատ լավ հասկանում է»:

Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասում է. - «Այն, ինչ տեղի է ունեցել Պարույր Հայրիկյանի նկատմամբ, կարող եմ ասել, որ կրակել են Հայաստանի Հանրապետության վրա, գործող իշխանությունների վրա եւ հենց Սերժ Սարգսյանի վրա, որովհետեւ բացարձակապես միայն խելագարության կանխավարկածով առաջնորդվելու դեպքում կարելի է մտածել, որ դա ձեռնտու է Սերժ Սարգսյանին: Ինչպես 2008 թվականի մարտի 1-ը բացարձակապես ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին, այնպես էլ այն կրակոցը, որը եղել է Պարույր Հայրիկյանի վրա, բացարձակապես ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին: Նկատեք, թե ինչ մթնոլորտ է Հայաստանում, այսօր վախի մթնոլորտ չկա, ով ինչ ուզում է` խոսում է, եթե նկատում եք: Ես էլ, ասենք, քարոզչության ընթացքում եղել է, որ մարդու վիրավորել եմ, հետո շատ եմ փոշմանել: Գնացել տանն անգամ պատմել եմ»:

«Հայոց Աշխարհ»-ն անդրադարձել է Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի վարկածներին. - «Ուշագրավ է, որ «ռուսական հետք» որոնելու Հայրիկյանի կանխակալ հայտարարությունը գրեթե լիովին անտեսվեց ռուս քաղաքագետների, վերլուծաբանների, առավել եւս պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Ինչն էլ փորձում են հաջողությամբ խաղարկել որոշ արեւմտյան պարբերականներ, որոնց հեղինակներն իրենց հրապարակումներում սկսել են շեշտադրել այն միտքը, թե Ռուսաստանը անտեսեց եւ ուշադրության չարժանացրեց Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Բայց արդյոք Հայաստանի նախագահի թեկնածուի կողմից լո՞ւրջ քայլ էր շտապողաբար հայտարարություն անել գոյություն չունեցող կառույցի, նրա պաշտոնանկ արված կամ էլ թոշակի անցած անդամների մասին, ովքեր այլեւս ակտիվ դերակատարում չունեն ներկայիս Ռուսաստանի պետական համակարգում»:

«Առավոտ»-ի հետ զրույցում ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է. - «Թող պարոն Հայրիկյանը վերջնականապես կողմնորոշվի իր վարկածների մեջ` ռուսական իմպերիալի՞զմն էր, թե՞ սուլթանական Թուրքիան: Երբ վերջնականապես կկողմնորոշվի ու կոնկրետ վարկածի վրա կանգ կառնի, ես հարկ կհամարեմ ինչ-որ բան մեկնաբանել»: Զոհրաբյանը նաեւ «անհեթեթություն» է որակել Հայրիկյանի դիտարկումը չառաջադրված քաղաքական ուժերի վերաբերյալ. - «Ինչ որ հիմա ասվում է, կատարյալ անհեթեթություն է, չեմ ցանկանում վիրավորել պարոն Հայրիկյանին, նրան շուտափույթ առողջություն եմ մաղթում, բայց կրկնում եմ` թող նա վերջնականապես կողմնորոշվի իր վարկածների մեջ»:

«168 ժամ»-ը գրում է. - «Երեկ ԱԺ-ում մեծագույն իրադարձություն էր. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մեկ տարվա ընթացքում վերջապես մի 20 րոպե ժամանակ էր գտել ԱԺ գալու համար: Բայց այդ այցը նշանավոր էր ոչ միայն ֆորմալ, այլեւ բովանդակային իմաստով: Այն պահին, երբ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը չի մասնակցում նախագահական ընտրություններին, իսկ ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որեւէ մեկին, կարելի էր միայն գուշակել, թե քաղաքական դաշտի որ կողմում է լինելու Ծառուկյանը: Երեկ գալով խորհրդարան, նա տվեց նաեւ այդ հարցի պատասխանը: Խնդիրը միայն այն չէ, որ ԲՀԿ խմբակցության ղեկավարը խորհրդարանի դահլիճը լքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ընկերակցությամբ, եւ այն էլ` Ազգային ժողովի նախագահի համար նախատեսված մուտքով»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG