Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 20-ի մամուլ


«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Հանրապետական կուսակցությունը փորձում է ամեն գնով խուսափել խորհրդարանական ընտրության քարոզարշավի վերջին օրը Հանրապետության հրապարակում ՀՀԿ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունի համար պատասխանատվությունից: Ինչպես հայտնի է պայթեցին փուչիկները, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան հարյուրավոր մարդիկ, որոնց մեջ նույնիսկ կարող էին լինել զոհեր, որոնք չեղան թերեւս միայն երջանիկ բարեբախտությամբ: Հայտնի է նաեւ, որ փուչիկների գործով դատվեց Սերոբ Բոզոյանը: Հիմա ՀՀԿ-ի պատասխանատվության մասին հարցադրումներին ի պատասխան, տարբեր ՀՀԿ-ականներ միաբերան ասում են, թե իրենք ինչ կապ ունեն, եթե Բոզոյանն է լիցքավորել փուչիկը պայթուցիկ գազով: Ավելին՝ ՀՀԿ-ականները սկսել են հայտարարել, թե մեղավորը պատժվել է, իսկ ՀՀԿ-ի պատասխանատվության մասին խոսակցությունները շահարկումներ են»:

«168 ժամ»-ը մինչդեռ զրուցել է «փուչիկների գործով» մեղադրյալ Սերոբ Բոզոյանի կնոջ՝ Մարինե Բոզոյանի հետ: Թերթի հետ զրույցում նա ասել է, որ իր ամուսնուն փուչիների պատվեր տվել է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը. - «7000 փուչիկ էր: Ինքը 7000 փուչիկ չէր կարող մենակ փչել ու կապել: Ինքը սկզբից ասել ա, որ էս գազով` հելիումով պիտի փչվի, պիտի 2 մետր բարձրություն ունենա, որ վթար չլինի, իսկ վթարն էլ ինչի՞ց է տեղի ունեցել»,- ասել է Մարինե Բոզոյանը: Հարցին, թե` այսինքն` պատվիրատուն ցանկացել է, որ Սերոբ Բոզոյանը մեթանո՞վ լիցքավորի փուչիկները, կինը պատասխանել է. «Այո, որպեսզի գումարը քիչ լինի, որովհետեւ հելիումովը թանկ է»: Մարինե Բոզոյանի խոսքով` իր ամուսինը վախենում է ճշմարտությունն ասել, այնինչ` ասելիք ունի. «Ճիշտն ասած, էսօր ես իրեն խոսեցրի, ասացի` ճիշտն ասա, դու մի բան գիտես ու չես ասում: Ինքն ասաց` պետք չի, որ ճիշտը պատմեմ»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ Հատուկ քննչական ծառայությունը պատասխանել է մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի, հուլիսի 19-ին ուղարկած նամակին, որով նա ՀՔԾ-ից պահանջել էր պարզաբանում տալ 2008 թվականի մարտի 1-ի գործի քննության ընթացքի մասին: Ինչպես փոխանցել է Հովհաննիսյանը, պատասխանի մեջ նշված է, որ ՀՔԾ-ում գործի նախաքննությունը շարունակվում է, որ քրեական գործով ձեռնարկվում են քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողություններ, ինչպես տաս հոգու մահվան հանգամանքները, այնպես էլ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած անկարգությունների տեղի ունեցած տարբեր հանցագործությունները բացահայտելու համար. - «Ոնց որ մեզ ձեռք առնեն: Ամեն անգամ նույն բանն են պատասխանում ու տեղի ունեցածը զանգվածային անկարգություն են անվանում», - վրդովվել է Ալլա Հովհաննիսյանը: Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վաղինակ Ջանազյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին փոխանցել է, որ գործի քննությունից նորություն չկա: «Հենց որ նորություն լինի, կտեղեկացնենք», - ասել է նա:

Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է. - «Այսօր Հայաստանում ծավալված կոռուպցիոն բացահայտումներին կոչ կանեի լուրջ չվերաբերվել: Նման բան չկա: Ներկայացում է ընդամենը: Ձերբակալում են կամ դեռ կձերբակալեն մի երկու ամենաքիչ պաշտպանվածի ու կհայտարարեն, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է՝ մինչեւ նախագահական ընտրությունները ավարտվեն: Հետո նորից մի քանի տարով կանաչ լույս կվառեն պետության հաշվին յուրայինների անհագուրդ հարստացման ճանապարհին: Եթե, իհարկե, իրենց ծրագիրն իրականանա, եւ Սերժ Սարգսյանը վերընտրվի: Կոռուպցիան Հայաստանում վերից վար է: Ծիծաղելի մի բան է ստացվում՝ նախագահը Դոն Կիխոտի դերում: Իր համար էլ անակնկալ՝ հանկարծ արթնացել ու պատահաբար իմացել է, որ երկրում կոռուպցիա է, սրտնեղած ու մենակ դուրս է եկել դրա դեմ անհավասար պայքարի ու պահանջում է բռնել գլխից…»:

«Ժողովուրդ»-ը գրում է. - «Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը սկսել է ջրի երես դուրս բերել իր նախորդի՝ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ կատարված չարաշահումները: Երեկ Գյումրու քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որ ավագանում սեպտեմբերի 14-ի որոշմամբ օտարվել է համայնքին պատկանող «Գազ13» (Չայկա) մակնիշի ավտոմեքենան, այն էլ բավական ծիծաղելի գնով՝ 100 հազար դրամով: Գնորդն էլ եղել ոչ այլ ոք, քան Վարդան Ղուկասյանի եղբայր Գեւորգ Ղուկասյանը: Վերջինս էլ առքուվաճառքի համապատասխան պայմանագիր չի կնքել եւ օտարվող գույքի ընդունման-հանձման ակտի չի կազմել: Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը թերթի հետ զրույցում ասել է, որ այդ հայտարարությունը հիմք է դարձել դատախազության համար, որպեսզի քրեական գործ հարուցվի»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG