Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 20-ի մամուլ


Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը` «Բարգավաճ Հայաստան»-ը, Դաշնակցությունը, ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը, ինչպես հայտնի է, կարողացան հավաքել նոյեմբերի 21-ին արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ ստորագրությունները: Այս առիթով «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը ԲՀԿ-ի խոսնակ Տիգրան Ուրիխանյանին հարցնում է. - «Մտավախություն չունե՞ք, որ բացակայողների մեջ լինեն նաեւ այն պատգամավորները, ովքեր ստորագրել են նիստը գումարելու օգտին»: Պատասխան. - «Հուսամ, որ նման բացակայություններ, նաեւ այդ բացակայություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտություն չի առաջանա: Դժվարանում եմ պատկերացնել, որ բացի տեխնիկական ու առողջական պատճառներից, որեւէ այլ դեպքում բացականեր կունենանք: Ներկայացնելով մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցությունը, վստահ եմ, որ ոչ իշխանական խմբակցությունները կպահպանեն աշխատանքային բոլոր պայմանավորվածությունները»:

Նույն հարցի շուրջ «168 ժամ»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ: Նա ասում է. - «Պատկերացնենք` արտահերթ նիստը տեղի է ունեցել, ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել, 10 օր անց օրենքը մտել է ուժի մեջ, եւ բուն ընտրությունների ժամանակ գալիս ենք մի քաոսային իրավիճակի, երբ ընտրական գործընթացի կազմակերպիչները` հանձնաժողովի անդամները եւ այլք, չեն տիրապետում բուն օրենսգրքի տառին եւ ոգուն: Սա անլուրջ է, եւ եթե միտումը չլիներ քաղաքական աժիոտաժ ստեղծելը, ապա ավելի շուտ կանեին: Իսկ իմ կարծիքով` ե'ւ կոնսուլտացիաների, ե'ւ ժամանակավոր հանձնաժողովների պատճառն այն է, որ ընդամենը իրենց տեսլականը չունենալով նախագահական ընտրություններում, իրենց մեղքով իրենց թիմի մեջ ունենալով խնդիրներ, գտնվելով մի շրջափակման մեջ` փորձում են գտնել ինչ-որ բանաձեւ, որպեսզի մասնակցեն ընտրություններին, որպեսզի ասելիք ունենան: Ժողովուրդն ասելիքի սպասելիք ունի բոլորից` ե'ւ ՀՀԿ-ից, ե'ւ «Ժառանգություն»-ից, ե'ւ ՀԱԿ-ից, ե'ւ ԲՀԿ-ից, ե'ւ «Օրինաց երկիր»-ից»:

«Ժամանակ»-ին տված հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասում է. - «Իմ կարծիքով` բնակչության 90 եւ ավելի տոկոսը փոփոխություն է ուզում: Իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր փոփոխություն են ուզում, ովքեր տեսնում են, որ այսպես շարունակել հնարավոր չէ: Իսկ մինչեւ 60 տոկոսը պատրաստ է այդ փոփոխություններին անձամբ մասնակցություն ցուցաբերել»: Լրագրողը հարցնում է. - «Հնարավոր համարո՞ւմ եք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կարողանա այդ 60 տոկոսի զգալի մասին համախմբել»: Պատասխան. - «Գործող իշխանության եւ Սերժ Սարգսյանի ձեռնադրմամբ ընտրությունները վերածվել են փողային ընտրապայքարի եւ ընտրարշավի մեջ են մտնում այն ուժերը, որոնք փող ունեն: Այսինքն` ով ավելի շատ կտա սկզբունքով: Եթե այդ հարթության վրա տարվի, ու ընդդիմությունը ոչինչ չանի, ինչքան էլ տխուր լինի, այդ տարբերակը բացառել հնարավոր չէ: Բայց բացառելու բազմաթիվ հանգամանքներ կան` այն առումով, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի՞, թե՞ ոչ, դա ի՞նքն է որոշում, թե՞ ինքը չի որոշում: Ես անձամբ մտածում եմ, որ ԲՀԿ-ն պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:

Միջկուսակցական խորհրդակցությունների վերաբերյալ «Հրապարակ»-ի հետ հարցազրույցում իր կարծիքն է հայտնել «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը. - «Ես կարող եմ իմ տեսակետն ասել, բայց բնավ չեմ ուզում որեւէ մեկին ոչ լավ, ոչ վատ խաղի մեջ քաշեմ. իշխանությունն այսպիսով պարզապես փորձում է գտնել մեկին, որին հաղթի, եւ այդ հաղթվողը լինի հանգիստ, ինչպես խորհրդարանական ընտրություններին՝ ստանա բավականաչափ ձայներ, բայց հանգիստ պրոցեսն առաջ տանի, հետագայում ինչ-որ մտքեր ունենալով… Սա իշխանության ծրագիրն է: Ընդդիմությունը, ի դեմս մյուս ուժերի՝ ավելի ոչ արմատական, ուզում է ավելի շատ ուժեր ներգրավել՝ երեւալու համար, որ իրենք բավականաչափ ուժ են ներկայացնում: Երկու ուժերն էլ շարժվում են ու բավականաչափ ակտիվ»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Այս օրերին քաղաքագետներից ով չի ալարում, ասուլիս է հրավիրում ու հայտարարում, թե պետք է բոլոր միջոցներով պայքարել օլիգարխների դեմ, որովհետեւ Հայաստանի համար ամենավտանգավորը հենց օլիգարխներն են: Հասկանալի պատճառներով թեման ակտուալ է նաեւ Սերժ Սարգսյանի համար, թեեւ անհասկանալի է, թե ինչպես պիտի հանրապետության թիվ մեկ օլիգարխը պայքարի մյուս օլիգարխների դեմ, այնուհանդերձ որոշում է ընդունվել նախընտրական զարգացումները քողարկել հենց այդ գաղափարով: Ենթադրենք` հենց վաղը Հայաստանի իշխանությունները բռնեցին բոլոր օլիգարխներին եւ տեղում գնդակահարեցին: Եվ ի՞նչ, դրանից երկրի վիճակը լավանալո՞ւ է: Իհարկե չի լավանալու: Իսկ հիմա պատկերացրեք` հենց վաղը Հայաստանի բոլոր մենաշնորհները վերացան: Որեւէ մեկը չի կասկածում, չէ՞, որ վիճակն անմիջապես կլավանա: Հարց է ծագում` բա էլ ի՞նչ տրամաբանությամբ են հայտարարում, թե երկրի համար հիմնական վտանգն օլիգարխներն են, իսկ մենաշնորհների մասին գերադասում են ծպտուն չհանել: Տրամաբանությունը հետեւյալն է: Մենաշնորհները վտանգավոր են պետության եւ ժողովրդի համար, իսկ օլիգարխները` անձամբ Սերժ Սարգսյանի համար (համենայն դեպս տեսականորեն կարող են վտանգավոր լինել` եթե հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանը անթաքույց ձգտում է դառնալ Հայաստանի միակ օլիգարխը)»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG