Մատչելիության հղումներ

Հունվարի 23-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Նախագահի թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանը, որն այժմ հացադուլ է անում, այս պահին միակն է «նախագահացուներից», ով գոնե տեսականորեն ճիշտ է ձեւակերպում հիմնական խնդիրը: Այլ բան է, որ դատելով նրա եւ նրա կողմնակիցների մեկնաբանություններից, այս թեկնածուի առավելություններն առայժմ սահմանափակվում են միայն այսքանով: Ի՞նչ նկատի ունեմ: Ի տարբերություն մյուս թեկնածուների, Ղուկասյանը չի ասում` ես ունեմ լավ ծրագրեր, ներկայացնում եմ այսինչ գաղափարախոսությունը, եւ առհասարակ շատ արժանի անձնավորություն եմ, այն պայմաններում, երբ բոլորին էլ պարզ է, որ նույնիսկ լավագույն ծրագրերը, գաղափարները եւ անձերը ոչինչ են` եթե չի գործում ընտրական մեխանիզմը: Ղուկասյանը հենց ընտրությունների մեխանիզմի հարցն է դնում` ընտրությունները կեղծվում են, գլխավոր կեղծող ուժը մասնակցում է դրանց, իսկ միջազգային դիտորդներն էլ դեմոկրատիայի եւ «մեկ քայլ առաջ»-ի մասին սիրուն խոսքերի ներքո ամեն անգան լեգիտիմացնում են կեղծիքը»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում սատարելու մասին որոշումը, որ կայացրել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հանդիսանում է հերթական հարվածը, որ ստանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այստեղ, իհարկե, աբսուրդի թատրոն է՝ Բալասանյանը որպես կուսակցական հարգում եւ հնազանդվում է ոչ մեկին չսատարելու մասին կուսակցության որոշմանը, իսկ որպես Գյումրիի քաղաքապետ սատարում է Սերժ Սարգսյանին: Նման բան երեւի միայն ԲՀԿ-ում է հնարավոր, եւ Սամվել Բալասանյանի օրինակով ի ցույց է դրվում Հայաստանում խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը գրաված կուսակցության քաղաքական անլրջությունը: Այսինքն՝ ոչ միայն ԲՀԿ-ում առնվազն երկփեղկվածությունը եւ երկիշխանությունը, կամ ավելի շուտ եռիշխանությունը՝ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, այլ նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ի աբսուրդայնությունը զուտ բովանդակության տեսակետից»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով ԵԽԽՎ դիտորդական առաքելության այն մտահոգությունը, որ երկրի հիմնական քաղաքական կուսակցությունները ընտրություններում չառաջադրեցին սեփական թեկնածուներին, ասում է. - «Ինձ առավելապես անհանգստացնում է մեր եվրոպացի գործընկերների հենց այդ գնահատականը: Լեւոն Տեր-Պետրոսյանը չասաց, թե իրեն ճնշել են, դրա համար չի առաջադրվում: Բացի դրանից, Տեր-Պետրոսյանին ճնշե՞լ կլինի: Նույնը եւ ԲՀԿ նախագահը երբեւէ չի հայտարարել իր առաջադրման մասին: Ավելին, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ինքը 68 տարեկան է, այդ տարիքում նպատակահարմար չի համարում մասնակցել նախագահական ընտրություններին: Հիմա մենք ենք նրան «ստիպե՞լ», որ 68 տարեկան դառնա: Ի՞նչ անեինք, արհեստականորեն պարտադրեի՞նք, որ մասնակցեր ընտրություններին: Դա մեր գործելաոճը չէ: Թող ԵԽԽՎ պատվիրակները գնային ու Տեր-Պետրոսյանին համոզեին, որ 68 տարեկանը լավ տարիք է նախագահի թեկնածու առաջադրվելու համար»:

«Հրապարակ»-ը գրում է. - «ՀԱԿ-ում ընթացող խմորումները չեն դադարում: Մի կողմից ուզում են ՀԱԿ-ը վերածել կուսակցության, մյուս կողմից` ընդդիմադիր կենտրոնը դեպի իրենց տեղափոխել ցանկացողներն էլ քիչ չեն, ովքեր ամեն ինչ անում են, որ անհնազանդները դուրս գան ՀԱԿ-ից, տակը մնացածներով ստեղծեն կուսակցություն, որից հետո արդեն կյանքի կկոչեն ռուսաստանաբնակ Սմբատ Կարախանյանի պրոյեկտը, ըստ որի` կմիանան ՀԱԿ եւ ԲՀԿ արմատական բեկորները: Սակայն մյուս կողմից էլ ո'չ Պետրոս Մակեյանը, ո'չ Սոս Գիմիշյանը, ո'չ Հրանտ Բագրատյանը, ո'չ Նիկոլ Փաշինյանը չեն ցանկանում առայժմ դուրս գալ ՀԱԿ-ից եւ ՀԱԿ-ի գործը հեշտացնել: ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու գաղափարը Կոնգրեսի քաղխորհրդում քննարկվել է դեռ մեկ տարի առաջ ու հավանության չի արժանացել: Ինչով կավարտվեն ներկա զարգացումները, առայժմ անհայտ է»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը զրուցել է «փուչիների գործով» մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի հետ, ով պետք է ենթարկվեր վիրահատության: Լրագրողը հարցնում է. - «Ձեզ գումարով օգնեցին մի շարք քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ, նաեւ պայթյունի հետեւանքով տուժած երիտասարդները: Ի վերջո, ՀՀԿ-ից որեւէ կերպ ձեզ գոնե առաջարկեցին»: Պատասխան. - «Դե մեծամասնությունը լրագրողներն են օգնել: ՀՀԿ-ից էլ դե բան չեղավ»: Հարց. - «Որոշե՞լ եք, թե ում եք ընտրելու»: Պատասխան. - «Մեր մոտ գիտե՞ք ոնց է: Մեր մոտ 50 տարվա հայաթ ա, 50 տարվա շենք ա, հարեւանություն, բարեկամություն ա: Իրար հետ որոշում ենք եւ ընդհանուր ընտրում ենք: Չնայած դե պարզ է էլի ամեն ինչ»: Հարց. - «Եթե որոշեն Սերժ Սարգսյանին ընտրել, դուք է՞լ կընտրեք նրան»: Պատախան. - «Հա, բա ի՞նչ պետք է անեւմ: Ոնց որ ժամանակին եմ Սերժին ընտրել, տենց էլ հիմա կընտրեմ: Պետք է ընտրենք, բա ի՞նչ պետք է անենք»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG