Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Եթե հնարավոր լիներ կլոնավորել ակնառու թուրք մեկնաբան Օրհան Քեմալ Չենգիզին եւ բազմացնել նրա ազնիվ սիրտն ու արդար խիղճը, ապա այդ ժամանակ թուրքական կառավարությունը հնարավորություն կունենար Թուրքիայից հայկական պահանջների վերաբերյալ հանդես գալ ավելի արդարամիտ եւ մարդկային ձեւով:
Վերջերս Բեռլինի Եվրոպական ակադեմիայի հրավերով եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, Չենգիզը մի խումբ թուրք լրագրողների եւ իրավապաշտպանների հետ այցելել էր Գերմանիա: Թուրք հյուրերը մասնակցել էին «Անցյալի ծանր ժառանգությունը» խորագիրը կրող համաժողովին, որի թեման էր, թե ինչպես են այսօրվա գերմանացիները առերեսվում նացիստների իրագործած ոճրագործություններին:
Թուրքիա վերադառնալուց հետո Չենգիզը երկու ցնցող հոդված է գրում «Today’s Zaman» թերթում՝ «Կարո՞ղ է Գերմանիան Թուրքիայի համար օրինակ ծառայել անցյալի վայրագությունների հետ առերեսման հարցում» եւ «Թուրքիա ու Գերմանիայի անցյալի վայրագությունները» խորագրերով:
Չենգիզը խոստովանում է, որ մինչ իր այցը, նա կարծում էր, թե «Գերմանացիները ստիպված անդրադարձել էին իրենց անցյալին՝ արտաքին ուժերի ճնշման տակ, որոնք երկիրը ծնկի էին բերել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»: Նա ուզում էր իմանալ, թե արդյոք Գերմանիան կարո՞ղ է օրինակ ծառայել այլ երկրների համար իրենց անցյալի հետ ինքնակամ առերեսվելու համար: Ի զարմանս թուրք սյունակագրի, նա հայտնաբերում է, որ չնայած գերմանացիներն իրենց անցյալին դիմակայել են ջախջախիչ պարտությունից հետո, սակայն նրանք որոշել են նոր երկիր ստեղծել՝ «հիմնված հիշողության, ոգեկոչման եւ անցյալին դիմակայելու անվերջ գործընթացի վրա»:
Արդարամիտ թուրք գրողը «խորապես տպավորվել եւ հուզվել է» Բեռլինի մանկապարտեզներից մեկում աղյուսե պատ տեսնելով: Ամեն տարի ուսուցիչներն իրենց սաներին խնդրում են նույնացնել իրենց հրեաների հետ, ովքեր ժամանակին ապրել են իրենց հարեւանությամբ մինչեւ նացիստների կողմից սպանվելը: Հետո երեխաները աղյուսների վրա հրեական անուններ են գրում եւ մեկը մյուսի վրա տեղադրելով հուշապատ կառուցում: Նա գիտակցում է, որ «հիշողությունը Գերմանիայում դարձել է առօրյա կյանքի անբաժան մասնիկ»: Չենգիզը հուսով է, որ մի օր թուրք «երեխաները նույն բանը կանեն:
«Ես երեւակայեցի, թե Ստամբուլի երեխաները պատ են շարում՝ աղյուսների վրա գրելով 1915 թվականի ապրիլի 24-ին իրենց տներից տեղահանված եւ այլեւս երբեք չվերադարձած հայ մտավորականների անունները», - գրում է Չենգիզը։ Նա համոզված է, որ «Գերմանիայում անցյալի հետ առերեսվելու հստակ պետական քաղաքականություն գոյություն ունի․ - «Թանգարանները, ցուցահանդեսները եւ դպրոցական ծրագրերը վկայում են, թե պետական ապարատն ինչպիսի ավանդ է ներդրել այս ուղղությամբ: Այդպես, աստիճանաբար, ես սկսեցի հասկանալ, որ Թուրքիան կարող է շատ բան շահել գերմանական փորձից՝ անցյալի հետ առճակատվելու դժվարին ճանապարհին»:
Չենգիզն իր երկրորդ հոդվածում 19-րդ և 20-րդ դարերը համարձակորեն բնութագրում է որպես «ցեղասպանությունների դարաշրջան», որն իր մեջ ներառում է նաեւ Հայոց ցեղասպանությունը: Նա բացատրում է, որ ի տարբերություն մյուս ազգերի իրագործած զանգվածային ոճրագործությունների, գերմանացիների եւ թուրքերի ոճիրներն «իրենց հարեւանների դեմ էին, որոնց հետ նրանք կողք կողքի ապրել էին դարեր շարունակ․ - «Ես կարծում եմ, որ սա է գերմանական եւ թուրքական օրինակների միակ եւ գլխավոր առանձնահատկությունը …. Երբ դու սպանում ես քո հարեւաններին, դա մի սեւ փոս՝ ճեղք է առաջացնում քո ազգային ինքնության մեջ»:
Ձգտելով ընդօրինակել գերմանական փորձը, Չենգիզը հուսով է, որ նա Թուրքիայում կտեսնի հուշարձաններ՝ նվիրված «հայկական կոտորածներին, հրեաների ու հույների դեմ ուղղված ջարդերին, ինչպես նաեւ ալեվիների ու մյուսների դեմ ուղղված սպանդներին:
Երբ Թուրքիան սկսի հիշել ու հիշատակել անցյալի վայրագությունները, ապա Ահաբեկչության տեղագրության թանգարանը, որը կառուցվել է նացիստների նախկին գլխավոր շտաբի տեղում, Բեռլինի Հրեական թանգարանը եւ մյուսները լավ օրինակ կարող են ծառայել դրանց հետեւելու համար…. Թուրքիան շատ բան ունի սովորելու Գերմանիայից անցյալի վայրագությունների հետ հաշտվելու համար։
Թեեւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վաղուց է հասունացել, հաշտեցման իսկական գործընթացը կարող է սկսվել Հայոց ցեղասպանության թուրք կազմակերպիչների անունները ջնջելով դպրոցների, փողոցների եւ հրապարակների վրայից Թուրքիայի ողջ տարածքում: Թուրքական կառավարությունը պետք է նաեւ քանդի Ստամբուլում Թալեաթի խայտառակ դամբարանը՝ այն փոխարինելով Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանով: Թուրքիան պետք է նաեւ միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարի հայ զոհերի ժառանգներին՝ հրեաներին Գերմանիայի վճարումների օրինակով: Եվ, ամենակարեւորը՝ Թուրքիան պետք է հայերին վերադարձնի Արեւմտյան Հայաստանի բռնազավթած տարածքները:
Առաջին համաշխարհային պատերազմում որպես Թուրքիայի մերձավոր դաշնակից, Գերմանիան եւս պարտավորություն ունի հայերի հանդեպ՝ իր դերակատարության ճանաչումը Հայոց ցեղասպանության գործում: Գերմանիան պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից եւ հատուցի նրան: Միայն այդ դեպքում գերմանացիները լիովին արժանի կլինեն Օրհան Չենգիզի գովեստներին՝ իրենց անցյալին ազնվորեն առերեսվելու համար:
ժամանակին Թուրքիայի ցեղասպան նախադեպն է օրինակ ծառայել նացիստական Գերմանիայի համար Հոլոքոստն իրագործելիս, այժմ էլ Գերմանիայի հերթն է օրինակ ծառայել Թուրքիայի համար՝ իր ցեղասպան անցյալի հետ հաշտվելու գործում:
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան