Մատչելիության հղումներ

Հունվարի 10-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանության» հետ զրույցում քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանն ասում է. - «Մարդիկ մեծ հաշվով այս ընտրություններին գալու մոտիվացիա չունեն: Իշխանությանը ընտրող մարդիկ չեն գա ընտրության, քանի որ իշխանության թեկնածուն լուրջ մրցակից չունի, ուստի կաշվից դուրս գալու խնդիր չի առաջանա: Ընդդիմադիր քաղաքացիները նույնպես չեն գա, որովհետեւ չկա ուժեղ կոնսոլիդացնող ընդդիմադիր թեկնածու: Իշխանության գլխավոր խնդիրը պետք է լինի մարդկանց բերել տեղամաս եւ 85 տոկոս ձայն ապահովել»: Հարց. - «Սպասո՞ւմ եք քարոզարշավի մեկնարկին»: Պատասխան. - «Չեմ սպասում` անկեղծ ասած: Այդ էտապը չսկսված` կարելի է սպառված համարել: Ինձ համար ավելի հետաքրքիր են հետընտրական գործընթացները, իշխանության եւ ընդդիմության վարքագիծը: Երբ քաղաքական օրակարգ չկա, քարոզարշավն էլ իմիտացիոն բնույթ է կրելու»:

«168 ժամ»-ը զրուցել է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Համաձա՞յն եք ՀԱԿ-ի վերջին որոշմանը որեւէ թեկնածու չառաջադրելու եւ որեւէ մեկին չսատարելու մասին»: Պատասխան. - «Իմ համաձայնել-չհամաձայնելու խնդիրը չէ: Հերթական անգամ ապացուցվեց, որ ՀԱԿ ասելով` պետք է հասկանալ միայն Տեր-Պետրոսյան: Տեր-Պետրոսյանի չմասնակցելու հայտարարությունից հետո որեւէ այլ անելիք չկար, ուղղակի փորձել են պայքարից հրաժարվելու համար ինչ-որ նոր բացատրություն գտնել»: Հարց. - «Հասարակության մեջ արդեն տրամադրություններ կան` բոյկոտելու ընտրությունները: Արդեն ամենատարածված արտահայտություններից են, օրինակ, «իմ քվեաթերթիկի վրա լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը», կամ նշում են անգամ Չաք Նորիսի անունը»: Պատասխան. - «Որպեսզի այդպես լինի, անհրաժեշտ կլինեն կազմակերպչական եւ քարոզչական լուրջ ջանքեր, որովհետեւ դրանց բացակայության դեպքում որեւէ տեսանելի էֆեկտ չի լինի: Առանց կազմակերպչական ջանքերի գործադրման, ամենահավանականն այն է, որ կլինի ընտրություններին մասնակցության շատ ցածր տոկոս: Մինչդեռ ձեր ասածը կարող է բոյկոտի ռազմավարության մի տարրը լինել»:

Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին «Հայոց Աշխարհ»-ը հարցնում է. - «Եթե փետրվարի 18-ին չկատարվի ձեր` նախագահ դառնալու ակնկալիքը, անակնկալի կգա՞ք»: «Ոչ, Աստված իրենց հետ: Եթե մենք իրար չենք սիրում, ուրեմն մենք մեկմեկու արժանի չենք: Նախագահ դառնալիս կուրախանամ ձեզ համար, չդառնալու դեպքում կտխրեմ, որ ձեր մեջ չիշխեց առողջ բանականությունը: Բայց խոսքն իմ մասին չէ, այլ ճանապարհ անցած ու ծրագիր ունեցող մարդու: Եթե դուք աթոռապաշտներին եք ձայն տալու, ուրեմն ես ձեզ համար միայն կցավեմ», - պատասխանում է Հայրիկյանը:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցնում է. - «Ընտրական տեղամաս հանդիսացող կրթական հաստատություններից հանվելո՞ւ են Սերժ Սարգսյանի դիմանկարները, որ առկա են միջանցքներում կամ խորհրդանիշների անկյունում»: Պատասխան. - «Յուրաքանչյուր դեպքում պետք է լինի առանձնահատուկ մոտեցում: Մենք ունենք թիվ մեկ կանոնը, որ տեղամասային կենտրոններում քարոզչական բնույթի նյութեր չի կարելի փակցնել: Տեղամասային կենտրոններում լինելու են համապատասխան պաստառներ, Ընտրական օրենսգրքի պահանջով, որ պարունակելու են թեկնածուների լուսանկարները եւ նրանց ինքնակենսագրականները: Իսկ մնացած ցանկացած դրսեւորում, յուրաքանչյուր դեպք պետք է քննարկվի առանձին»: Հարց. - «Հիմա պե՞տք է հանվեն, թե՞ ոչ»: Պատասխան. - «Նորից եմ ասում` յուրաքանչյուր դեպքում կքննարկվեն կոնկրետ փաստական հանգամանքները` հիմնառանցք ունենալով մեկ կարեւորագույն խնդիր, որ տեղամասային կենտրոնում չպետք է լինեն քարոզչական բնույթի նյութեր»:

«Առավոտ»-ի թղթակիցը Արտաքին գործերի նախարարության ՆԱՏՕ-ի նախկին բաժնի վարիչ Մարթա Ավագյանին հարց է ուղղում. - «ՀՀ իշխանություններին կհաջողվի՞ խուսափել կամ ԵՄ կամ Եվրասիական միություն ընտրությունից, կհաջողվի՞ մանեւրել»: Պատասխան. - «Վաղ թե ուշ Հայաստանը ստիպված է լինելու հստակեցնել իր դիրքորոշումը եւ ընտրություն կատարել: Արդյոք արդեն դրվա՞ծ է նման ընտրության ֆորմալ պահանջ, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել, բայց այդ պահանջը ենթադրվել է ի սկզբանե, եւ այսօրվա իրականությունն այնպիսին է, որ այդ ընտրությունը նախ եւ առաջ վերաբերելու է ոչ թե Արեւմո՞ւտք, թե՞ Ռուսաստան կողմնորոշման, այլ անկախությո՞ւն, ինքնիշխան համագործակցությո՞ւն, թե՞ բացարձակ հպատակություն խնդրին: Ներկայիս Ռուսաստանը երբեք չի հանդուրժի հորիզոնական հարաբերություններ արդի Հայաստանի հետ, իսկ Արեւմուտքի համար ՌԴ-ից վերջնականապես, արդեն իսկ ինստիտուցիոնալ ձեւով վասալային կախվածության մեջ հայտնված Հայաստանը ոչ միայն ոչ մի հետաքրքրություն այլեւս չի ներկայացնի որպես գործընկեր, այլ նաեւ կդիտարկվի որպես տարածաշրջանում լարվածության մշտական աղբյուր, իսկ որոշակի զարգացումների դեպքում՝ նույնիսկ անվտանգության սպառնալիք»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG