Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Անցյալ շաբաթ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի հետ մի ծիծաղաշարժ դեպք պատահեց Լոս Անջելեսի Միջազգային հարաբերությունների խորհրդում տեսաձայնային միջոցառման ընթացքում:
Գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաեւը մոտեցավ ամբիոնին, միացրեց մոդայիկ նոութբուքը եւ հպարտությամբ լսարանին կոչ արեց դիտել Ադրբեջանի տեսարանները պատին ամրացված մեծ էկրանի վրա: Սակայն սարսափով նկատեց, որ էկրանի վրա սառած մասնակի մի պատկեր է երեւում: Հյուպատոսի օգնականներն ու Միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահը նետվեցին բեմ եւ սկսեցին սեղմել նոութբուքի վրայի բոլոր հնարավոր կոճակները, քանի որ հյուրերն անհամբեր սպասում էին: Սակայն նրանց փորձերը մնացին ապարդյուն. պարոն Աղաեւը ոչ միայն չկարողացավ ցուցադրել իր հայրենի երկիրը, այլեւ չկարողացավ անգամ ներկայացնել իր ելույթը, քանի որ տեքստը արգելափակվել էր նրա «անհնազանդ» նոութբուքում:
Հուսահատված ադրբեջանցի դիվանագետն սկսեց խոսել հանպատրաստից՝ դուրս քաշելով գրպանից թղթի մի կտոր, որի վրա մի քանի նշումներ էր խզբզել: Այսպիսին էր երեկոյի անհաջող սկիզբը, որը նախատեսված էր Ադրբեջանի տպավորիչ առաջընթացը ցուցադրելու եւ լսարանին բարձր տեխնոլոգիաների սարքերով շլացնելու համար:
Գլխավոր հյուպատոսը ողջ դասախոսության ընթացքում շատ հուզված էր երեւում: Հավանաբար, նրա համար անսովոր էր ելույթ ունենալ նման վեհաժողովում կամ նյարդայնացել էր, որովհետեւ «դահլիճում ներկա էին հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ», այդ թվում՝ ես եւ մի խումբ հայեր:
Պարոն Աղաեւը մանրամասն խոսեց Հայաստանի կողմից իր երկրի տարածքի մի հատվածի «բռնագրավման» մասին՝ նկատի ունենալով Արցախի ազատագրումը: Այս հակամարտությունն անվանելով «Ադրբեջանի գերագույն խնդիր», նա ցավով նշեց, որ «մեկ միլիոն ադրբեջանցիներ այսօր դարձել են փախստականներ»: Այնուամենայնիվ, նա չկարողացավ բացատրել, թե միլիարդավոր նավթադոլարների եկամուտ ունեցող կառավարությունը ինչու է թույլ տվել, որ իր այդքան մեծ թվով քաղաքացիներն ավելի քան 20 տարի ապրեն ծայրահեղ չքավորության մեջ:
Գլխավոր հյուպատոսն ընդօրինակելով թուրքական վարչակարգին, լուրջ սխալ թույլ տվեց՝ Հայոց ցեղասպանությունը անվանելով որպես «այսպես կոչված ցեղասպանություն»: Արժե՞ արդյոք ադրբեջանցի պաշտոնյաներին ժխտել Հայոց ցեղասպանությունը եւ վիրավորել հայերին, երբ նրանք արդեն անելանելի վիճակում են արցախյան հարցում: Ինչո՞ւ են Ադրբեջանի ղեկավարներն ուզում բարդացնել իրենց գործը՝ կապվելով Թուրքիայի ժխտողականության հետ եւ ավելի թշնամացնելով հայերին՝ քիչ հավանական դարձնելով նրանց հետ խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հնարավորությունը:
Պարոն Աղաեւն իր ելույթում բոլորովին անտեսելով Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում նաեւ ազգային փոքրամասնությունների` մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումը, Ադրբեջանը կեղծորեն ներկայացրեց որպես «կրոնական եւ ազգային հանդուրժողականության» երկիր: Նա շարունակեց պատմությունը նենգափոխել՝ մոռանալով հայերի ջարդերը Բաքվում եւ Սումգայիթում, եւ պնդեց, որ հայերը լիարժեք ազատություն են ունեցել Խորհրդային Ադրբեջանում: Նա նաեւ մահմեդական Ադրբեջանը ներկայացրեց որպես «քրիստոնեություն ընդունած հնագույն պետություներից մեկը, 313 մ.թ.»:
Լսարանում մի քանիսի կողմից նախապես պայմանավորված որոշ հարցերից հետո, թե ինչ «հանդուրժողական» է Ադրբեջանը «լեռնային հրեաների» հանդեպ եւ ինչ լավ հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ, Միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահը զգուշորեն խուսափեց թույլ տալու ինձ հարցում անել: Բարեբախտաբար, երկու այլ հայերի՝ Հայ երիտասարդական միության նախագահ Արութին Հարթունյանին եւ Հայ իրավաբանական միության նախագահ Կարո Ղազարյանին հարցեր տալու հնարավորություն ընձեռվեց: Երկուսն էլ բարձրացրին ադրբեջանցի կացնահարող զինվոր Ռամիլ Սաֆարովի հարցը, որը Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ սպանել էր քնած հայ սպային: Հունգարիայի կառավարության կողմից Սաֆարովին բանտից վաղաժամկետ ազատելուց եւ Ադրբեջանին արտահանձնելուց հետո, նախագահ Ալիեւը ներում շնորհեց եւ փառաբանեց կացնահարող մարդասպանին: Ադրբեջանցի գլխավոր հյուպատոսը ապուշորեն հակադրվելով իր նախագահին հայտարարեց, որ Ադրբեջանր «չի արդարացնում» Սաֆարովի ոճրագործությունը:
Միջազգային հարաբերությունների խորհրդում պարոն Աղաեւի հայտնվելը մի քանի մտահոգիչ հարցերի տեղիք է տալիս: Ինչո՞ւ է Խորհուրդը նման անսովոր քայլի գնացել՝ հրավիրելով ցածր պաշտոնով մի գլխավոր հյուպատոսի, որպեսզի ներկայացնի «հակոտնյա տեսակետ» Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` միեւնույն վայրում սեպտեմբերի 24-ի ելույթին: Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչո՞վ է խթանել Միջազգային հարաբերությունների խորհրդին` կրտսեր դիվանագետի ելույթն ապահովելու համար, որը հավանաբար գցելու է հեղինակավոր կազմակերպության վարկը:
Օրեր անց, երբ Ադրբեջանի հյուպատոսության կայքէջում տեղադրվեց պարոն Աղաեւի ելույթը` նոութբուքի հետ կապված խափանումները խնամքով հանվել էին խստորեն խմբագրված տեսանյութից: 48 րոպե տեւողությամբ ճառը եւ հարց ու պատասխանի ժամանակահատվածը կրճատվել էին մինչեւ 15 րոպե:
Գլխավոր հյուպատոսի՝ նոութբուքի հետ կապված միջադեպը բնորոշ է Ադրբեջանի շատ ավելի մեծ խնդիրներին: Երկրի ղեկավարները միլիարդավոր դոլարներ են ծախսել մեծ քանակությամբ առաջավոր ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար: Սակայն, եթե նրանք չգիտեն որ կոճակը սեղմել, ապա նորագույն զենքերը կլինեն նույնքան անօգուտ, ինչքան պարոն Աղաեւի նոութբուքը:
Նախագահ Ալիեւը սփյուռքահայերին Ադրբեջանի «գլխավոր թշնամի» որակելու փոխարեն, ավելի շատ պետք է մտահոգվի իր դիվանագետներով, որոնք չեն կարողանում անգամ նոութբուք օգտագործել: Անճարակ պաշտոնյաներն ավելի մեծ վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար, քան հայկական «թշնամին»:
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան