Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 24-ի մամուլ


«Ժողովուրդ» թերթի խմբագիրը գրում է. - «Հայաստանում իրականացվող բարեփոխումների` դատաիրավական համակարգի անկախացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների ազատությունների եւ հանրության մոտ «էս երկիրը երկիր չէ» մտածողության վերացման ուղղությամբ իշխանությունների եւ անձամբ Սերժ Սարգսյանի պաթետիկ ելույթների ձեւական ու զուտ քարոզչական բնույթն ակնհայտ է դառնում, երբ այդ ամենը փորձում ենք դիտարկել կոնկրետ մեկ շարքային քաղաքացու օրինակով: Լինի դա պետական կարիքների զոհ, բանակում զոհված զինծառայողի ծնող, սոցիալական նպաստից ապօրինի զրկված կարիքավոր, իր սեփականությունը տնօրինելու կարողությունից զրկված մարդ, թե որեւէ այլ «կոտրված» քաղաքացի, որի միակ պաշտպանը պետք է լինի ՀՀ Սահմանադրությունն ու երկրի նախագահի արտասանած գեղեցիկ մտքերի` առօրյա կիրառությունը: Իրականության մեջ Սերժ Սարգսյանի «բարեփոխած» «ավելի լավ Հայաստանի» մասին բոլոր խոստումները պայթում են ՀՀԿ-ականների համերգի ժամանակ պայթած փուչիկների նման, որոնց համար ողջ պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի կառուցած «օրենքի երկրի» «անկախ» դատաիրավական համակարգը բարդեց մի խեղճուկրակ, երկու անչափահաս երեխաների հայր, քաղցկեղով հիվանդ Սուրեն Բոզոյանի վրա»:

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Ավելի ու ավելի են հաստատվում այն կանխատեսումները, որ մեզ սպասվում են անկախ Հայաստանի պատմության մեջ ամենատխուր նախագահական ընտրությունները: Եթե թեկնածուների ցանկը սահմանափակվի Սերժ Սարգսյանով ու մի քանի «էպոսագետներով», կարելի է վստահաբար եզրակացնել, որ նախ՝ մեզանում ոչ միայն իսպառ ոչնչացվել է ընտրական համակարգը, այլեւ հասարակությունն էլ առանց պայքարի «հանձնվել է»: Նման պայմաններում ընտրված նախագահը, անգամ եթե ժողովրդի 99 տոկոսի քվեներն ստանա, հպարտանալու ոչինչ չի ունենալու. այդ վիճակը նրա կողմից հետեւողականորեն հյուսված այն սարդոստայնն է, որի մեջ ի վերջո խճճվելու են նաեւ ինքն ու իր մերձավոր շրջապատը»:

«Հայկական ժամանակ»-ը նախագահական ընտրությունների վերաբերյալ զրուցել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Հնարավոր համարո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն թեկնածու առաջադրի, եւ ընդդիմադիր ուժերը սատարեն այդ թեկնածուին»: Պատասխան. - « Եթե այդ միավորող գաղափարը չկա, մենք մարդափոխության չենք գնալու: Այն գաղափարը, որ մենք հրապարակ էինք բերել ԱԺ ընտրություններում` ամբողջական իշխանափոխություն, իր մեջ ներառում է ոչ թե մարդկանց փոփոխություն, այլ նաեւ համակարգի փոփոխություն: Բոլոր տիպի համաձայնություններին մենք կողմ ենք, եթե դրանց հիմքում ընկած են կոնկրետ ծրագրեր, քայլեր, կոնկրետ առաջնահերթություններ եւ իրականացման ժամկետներ: Օրինակ, մեր թեկնածուն եթե առաջադրվի, գալու է հայտարարությամբ, որ նախագահական համակարգը վերացնի եւ երկիրը խորհրդարանական համակարգի փոխի»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի երեկվա հարցազրույցին. - «Ի՞նչ է նշանակում ԲՀԿ հետ գալ ընդհանուր հայտարարի: Դա նշանակում է ընդհանուր հայտարարի գալ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև առնվազն միամիտ պետք է լինել մտածելու համար, որ Գագիկ Ծառուկյանը կարող է Կոնգրեսի հետ համաձայնության գալ Քոչարյանի թիկունքում: Այսինքն` Հայ ազգային կոնգրեսը ԲՀԿ հետ համաձայնության մասին քայլերով, փաստորեն, քայլեր է կատարում Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի լեգիտիմությունը ճանաչելու ուղղությամբ, այսինքն` հայտնում է այդպիսի պատրաստակամություն: Այստեղ, իհարկե, այլ հարց է, որ «Բարգավաճ Հայաստանին» ու Քոչարյանին Կոնգրեսի այդ պատրաստակամությունը կարող է չհետաքրքրել ընդհանրապես: Ավելին` հավանական է, որ Կոնգրեսը ընդհանրապես սկսել է ԲՀԿ-ին եւ Քոչարյանին չհետաքրքրել, եւ այդ իսկ պատճառով հետաքրքրություն առաջացնելու համար Կոնգրեսի ղեկավարները նույնիսկ պատրաստ են ստանձնել Քոչարյանի եւ Ծառուկյանի սեփականության լեգիտիմությունն ապահովողի դերակատարությունը»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հետ զրույցում անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյան - Խաչատուր Քոքոբելյան հակամարտությանը: Լրագրողը հարցնում է. - «Ո՞րն է պատգամավորական մանդատից երկու կուսակցությունների ղեկավարների հրաժարվելու գաղափարի իմաստը»: Պատասխան. - «Եթե այսօրվա խորհրդարանը չունենար այն պատկերը, որը ստացվեց քվեարկողների ցուցակները ուռճացնելու հետեւանքով, մեր կուսակցությունը արդարացի ներկայացված կլիներ Ազգային ժողովում, եւ այդ խնդիրը չէր առաջանա: 5 հոգիանոց խմբակցությունում յուրաքանչյուրը պետք է կարողանա անել 10 հոգու աշխատանք: Եվ եթե այս իրավիճակում մեր ավագ գործընկեր Րաֆֆի Հովհաննիսյանը, ով Հայաստանի լավագույն քաղաքացիներից է եւ պրոֆեսիոնալ խորհրդարանական, քաղաքական գործիչ է, հրաժարվում է իր պատգամավորական մանդատից, ապա մեր գործընկեր քաղաքական կազմակերպության ղեկավարը նույնպես պետք է նույնը աներ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG