Մատչելիության հղումներ

Հունվարի 18-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Նախագահական այս ընտրությունները մի առանձահատկություն էլ ունեն՝ այս օրերին ամենաանհեթեթ կոչերն ենք լսում եւ ամենաարտառոց նախաձեռնություններին ենք ականատես: Մեկը հացադուլ է անում, մյուսը պահանջում է վերացնել ընտրագրավը, երրորդն ասում է՝ գնացեք քվեարկության, եւ քանի որ չկա «բոլորին դեմ» տողը, անվավեր դարձրեք քվեաթերթիկը ոչ պատշաճ քվեարկությամբ, չորրորդը բոյկոտ է քարոզում: Ես այս բոլոր առաջարկները, թող ինձ ներեն դրանց հեղինակները, համարում եմ ապակառուցողական, հակաօրինական, քաղաքացիական հասարակության եւ գիտակցության ձեւավորման համար վնասակար: Ի վերջո, եթե մի կողմ թողնենք սենտիմենտները, ի՞նչ է ընտրությունը: Միջոցառում, որի ժամանակ դուք ստիպված եք ձեզ ներկայացված ներկապնակից ընտրել մի բան: Դա կյանքի ու կողակցի ընտրություն չէ, ճակատագրի ու մասնագիտության ընտրություն չէ»:

«Հայոց Աշխարհ»-ը տեղեկացնում է. - «Հանրապետության նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ քննարկել են առաջիկա նախագահական ընտրությունների քարոզարշավի կազմակերպչական հարցեր: Գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունվարի 21-ից Երեւանի Ավան վարչական շրջանից, որից հետո այն շարունակվելու է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում: Այլ ուղղությունների մասին խոսելը ՀՀԿ խոսնակը վաղ համարեց, սակայն ընդգծեց, որ ՀՀԿ-ի քարոզչական խմբերը կլինեն հանրապետության բոլոր բնակավայրերում»:

«Իրավունք»-ի հետ զրույցում Ազգային ժողովի գիտության, կրթության մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Արտակ Դավթյանը (ՀՀԿ) ասել է. - «Ես ընդհանրապես բացառում եմ երբեւիցե «Մարտի 1»-ի իրադարձությունների կրկնությունը մեր հանրապետությունում, որովհետեւ կարծում եմ, որ մենք բավականաչափ խելացի ենք, որպեսզի թույլ չտանք նմանատիպ ողբերգական դեպքերի կրկնություն: Սա` ոչ միայն այս նախագահական ընտրություններ հետ կապված, այլ ապագայում` նույնպես: Մենք մեր պատմությունից բավականաչափ դասեր քաղում ենք, ու նաեւ դասեր քաղելն է պատճառը, որ դա չի կրկնվի: Ինչքան էլ ճիշտ է, որ պիտի փորձես ուրիշների սխալների վրա սովորել, բայց այդպես չէ. կյանքը, կարծում եմ, ամենալավ ուսուցիչն է, ու նաեւ մեր պատմությունն էլ մեզ համար ամենալավ ուսուցիչն է… Մի խոսքով` բացառում եմ, որ երբեւէ այդպիսի դեպքեր կլինեն»:

ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մաղթել էր իր թիմակիցներին, որ խոսքից գործի անցնեն: «Առավոտ»-ի հարցին` Ձեր քաղաքացիական փաստաթուղթը արդյոք կարելի՞ է դիտարկել այդ շրջանակներում, որ Դուք հետեւում եք այդ հորդորին, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ չի ուզում քաղաքացիական փաստաթղթի փակագծերը բացել: Լրագրողի հարցին` դրանից կարելի՞ է եզրակացնել, որ Դուք, ինչպես նշել եք` պատասխանատվություն զգալով հրապարակում Ձեր խոստումների համար, ուզում եք առաջնորդել ընդդիմադիր զանգվածին` նա պատասխանել է. - «Ես ցանկանում եմ հավատարիմ մնալ այն խոստմանը, որ առավելագույն ջանքեր եմ գործադրելու` Հայաստանում իրական փոփոխությունների հասնելու համար: Եվ հույս ունեմ, որ բոլոր շահագրգիռ քաղաքացիները նույնպես ջանք կգործադրեն, եւ մենք մեր ջանքերը համադրելով, մեկտեղելով` կհասնենք քաղաքական արդյունքների եւ այո', իշխանափոխության: Ավելի ճիշտ, նույնիսկ իշխանափոխության մասին խոսք չի կարող գնալ, որովհետեւ իշխանափոխության համար պետք է լինի իշխանություն: Հայաստանում քանի որ իշխանություն չկա, այլ կա բռնազավթած վարչախումբ, խնդիրը Հայաստանում օրինական իշխանություն հաստատելու մասին է»:

«Ժողովուրդ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու այցը հայկական կողմի համար կարելի է հաջողված համարել: Իվանիշվիլին գոնե հրապարակային մակարդակով միանգամայն դրական հայտարարություններ արեց, որոնք, բացի հայ-վրացական բարեկամության մասին ծեծված ճառասացությունից, պարունակում էին բավականին կոնկրետ խոստումներ` կոնկրետ ծրագրերի մասին: Առաջինը, անշուշտ, վերաբերում է աբխազական երկաթուղու վերաբացմանը: Հաջորդ կարեւոր հարցը վերաբերում է ջավախահայությանը: Այստեղ էլ Իվանիշվիլու` մինչեւ այդ տված խոստումները իրականացնելու հրապարակային պատրաստակամությունը հուսադրող է: Սակայն վերը թվարկած դրական միտումները մի տեսակ չափազանց շատ են մեկ այցի համար ու չափազանց դրական են իրականություն լինելու համար: Արդյո՞ք Իվանիշվիլին կիրականացնի Հայաստանում հնչեցրած իր բոլոր խոստումները, թե՞ դրանք իր իսկ բնորոշմամբ` «անփորձ քաղաքական գործչի» էմոցիոնալ խոսքեր են, պարզ կդառնա առաջիկայում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG