Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը «երբեք չի շրջանցի այդ հույժ կարեւոր հարցը»


Թուրքիայի խորհրդարանի նիստերի դահլիճում
Թուրքիայի խորհրդարանի նիստերի դահլիճում
Թուրքիայի նախկին արտգործնախարար Յաշար Յաքըշը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցարույցում կարծիք հայտնեց, թե հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը «սերտորեն կապված է» Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հետ, եւ Թուրքիայի խորհրդարանը երբեք չի շրջանցի այս հույժ կարեւոր հարցը:

«Իմ կարծիքով, դա շատ կարեւոր հարց է: Երբ արձանագրությունները պետք է հայտնվեին խորհրդարանում, ես ասացի, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում առանց որեւէ առաջընթացի շատ բարդ կլինի: Անգամ եթե կառավարությունը հանձներ արձանագրությունները խորհրդարանի վավերցմանը, շատ պատգամավորներ արձանագրությունների վավերացմանը դեմ կքվեարկեին: Երբ արձանագրությունները ստորագրվում էին, պետք է առաջարկությամբ հանդես գար ոչ թե թուրքական, այլ հայկական կողմը. հենց ստորագրման արարողության ժամանակ իր դիրքորոշումը հայտներ որոշ հարցերի շուրջ: Մենք հայկական կողմի հետ նախնական համաձայնության եկանք, բայց մենք գիտեինք, որ առանց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում դրական փոփոխությունների կարող են դժվարություններ ծագել խորհրդարանում արձանագրությունները վավերացնելու հարցում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Թուրքիայի նախկին արտգործնախարարը, ով Ստամբուլում մասնակցում է «Ակադեմիական շվեյցարա-կովկասյան ցանցի» գիտաժողովին:

Հարցին, թե արդյոք իր ասածը չի նշանակում, որ թուրքական կողմն արդեն իսկ նախապայմաններ ուներ, Յաշար Յաքըշն արձագանքեց. - «Նախապայման չէի անվանի սա: Նախապայմանը շատ բարձր է ասված, բայց պետք է հաշվի առնել, որ ղարաբաղյան խնդիրը շատ նուրբ հարց է: Ես չեմ պատկերցնում, թե թուրքական խորհրդարանում ինչպես կարող են հայ-թուրքական արձանագրությունները վավերացվել` առանց ղարաբաղյան հարցում դրական տեղաշարժերի»:

Նախկին արտգործնախարարը աշխարհի տասնյակ երկրներից ժամանած գիտնականների, քաղաքագետների առջեւ ելույթ ունենալիս նույնպես խոսեց Հայաստանի մասին` որպես Սեւծովյան տարածաշրջանի երկիր` նշելով, որ հայերն առաջինն են քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն: Իսկ Լեռնային Ղարաբաղի մասին բավականին ադրբեջանամետ հայտարարություններ արեց:

Յաքըշը Թուրքիայի արտաքին գերատեսչությունը ղեկավարել է 2002-2003 թվականներին` Աբդուլա Գյուլից առաջ: Նա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից է, Թուրքիայում եւ Ադրբեջանում բազմիցս հանդես է եկել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, թե հայ-թուրքական հարաբերություններն այժմ միայն հասարակական շփումների փուլում են, պաշտոնական զարգացումները կապված են արձանագրությունների հետ:

«Ստեղծված պայմաններում մեծ էր ռիսկը, որ արձանագրությունները չեն վավերացվի: Կառավարությունը չէր ցանկանում հայտնվել մի իրավիճակում, երբ քննարկումները հայկական կողմի հետ ավարտված լինեին, իսկ խորհրդարանը չվավերացներ արձանագրությունները: Կարծում եմ, պետք է սպասել մեկ այլ բարենպաստ քամու, որը հնարավորություն կտա հանել այս հարցը դարակներից: Որքան հասկանում եմ, երկու կողմերն էլ բարենպաստ հող չէին նախապատրաստել գործընթացի հաջող ընթացքի համար», - ասաց Թուրքիայի նախկին արտգործնախարարն ու հավելեց. - «Եթե մենք սպասենք ու ասենք, թե հիմա մեր հերթն է, հետո ձերը, շատ ժամանակ կպահանջվի: Փոխարենը պետք է կարողանանք գտնել փոխադարձաբար ընդունելի ու ըմբռնելի ոլորտներ եւ ավելացնենք դրանք: Ողջամիտ մարդկանց միջոցով սա մի օր կավարտվի` վաղ թե ուշ: Այդ իսկ պատճառով մենք պետք է հույս դնենք ողջամիտ մարդկանց վրա, որոնք առաջ կմղեն գործընթացը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG