Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 8-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «Երեկ տեղեկություն է տարածվել, որ Դուբլինում մարդու իրավունքների թեմայով տեղի ունեցած համաժողովի կուլիսներում ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը հայտարարել է, որ «Մաքսային միություն» կամ «Եվրասիական միություն» անվանումների տակ փորձ է արվում իրականացնել սովետիզացիայի ալիք։ ԱՄՆ պետքարտուղարը ասել է, որ ԱՄՆ-ը փորձում է գտնել այդ ալիքը դանդաղեցնող կամ արգելակող միջոցներ։ Եթե ԱՄՆ-ը բաց տեքստով արտահայտվում է այդ մասին, դա թերեւս նշանակում է, որ լուրջ մտահոգություններ եւ ռիսկեր է տեսնում հետխորհրդային տարածքում Ռուսաստանի սկսած, այսպես կոչված, ինտեգրացիոն գործընթացների կապակցությամբ։ Սովորաբար Միացյալ Նահանգները երբեք նման բաց տեքստերով չի արտահայտվել հետխորհրդային տարածքում իրականացվող տնտեսական կամ ռազմաքաղաքական նախագծերի վերաբերյալ։ Վաշինգտոնում եղած նախագծերը մշտապես ընկալվել են ըմբռնումով, անգամ առավել ռադիկալ հանրապետական վարչակազմերի օրոք, եւ ինչ-որ տեղ դիտվել են բնական, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծվում են որոշակի ինտեգրացիոն հարթակներ»։

Թեման շարունակում է «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը. - «Դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված արձանագրության շուրջ իրավիճակն ավելի լուրջ է, քան կարելի էր պատկերացնել։ «Եվրասիական ինտեգրացիան 21-րդ դարում» անվանմամբ ֆորումի շրջանակներում ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ ստորագրված փաստաթուղթը, որին միացել է նաեւ ՀՀԿ-ն, առաջին քայլն է Խորհրդային Միության վերականգնման ճանապարհին։ Դրան հաջորդելու է 2013-ի հունվարին հուշագրի ստորագրումը, որով, փաստորեն, կսկսվի ՀՀ-ի անդամակցությունը այդ նեո ԽՍՀՄ-ին։ «Իշխող կուսակցությունները պատասխանատվություն են կրում Եվրասիական միության ստեղծման ուղղությամբ ինտեգրացիոն գործընթացների համար», - փաստաթուղթը մեկնաբանելով ասել է «Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը։ Հատկապես ուշագրավ է, որ ՀՀԿ վերնախավում փաստաթղթի շուրջ չկա միասնական կարծիք։ Նախորդ օրը մեր թղթակիցը փորձել է ստանալ վարչապետ Տիգրան Սարգսյանի մեկնաբանությունը։ Պարզվել է` նա տեղյակ չէ փաստաթղթից։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ ասել է, թե ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվել. - «Էնտեղ պարզապես հանդիպումը արձանագրվել է մեր կողմից, որովհետեւ խնդիր է եղել նաեւ, մեր ազգային խնդիրների հետ կապված միջամտություն է եղել, այդ պատճառով հետաձգել են` հետագայում նորից քննարկելու համար...»։

«Ժողովուրդ»-ի խմբագիրը գրում է. - «Բրյուսելում արած իր հայտնի հայտարարությամբ, թե «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում», Գագիկ Ծառուկյանն ըստ էության այրեց կամուրջները։ Արդյոք դա մինչեւ վերջ հաշվարկված քայլ էր, թե եվրոպացիների կողմից «ընկալելի թեկնածու» համարվելուց չափից դուրս ոգեւորվելու արդյունք` դժվար է ասել։ Ի վերջո, գաղտնիք չէ, որ Ծառուկյանը նման ֆորմատի հանդիպումների եւ լուրջ քաղաքական բանակցությունների փորձ ու հմտություններ չունի, եւ իր բնույթով լինելով բավականին էմոցիոնալ անձնավորություն` կարող էր պարզապես տուրք տալ անկեղծության պոռթկմանը։ Առավել եւս, որ նրա այդ հայտարարությունը բացարձակ ճշմարտություն է։ Խնդիրը, սակայն, ոչ թե հայտարարության բովանդակությունն է, այլ դրա հեղինակի ինքնությունը։ Ընդ որում, ոչ միայն Ծառուկյանի բազմաթիվ ապօրինի բիզնեսների, կոռուպցիոն գործարքների արդյունքում կուտակած հարստության, այլեւ ոչ վաղ անցյալում ներկայիս կոռումպացված իշխանության ազդեցիկ մասը լինելու առումով»։

Նույն կարծիքին է նաեւ «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը. - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որ այդպես էլ չկարողացավ կողմնորոշվել՝ ընդդիմություն է, թե այլընտրանք, միանգամայն «ինքնատիպ» մարտավարություն է որդեգրել։ Եթե հակիրճ բնութագրենք ԲՀԿ-ականների մոտեցումը, ապա այն կարելի է անվանել «քաղաքական ամնեզիայի» հնարք։ Դա դրսեւորվում է հատկապես նրանով ու մանավանդ այն դեպքերում, երբ ԲՀԿ առաջին դեմքերի թունդ հայտարարությունների առնչությամբ կուսակցության ներկայացուցիչներին հիշեցնում են, որ ընդամենը ինչ-որ կես տարի առաջ իրենք իշխանություն էին։ Իշխանության մեջ լինելու մասին անգամ թեթեւակի ակնարկի դեպքում ԲՀԿ-ական զրուցակիցը հիշողության կորուստ է ունենում՝ արագորեն «մոռանալով», թե ո՛վ, ի՛նչ, որտե՛ղ, ինչքա՞ն...»։

Նույն հարցերի շուրջ «168 ժամ»-ի թղթակիցը զրուցել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ։ Լրագրողը հարցնում է. - «Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան հանդիպումների ընթացքում սկսել են խոսել նրա հնարավոր առաջադրման մասին։ Առաջադրվելու դեպքում ինչպիսի՞ն կլինեն նրա հնարավորությունները»։ Պատասխան. - «Դա կանխատեսում է։ Իհարկե, կարող է եւ առաջադրվել, եւ ինչի՞ չառաջադրվի որ։ Մասնավորապես, նախագահական ընտրություններում, երբ առաջադրումներ են լինում, դա այդպես միանշանակ չէ, որ առաջադրվում են նախագահ դառնալու համար։ Դա նպաստում է, որ թիմն ավելի ակտիվանա, ճանաչելի լինի հասարակության մեջ։ Կան տարբեր ռազմավարություններ»։ Հարց. - «Իսկ եթե Ծառուկյանը չառաջադրի իր թեկնածությունը, հավանական համարո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն կսատարի ՀՀԿ-ին»։ Պատասխան. - «Մեզ մոտ բաց է, ովքեր ուզում են սատարել, առաջարկում են, քննարկում ենք։ Այնպես որ, պրոբլեմ չեմ տեսնում։ Եթե չեն սատարի, ուրեմն` չեն սատարի։ Գիտեք, սատարելն է վտանգավոր գործիք, որովհետեւ սատարողն անմիջականորեն նաեւ վարձ է ուզում սատարման համար։ Մենք առուծախի չենք գնում»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG