Մատչելիության հղումներ

Կառուցողական քննադատություն «Հայաստան» հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի առթիվ


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր


Կցանկանայի որոշ մտորումներ անել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակի եւ նրա 15-րդ ամենամյա հեռուստամարաթոնի կապակցությամբ: Նպատակը ոչ թե Հիմնադրամի ներքին գործերին միջամտելն է, այլեւ կառուցողական քննադատության եւ առաջարկությունների ներկայացումը, որ կարող է բարելավել նրա մարդասիրական առաքելությունն ու հեղինակությունը:

Աշխարհասփյուռ հայերին ներկայացնող ընտրովի կառույցի բացակայության պայմաններում, «Հայաստան» հիմնադրամը միակ համահայկական մարմինն է, որն ընդհանուր ծածկի տակ միավորում է հայկական բոլոր քաղաքական, կրոնական եւ համայնքային կողմերը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում են՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների ղեկավարությունը, Սփյուռքի խոշոր կազմակերպությունների ղեկավարները եւ նշանավոր բարերարներ: Հետեւաբար, Հիմնադրամը կարող է ծառայել որպես մի յուրօրինակ հարթակ, ուր իրենց համընդհանուր հարցերը կներկայացնեն հայկական աշխարհի բոլոր հատվածները: Հաշվի առնելով Հիմնադրամի այս համաշխարհային եզակի դերը, հոգաբարձուների խորհուրդը ցանկության դեպքում կարող է քննարկել կազմակերպության գործունեությունների ընդլայնումը՝ իր բարեգործական գործողություններից դուրս:

Այս պահին հայության առջեւ ծառացած ամենահրատապ խնդիրը սիրիահայերի ողբերգական վիճակն է, քանի որ նրանց գոյությունը վտանգի տակ է, իսկ իրավիճակն օրեցօր ավելի վատթարանում է: «Հայաստան» հիմնադրամը եւ նրա 25 մասնաճյուղերը՝ աշխարհի տարբեր երկրներում, պետք է ավելի վաղ գործի անցնեին՝ կազմակերպելով արտակարգ հեռուստամարաթոն՝ ողջ հասույթը հատկացնելով Սիրիայում, Հայաստանում կամ այլուր գտնվող սիրիահայերի խիստ կարիքներին:

Երկարատեը ուշացումից հետո Հիմնադրամը որոշեց իր ակնկալվող գումարի 10 տոկոսը հատկացնել սիրիահայերին: Վտանգված համայնքի վիթխարի կարիքների համեմատությամբ այս չնչին տոկոսը հիասթափեցրեց շատ հնարավոր նվիրատուների: Այս անխոհեմ որոշման կայացման համար կոլեկտիվ պատասխանատվություն ստանձնելու եւ այն վերանայելու փոխարեն, Հիմնադրամի ներկայացուցիչները զբաղված էին իրար մեղադրելով եւ հանցանքը ուրիշների վրա գցելով: Երբ հասարակության բողոքներն ավելի հնչեղ դարձան, Հիմնադրամի որոշ մասնաճյուղեր դժկամությամբ 10 տոկոս մասնաբաժինը փոխեցին, որոշելով չհայտարարել թե ինչ տոկոս են նվիրելու սիրիահայերին՝ նպատակային ծրագրերի համար հատկացված գումարները հանելուց հետո: Հիմնադրամը նաեւ հնարավորություն տվեց նվիրատուներին իրենց հատկացրած գումարի 100 տոկոսը նպատակաուղղել սիրիահայերի օգնությանը: Իհարկե, ցանկալի կլիներ, եթե «Հայաստան» հիմնադրամը բոլոր նվիրատվությունները նպատակաուղղեր սիրիահայերին, բացառությամբ՝ այլ նպատակային ծրագրերի համար նվիրատուների հատկացումները:

Իրավիճակն էլ ավելի խճճվեց, երբ «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Պետրոս Թերզյանը նոյեմբերի 18-ին, Հիմնադրամի եվրոպական հեռախոսամարաթոնի ավարտին, մի անսպասելի հայտարարություն արեց: Նա շատ բարձր տրամադրությամբ խոստացավ հանգանակված 1.8 միլիոն դոլարի մի մասը հատկացնել Հալեպում հայերի տների վերանորոգման համար, պատերազմից հետո: Հարգարժան տնօրենը, հավանաբար չի գիտակցում, որ սիրիահայերն իրենց գոյատեւման համար սննդի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների շտապ կարիքը հիմա ունեն, եւ ոչ թե պատերազմից հետո, երբ հայկական համայնքը փոքրանա, իր բնակարանային կարիքների հետ միասին:

Հեռուստամարաթոնի եւ հեռախոսամարաթոնի ավարտից հետո կարելի է հիմա ուշադրություն դարձնել հայտարարված արդյունքերի մի շարք հետաքրքիր թվերի վրա: Զարմանալի է, որ Հայաստանի եւ Արցախի հայերը միասին հանգանակել են 2.5 միլիոն դոլար, մինչդեռ ամերիկահայերը նվիրաբերել են միայն 2.1 միլիոն դոլար (1.5 միլիոն դոլար եւ 600 հազար դոլար, համապատասխանաբար Արեւմտյան եւ Արեւելյան ափերից): Հեռուստամարաթոնի ավարտին հայտարարված 21.4 միլիոն դոլարն իր մեջ ներառում է բոլոր գումարները, որոնք խոստացված կամ հավաքված են տարվա ընթացքում տասնյակ երկրներում անցկացված տարբեր դրամահավաքների ժամանակ, օրինակի համար, նոյեմբերի 8-ին Մոսկվայում հայ գործարարների խոստացած 12 միլիոն դոլարը: Մեկ այլ անակնկալ էր 600 հազար դոլարի առատաձեռն նվիրատվությունը, որն ստացվել էր Հնդկաստանից: Քանի որ այդ երկրում միայն մի բուռ հայեր են ապրում, հետաքրքիր կլինի իմանալ նման խոշոր գումարի աղբյուրները:

Հանգանակված միջոցների բաշխման հավելյալ խառնաշփոթից խուսափելու համար, «Հայաստան» հիմնադրամի լիբանանյան մասնաճյուղը թերեւս ցանկանա դեկտեմբերի 8-ի ռադիոմարաթոնի դրամահավաքին հանգանակված ողջ հասույթը հատկացնել սիրիահայ հազարավոր փախստականների: Տեղահանված սիրիահայ ընտանիքները Լիբանանում ֆինանսական աջակցության խիստ կարիք ունեն՝ իրենց հիմնական կարիքների, ինչպես նաեւ երեխաների կրթության վճարման համար: Լիբանանի հայկական դպրոցները, որոնք առանց այն էլ ծանր ֆինանսական դրության մեջ են, այժմ լրացուցիչ ծանրաբեռնված են հարյուրավոր սիրիահայ աշակերտներով, որոնց ծնողները չեն կարող վճարել ուսման վարձը: «Հայաստան» հիմնադրամի լիբանանյան մասնաճյուղն իր հավաքած գումարները Լիբանանում թողնելով, հնարավորություն կունենա միաժամանակ օգնել թե' սիրիահայ փախստականներին, թե' ապահովել հայկական ուսումնական հաստատությունների գոյատեւումը:

Առաջիկա օրերին, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կամփոփի իր բոլոր մասնաճյուղերի դրամահավաքի արդյունքները, հուսանք կհայտարարի. 1) հավաքված վերջնական գումարը, 2) հատուկ ծրագրերի համար հատկացված գումարները, եւ 3) սիրիահայերին շտապ օգնություն հասցնելու իր ծրագրերը:

Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG