Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 27-ի մամուլ




«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք․ - «Քաղաքական մի մեծ փուլ ավարտվեց, գուցե նույնիսկ պատմական մի շրջան: Չեմ բացառում, որ հետագայում համոզվենք, որ ավարտվեց ոչ միայն այն, ինչ սկսվել էր 2007-ից, այլեւ ավելի մեծ տեւողության մի հատված: Այսպիսի պահերին կարեւոր է դառնում... ոճը եւ ճաշակը՝ ճիշտ պահին կարճ դադար վերցնելու, ճիշտ խոսքեր ասելու եւ ճիշտ ժեստեր անելու, ճիշտ տոնայնությունն ու ռիթմը: Ոճը տվյալ դեպքում հասարակության հասունության ցուցիչ է: Անզուսպ ողբն ու անթաքույց հեգնանքը հավասարապես անոճ են եւ գռեհիկ: Մանավանդ, եթե իրավիճակը ստեղծված է մի գործչի քայլի հետեւանքով, ում համար զսպվածությունը եղել է կարեւորագույն որակ՝ մարդկային եւ քաղաքական: Ինչ-որ առումով անտեղի են նույնիսկ հապճեպ վերլուծականները եւ խելացի մեկնաբանությունները՝ դրանք մեծամասամբ վկայում են մեկնաբանողի` իրեն վայրկյան առաջ մեյդան գցելու ցանկության մասին»:

«Առավոտ»-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը ասում է․ - «Ոչ մի կապ չուներ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ունի, թե չունի ՀՀ քաղաքացու թիկունքը: Ես միանշանակ կարծում եմ, որ ունի, եւ ավելին ունի, քան Սերժ Սարգսյանը: Եվ ես չեմ կարծում, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի կալիբրի քաղաքական գործիչն ասում է՝ ես այս ընտրություններում չեմ առաջադրվելու, նա դուրս է գալիս քաղաքական արենայից ընդհանրապես: Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ մարդը չէ, նա երբեք դուրս չի գա քաղաքականությունից: Կուզենա մասնակցել ընտրություններին, թե չի ուզենա՝ նա կմնա Հայաստանի, Հարավային Կովկասի, ինչու ոչ՝ աշխարհի քաղաքագետների մեջ՝ որպես առանձնահատուկ երեւույթ: Բացառված չէ, որ վաղը-մյուս օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը կվերադառնա իշխանության:»։

«Հայոց աշխարհ»-ում կարդում ենք․ - «Անշուշտ Տեր-Պետրոսյանը հեղափոխական վերափոխումների դարաշրջանի ծնունդ էր, ուստի 1988-ի մայիսին դառնալով «Ղարաբաղ» կոմիտեի գործուն անդամ, ստիպված էր հանդես գալ համապատասխան կարգախոսներով։ Թե որտեղի՞ց էր Տեր-Պետրոսյանը վերցրել իր «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»-ը, դժվարանում ենք միանշանակորեն եզրակացնել, քանի որ այդ կոչի մեջ կարծես թե միախառնված են մեր ազգային «Հարատեւ կռիվն» ու լատինամերիկյան հեղափոխականներին բնորոշ նույնիմաստ կարգախոսները։ Այնուհանդերձ անկախ դարաշրջանի «պարտադրած» նման կարգախոսներից, Տեր-Պետրոսյանը երբեք էլ հեղափոխական չդարձավ եւ միշտ էլ վերջին պահին «հետադարձի» տեղ թողեց»։

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք․ - «Ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ բոյկոտը կարող է ինչ-որ նշանակություն ունենալ որեւէ երկրի, ժողովրդի կյանքում, քաղաքացիական հասարակության եւ ընտրական համակարգերի կայացման առումով: Իբր ի՞նչ՝ Սերժ Սարգսյանը պետք է ամոթից մեռնի՞, որ հասարակությունը չի գնում ընտրությունների, եւ ինքն ընտրվում է ՀՀԿ-ական քվեների շնորհիվ: Պետք է խղճի խա՞յթ ունենա երկրի քաղաքական դաշտն ամայացնելու համար՝ այնպես, որ քիչ թե շատ ազդեցիկ մրցակից չի մնացել երկրում: Պետք է խղճա՞ ընդդիմությանը, որը զրկվել է հենարանից ու հայտնվել ողբալի վիճակում: Բոլորովին: Վստահ եմ, որ նախագահականի վերլուծաբաններն այս իրավիճակը որպես փայլուն հաղթանակ են գնահատում եւ հպարտանում իրենց գործած ավերածություններով: Հակառակ պարագայում Ծառուկյանին չէին ստիպի հրաժարվել առաջադրվելու մտադրությունից, Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի վրա այդպես հետեւողականորեն չէին աշխատի, մեյդան չէին բերի տարբեր էպոսագետների ու «նուռերի», որոնք նախագահի հաստիքային թեկնածուների կարգավիճակում կապահովեն քվեաթերթիկում մի քանի անունների առկայությունը եւ պայքարի իմիտացիան»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է․ - «Դաշնակցությունը նույնպես որոշեց նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրել։ Եթե մի կողմ թողնենք ավելորդ «քաղկոռեկտությունը» եւ իրերը կոչենք իրենց անուններով, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից չի ունենալու։ Ընդ որում՝ այն, որ քաղաքական դաշտի հիմնական խաղացողները հրաժարվեցին պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, ամենեւին չի նշանակում, թե նա ամենահզոր քաղաքական գործիչն է։ Հզորը տոտալ ահաբեկչության եւ ընտրակեղծիքների կատարելագործված համակարգի այն համադրությունն է, որի դեմ պայքարելն այս պահին իսկապես անիմաստ է։ Արդյունքում՝ Հայաստանում բացառիկ իրավիճակ է ստեղծվել․ հասարակության 80 տոկոսը զզվում է գործող իշխանություններից, բայց Սերժ Սարգսյանը մրցակից չունի եւ դառնալու է նախագահ։ Այս իրավիճակի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ «վերընտրվելու» հարցում պրոբլեմ չունեցող եւ օրը մի վետերոկում հաղթանակը նշող Սերժ Սարգսյանն այլեւս որեւէ մեկի նկատմամբ պարտավորություն չունի, այսինքն՝ ինչ-որ իմաստով նա լիակատար ազատություն է ստացել»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG