Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 26-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է․ - «Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը երկրում նոր իրավիճակ ստեղծեց: Ոմանք եզրակացրին, որ ավարտվեց Տեր-Պետրոսյանի էպոխան: Այո, քաղաքագետներն ու պատմաբանները դեռ կտան այդ էպոխայի գնահատականը եւ արժանին կմատուցեն ՀՀ առաջին նախագահի ֆենոմենալ անձին ու մեր երկրի պատմության մեջ խաղացած անուրանալի դերին: Բայց այսօր դեռ պատմագիտական գնահատականներ տալու ժամանակը չէ: Այսօր երկրում կատարյալ շփոթ է ու ապագայի նկատմամբ թերահավատություն: Միակ բանը, ինչում կարելի է մեղադրել ՀԱԿ առաջնորդին, իր որոշման մասին հայտարարությունը աններելիորեն ուշացնելն է: Եթե այս հայտարարությունը հնչեր ամիսներ առաջ, ընդդիմության դաշտում այսօր բոլորովին այլ իրավիճակ կլիներ: Որքան էլ թույլ ու ֆինանսապես տկար, որքան էլ անմիաբան ու պառակտված, այդ դաշտն իր մեջ ուժ կգտներ համախմբվելու եւ ՀՀ նախագահի 2013-ի ընտրություններին ուղղված միասնական որոշում կայացնելու համար: Եթե այս առումով գնահատելու լինենք ԲՀԿ-ՀԱԿ «սիրախաղերն» ու «Գագիկ Ծառուկյան-նախագահի թեկնածու» նախագիծը, այն այդքան էլ անմեղ չէր եւ իր բացասական հետեւանքն ունեցավ երկրի ու մեր քաղաքական դաշտի համար»։

Նույն թեմային է անդրադարձել նաեւ «Հայոց աշխարհ»-ը․ - «Հայ ազգային կոնգրեսը որբացավ: Նրա առաջնորդը` Տեր-Պետրոսյանը, որոշել է չառաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, եւ ընդհանրապես, դատելով նրա հարցազրույցից, վերջնականապես հեռանում է քաղաքականությունից: Չառաջադրման պատճառը թեեւ շատերին անհասկանալի է, սակայն Տեր-Պետրոսյանի համար «ամենահիմնական փաստարկն» է. «Ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերեւս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է»: Այնպես որ. «Զարգացած ժողովրդավարական երկրներում այդպիսի բան տեղի չի ունենում»,-երեկ թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարեց ՀԱԿ առաջնորդը: Պարզվում է, Տեր-Պետրոսյանը կես տարի լուռ մտորում էր իր տարիքի մասին, գցում-բռնում էր, թե արժե՞ 68 տարեկանում առաջադրվել: Պարզվում է նաեւ, որ ՀԱԿ առաջնորդը այժմ Հայաստանը համարում է «զարգացած ժողովրդավարական երկիր», այնինչ 2007-ի աշնանից մինչեւ այս տարվա մայիս ամիսը շարունակում էր պնդել, որ մենք ապրում ենք «ավազակապետության» մեջ, ինչը կազմաքանդելու նպատակով էլ հինգ տարի առաջ խախտեց 10-ամյա «լռության ուխտն» ու անդորրը եւ վերադարձավ մեծ քաղաքականություն»։

«Ժամանակ»-ը զրուցել է Կոնգրեսի մաս կազմող ՀԺԿ կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանի հետ։ Լրագրողը հարցնում է․ - «Կարծիք կա, թե մի քանի ուժեր միասին ընտրությունները բոյկոտելու տարբերակն են ընտրել»։ Պատասխան․ - «Իմ կարծիքով՝ ընտրություններն ընդհանրապես պետք է բոյկոտել, որովհետեւ մեր երկրում ընտրություն չի լինում։ Թե՛ համապետական, թե՛ ՏԻՄ ընտրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում ընտրություն չի լինում։ Եվ ճիշտ կլիներ, որ այս իրավիճակում որեւէ մեկը չմասնակցեր, որովհետեւ մեր երկրում այսօր 1 մլն 600 հազար ընտրող չկա։ Երբ ընտրություններն ամփոփվում են ու ներկայացնում են, թե այդքան մարդ է մասնակցում, դա բացարձակ ծաղր է ընտրություն կոչված միջոցառման նկատմամբ։ Այդպիսի մոտեցմամբ ընտրություն չի կարող լինել, եւ երկիրը երկիր չի դառնա։ Բոյկոտը լուրջ քայլ կլինի, եւ դրանով ցույց կտրվի, որ որեւէ մեկը չի հավատում այդ ընտրություն կոչվող միջոցառմանը, եւ որ պետք էլ չէ մասնակցել այդպիսի ֆարսի։ Դա էլ է քաղաքական քայլ»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ում կարդում ենք․ - «Դասական իմաստով՝ Հայաստանում իրավիճակը ֆորսմաժորային էր 1990-92 թվականներին, երբ Խորհրդային Միությունը փլուզվել էր, բոլոր ենթակառուցվածքները միանգամից կաթվածահար էին եղել, երկրում լիակատար անիշխանություն էր՝ իշխանական կառույցները չէին գործում, փողոցներում թրեւ էին գալիս զինված բանդաները, Հայաստանն էլ ստիպված մտել էր պատերազմի մեջ՝ չունենալով ոչ զենք-զինամթերք, ոչ կանոնավոր բանակ։ Բայց մի՞թե իրավիճակը պակաս ֆորսմաժորային է այսօր, երբ ամեն տարի երկրից արտագաղթում է բնակչության 3-4 տոկոսը, եւ երբ Ադրբեջանի տնտեսական ու ռազմական պոտենցիալը Հայաստանի համեմատ աճում է ահագնացող տեմպերով»։

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է նախագահի թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանի հետ։ Լրագրողը հարցնում է․ - «Այս իրավիճակում, երբ արդեն հայտնի է, որ առաջին նախագահը չի առաջադրվելու, ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերն առաջիկա նախագահական ընտրություններում»: Պատասխան․ - «Ես իմ շանսերը բարձր եմ գնահատում»։ Հարց․ - «Ձեր կարծիքով, հնարավո՞ր է նոր համաժողովրդական շարժում ձեւավորել»: Պատասխան․ - «Կփորձեմ, բայց դա ռեալ չեմ համարում ժամանակի սղության պատճառով: Ես իմ խնդիրն եմ տեսնում` ժողովրդին պատմել, բացատրել, թե ինչպես պետք է կառուցել մեր երկիրը: Նաեւ ես ներողություն եմ խնդրում մյուս լրատվամիջոցներից, սա իմ վերջին հանպատրաստից հարցազրույցն է, դրանք նվազագույնի են հասցվելու, շուտով այդ հարցով կզբաղվեն համապատասխան լիազորված մարդիկ»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG