Մատչելիության հղումներ

Հունվարի 17-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը տպագրել է iLur լրատվական կայքին Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցը։ Լրագրողը հարցնում է. - «Նախագահի թեկնածու չառաջադրվելով, Դուք փաստորեն հրաժարվել եք իշխանության դեմ պայքարից»: Պատասխան. - «Եթե իշխանության դեմ պայքարը առաջադրվելու կամ չառաջադրվելու մեջ է, ապա պետք է ընդունել, որ Հայաստանում այդ առումով ամենաշատը պայքարել են Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը եւ Արտաշես Գեղամյանը, որոնցից յուրաքանչյուրը, եթե չեմ սխալվում, արդեն երեք-չորս անգամ է առաջադրվել»։ Հարց. - «Եթե չէիք առաջադրվելու, ապա ինչո՞ւ մեկ-երկու տարի առաջ արժանի փոխարինող ասպարեզ չբերեցիք»: Պատասխան. - «Այդ առթիվ գուցե տեղին է հրապարակայնացնել Վանո Սիրադեղյանի հետ կապված մի ուսանելի դրվագ: ՀՀՇ վարչության նիստերից մեկում ընթացող քննարկման ժամանակ Վազգեն Մանուկյանը, չդիմանալով Վանոյի լուրջ փաստարկներին, հունից դուրս եկավ ու գոռաց. - «Վանո, ո՞նց ես հետս վիճում, չէ՞ որ ես եմ քեզ քաղաքական գործիչ դարձրել»: - «Բա ինչի՞ Խաչիկ Ստամբոլցյանին չկարացար դարձնել», - վայրկենապես հակադարձեց Վանոն, ինչից Վազգենը պարզապես գունատվեց ու պապանձվեց: Առակս ցուցանե, որ ընդդիմության դաշտում ոչ ոք ոչ ոքի չի կարող քաղաքական գործիչ կամ առաջնորդ դարձնել. քաղաքական գործիչ կամ առաջնորդ դառնում են, այլ ոչ թե դարձնում»:

«Առավոտ»-ը զրուցել է Դավիթ Շահնազարյանի հետ: Նա ասում է. - «Ըստ էության, Միասնական շտաբ կազմող ուժերը բոյկոտեցին ընտրությունները, դեռեւս պարզ չէ՝ ակտի՞վ է այդ բոյկոտը, թե՞ պասիվ: ԲՀԿ-ն թեկնածու չառաջադրեց, որովհետեւ հստակ զգուշացվեց, որ նախագահական ընտրություններում իշխանությունն արդեն հնարավորություն չի տալու կիրառել այն մեթոդները, որոնք այդքան ձայներ էին ապահովել մայիսի ԱԺ ընտրություններում: Նկատի ունեմ՝ ձայներ գնելը, քաղաքական բարեգործությունը, ճնշումները ընտրողների եւ թեկնածուների նկատմամբ եւ այլն: Կարծում եմ, որ ԲՀԿ-ն հաշվի առավ նաեւ այն իրողությունը, որ ՀԱԿ-ն այլեւս ի վիճակի չէ շարունակել ԲՀԿ-ին ներկայացնել ոչ միայն որպես միակ փրկիչ եւ «հայաստանածին կուսակցություն», այլեւ ընդհանրապես որպես քաղաքական ուժ եւ նրա օգտին զոհաբերել իր համակիրների ձայները, քանի որ ՀԱԿ-ն արդեն հասարակական վստահության լուրջ խնդիր ունի»:

«168 ժամ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի իշխանությունները, ըստ ամենայնի, վերջնականապես ընտրություն են կատարել եվրաինտեգրացիա՞, թե՞ Եվրասիական միություն երկընտրանքում, ու այդ ընտրությունը վերջինիս օգտին է: Վերջին օրերի իրադարձությունները վերջնականապես ցրեցին անցած տարեվերջին որոշակի շրջանակներում ձեւավորված այն տպավորությունները, որ Հայաստանը կարող է փոխել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը եւ, պոկվելով Ռուսաստանից, գնալ դեպի Եվրամիություն: Արտաքին քաղաքականության դիրքորոշման նման հստակեցումը, ի դեպ, կարող է որոշակի փոփոխություններ մտցնել նաեւ Հայաստանի իշխանական համակարգի կառուցվածքում: Այդ հնարավոր փոփոխությունների արտաքին «ցուցիչներն» արդեն տեսանելի են գոնե իշխանական վերնախավի ներկայացուցիչների համար»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Ինչքան էլ Սերժ Սարգսյանը հեշտությամբ վերահաստատվի նախագահի պաշտոնում, միեւնույն է՝ չի կարողանալու Հայաստանում լիովին մոնոլիտ վիճակ ձեւավորել եւ հաստատել բացարձակ կամայականության սկզբունքով գործող իշխանական համակարգ: Նախ՝ Հայաստանում տեղի են ունեցել հասարակական փոփոխություններ, տեխնոլոգիական փոփոխություններ, հասարակության ինֆորմացիոն կոմունիկացիաներն են հարստացել, կա 33 տոկոս ինտերնետ հասանելիություն, ինչը փաստացի ապահովում է ինֆորմացվածության բոլորովին այլ մակարդակի եւ միտումների փուլում գտնվող հանրության առկայություն: Դրան գումարվում է այն, որ այդ միջավայրում արդեն իսկ կան կայացած քաղաքացիական խմբեր, որոնց գործունեությունն արգելափակելը իշխանության համար լինելու է շատ դժվար: Մյուս հանգամանքն այն է, որ Հայաստանը կտրված, մեկուսի կղզի կամ քարանձավ չէ, այլ աշխարհի մաս, որտեղ եւս տեղի են ունենում մեծ վերափոխումներ՝ թե' քաղաքական, տնտեսական, թե' քաղաքակրթական իմաստով: Հայաստանում իշխանությունը լիակատար բացարձակության ռեսուրս պարզապես չունի, որքան էլ մեծ է դրա ցանկությունը: Այդ ռեսուրսը կարող է լինել միայն հուսահատված, հիասթափված, թևաթափ հասարակությունը, որը կյանքը չի պատկերացնում առանց իրենց սպառած կուսակցությունների ու ուժերի և ունակ չէ ինքնակազմակերպվել և ձևավորել ժամանակի պահանջներին ու միտումներին առավել ներդաշնակ ընդդիմադիր համակարգ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG