Մատչելիության հղումներ

«Հաշմանդամի սայլակը պարելու համար խոչընդոտ չէ»


«Հաշմանդամի սայլակը պարելու համար խոչընդոտ չէ»
please wait

No media source currently available

0:00 0:03:14 0:00

Բրիտանական «Կանդուկո» պարային խումբն այսօր վարպետության դաս էր տալիս Հայաստանի խուլերի սպորտի եւ մշակույթի պալատի ինքնագործ խմբի անդամներին:

Տարիներ առաջ, երբ «Կանդուկո»-ի հիմնադիր Սելեստ Դենդեքերը պարելիս վայր ընկավ եւ ողնաշարը վնասելու արդյունքում հայտնվեց հաշմանադամի սայլակին, կրկին պարելը այլեւս երազանք էր նրա համար: Որոշ ժամանակ անց, սակայն, պարուսույց Դարշան Սինգ Բոլերը նրան համոզեց, որ հաշմանդամի սայլակը պարելու համար խոչընդոտ չէ:

«Դա 21 տարի առաջ էր: Այժմ խմբում պարում է արդեն վեցերորդ սերունդը», - ասաց խմբի անդամ Վելլի Օ’Բրայենը: Նա պատմեց, որ ոտքը կորցնելուց հետո է անդամակցել խմբին:

«Կանդուկո»-ի առանձնահատկությունն այն է, որ այստեղ կողք-կողքի պարում են հաշմանդամներ եւ ոչ հաշմանդամներ: Պարապմունքների ծանրաբեռնվածությունը եւ ներկայացումների որակը, սակայն, դրանից չի տուժում: Խիստ տարիքային սահմանափակումներ չունեն, բայց խմբում պարելու համար 4-5 տարվա պրոֆեսիոնալ պարելու փորձ պիտի ունենաս:

«Մենք բոլորս նման ենք, մեր մարմինները մեծ պոտենցիալ ունեն, դրանք այնքան էլ նուրբ չեն, որքան կարծում ենք: Մենք փորձում ենք գտնել մարմնի ֆիզիկական պոտենցիալը եւ ցանկանում ենք, որ հանդիսատեսը տեսնի, հասկանա եւ վայելի դա», - ասացին Քրիսը Օուենը եւ Վելլի Օ’Բրայենը:

Նրանք նշեցին, որ իրենց նպատակը պարի մասին կարծրատիպերը փոխելն է. թե ով կարող է պարել, ով ՝ ոչ:
Այժմ խմբում պարում է 7 հոգի, 3-ը՝ հաշմանդամ:

Հայաստանի խուլերի սպորտի եւ մշակույթի պալատի ինքնագործ խմբի անդամ Հասմիկը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բացի թույլ լսելուց նաեւ զգում է երաժշտությունը, որն էլ օգնում է իրեն պարել:

«Սկզբում դժվար էր ինձ համար, բայց ինձ միշտ ասել են՝ դու կարող ես: Այսօր պրոֆեսիոնալ չեմ, բայց լավ կարողանում եմ պարել: Վելլին եւ Քրիսը սովորեցրին, որ պարը պետք է հոգով զգալ, բոլոր վատ լիցքերս դուրս եկան իմ միջից», - սուրդոթարգմանչուհի Սիրանուշի միջոցով փոխանցեց Հասմիկը:

«Մեր ներկայացումներում պատմում ենք մարդկային հարաբերությունների մասին: Այսօր երիտասարդներին կսովորեցնենք ժամանակակից պարային տեխնիկաներ` հնարավորություն տալով նրանց նոր գաղափարներ բացահայտելու, եւ ոգեւորելու ենք շարունակել պարել: Գուցե ապագայում նրանք իրենց խումբը ստեղծեն», - նշեցին բրիտանացի մասնագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG