Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 15-ի մամուլ


«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Եվ այսպես, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշեց չառաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, ավելին` նրա ղեկավարած կուսակցությունը չի սատարելու որեւէ թեկնածուի: Այս որոշումը իրարամերժ կարծիքների ու շահարկումների տեղիք տվեց, եւ դրանք կշարունակեն հնչել ընդհուպ մինչեւ ընտրությունների օրը: Որոշ ուժեր հիասթափություն ապրեցին, ոմանք «ըմբռնումով մոտեցան» եւ այլն: Սա այլ հարց է: Սակայն եթե ԲՀԿ-ն` որպես կուսակցություն, հրաժարվում է սատարել որեւէ թեկնածուի, նույնը չի կարելի ասել ԲՀԿ-ի 400-500 հազարանոց ընտրազանգվածի մասին, որը հիմա կանգնած է ընտրության առջեւ: Եթե ԲՀԿ-ն ունենար սեփական գաղափարախոսություն, եւ նրա ընտրազանգվածը լիներ այդ գաղափարախոսությունը կրողը, կուսակցությունն այս առումով կլիներ հարաբերականորեն միասնական իր դիրքորոշումների եւ գործողությունների մեջ: Բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն գաղափարական կուսակցություն չէ: Հենց այս պատճառով էլ նրա ընտրազանգվածը բազմաշերտ է, եւ յուրաքանչյուր շերտ ուներ կամ ունի իր ակնկալիքները»:

«Ժամանակ»-ի թղթակիցը ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանին հարցնում է. - «Գագիկ Ծառուկյանը առաջադրվում էր մրցակցային իրավիճակ ստեղծելո՞ւ, թե՞ ընտրվելու համար»: Պատասխան. - «Քաղաքական ցանկացած գործընթաց ունի իր դիալեկտիկան: Գագիկ Ծառուկյանի առաջադրումը կարող էլ լինել ԲՀԿ-ի բնական դիալեկտիկան: Առաջադրվելու դեպքում էլ ընտրվում է այն մարդը, ում ընտրողը շատ աջակցություն է հայտնում: Ընտրողների համար պետք է գրավիչ լինի վաղվա եւ այսօրվա խնդիրների լուծման հետ կապված քո ասելիքը: Բայց ընտրվում ես, թե չես ընտրվում, քո ստացած ձայները ընտրողին ստիպում է հաշվի նստել այդ խնդիրները լուծելու համար»: Հարց. - «Դուք Ծառուկյանի հետ շփվել եք: Արդյոք նա նախագահ դառնալո՞ւ մտավոր եւ այլ կարողություններ ունի»: Պատասխան. - «Ես դեռ Հայաստանի համար իդեալական նախագահ չեմ տեսել, սակայն նա կարող էր լինել այն համակարգի ղեկավարը, որը կարող էր ձեռնամուխ լինել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. Առաջադրվելու-չառաջադրվելու, հայտարարելու-չհայտարարելու «երիցուկի» հերթը այժմ հասել է ՀԱԿ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մինչեւ որ որոշումը չընդունվի, դիտումներ որսացող կայքերը, վկայակոչելով հավաստի աղբյուրները, օրը մեջ կամ գուցե օրը մի քանի անգամ գրելու են՝ «որոշել է առաջադրվել», «որոշել է չառաջադրվել»: Այնինչ այստեղ միակ հավաստի աղբյուրը Լեւոն Տեր-Պետրոսյանն է՝ ոչ մեկը նրա նույնիսկ ամենամոտիկ շրջապատից չի կարող հաղորդել որեւէ արժանահավատ լուր, եթե նույնիսկ արտահոսք է թույլ տալիս, ապա դա հաստատ իր, ոչ թե առաջին նախագահի նախաձեռնությունն է: Նախագահ առաջադրվելը մեզ մոտ դարձել է զուտ անձնական գործ՝ վարսավիրանոց գնալու կամ մի պարկ կարտոֆիլ գնելու համար: Քաղաքական գործունեությունը, իմ ընկալմամբ, փոքր-ինչ այլ է՝ այստեղ դու պետք է հասարակությանը բացատրես քո քայլերի տրամաբանությունը: Եթե, իհարկե, դու հույսդ դրել ես հասարակության, քաղաքացիների, ոչ թե գաղտնի բանակցությունների, խարդավանքների եւ արտասահմանյան ազդակների վրա»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Ամենավատ բանը, որ արեց Սերժ Սարգսյանը, եւ որը ՀՀԿ-ն ու իշխանությունը ներկայացնում են որպես փայլուն հաղթանակ, դա այն ներշնչանքն է, թե ինքը վաղուց եւ մեծ առավելությամբ «հաղթած ունի» ընտրություններում, ուստի, եթե որեւէ մեկն անգամ առաջադրվի, ապա պետք է պայքարի բացառապես երկրորդ տեղի համար: Ցանկացած այլ ազգի դեպքում այս հոգեբանական տեռորը էական դեր չէր խաղա, բայց ոչ հայերիս համար: Այս օրերին ես փորձում եմ հասկանալ, թե ինչու են այսպես պասիվացել քաղաքական ուժերն ու գործիչները, ինչու չեն փորձում ձեռնոց նետել երկրի նախագահին: Չէ՞ որ հասարակությունը բոլոր հիմքերն ունի գործող նախագահին չընտրելու համար. սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, արտագաղթ, գործազրկություն, հեռանկարի բացակայություն, ղարաբաղյան խնդրի փակուղի, սահմանները բացելու հարցում ոչ մի առաջընթաց, գազի թանկացում, աշխատավարձերի լճացում եւ գնաճ»:

«Ժողովրդի» մեկնաբանը գրում է. - «Սերժ Սարգսյանի շուրջ գնալով սեղմվում է օղակը. Նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ մոտենում է նաեւ խոստումներն իրագործելու ժամանակը: Իսկ Սերժ Սարգսյանը ավելի է խճճվում միջազգային հանրությանը ժամանակին տված խոստումների մեջ: Նրան ոչ մի կերպ չի հաջողվում լուծել «Եվրամիություն, թե ԵվրԱզԷս» երկընտրանքը: Մի կողմից նա չի կարող ուղղակիորեն մերժել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որն առաջարկել է Հայաստանին անդամակցել միասնական մաքսային միությանը եւ այդպես նաեւ նոր ստեղծվելիք ԵվրԱզԷս-ին: Մյուս կողմից նա չի կարող մերժել եվրոպացիներին, որոնք իրենց հերթին Հայաստանի ապագան տեսնում են ԵՄ արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: Այս օրերին աշխատանքային այցով Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան, որը ըստ պաշտոնական հաղորդագրության` Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննության կառնի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերը: Երեկ էլ միասին Երեւանում էին Շվեդիայի, Լեհաստանի եւ Բուլղարիայի ԱԳ նախարարները: Նրանք հանդիպումներ էին ունեցել եւ իշխանության, եւ ընդդիմության հետ ներկայացուցիչների»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG