Մատչելիության հղումներ

Այսօր հայտնի կդառնա գրականության Նոբելյան մրցանակակիրը


Նոբելյան մրցանակի մեդալը
Նոբելյան մրցանակի մեդալը

Ինչպես եւ ամեն տարի, գրական շրջանակները փորձում են կանխատեսել, թե ով է այս տարի արժանանալու աշխարհի ամենահեղինակավոր մրցանակին:

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում այսօր կհրապարակվի գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակրի անունը:

2012-ի բարձրագույն գրական մրցանակի արժանած արձակագրի կամ բանաստեղծի անունը, ինչպես եւ նախորդ տարիներին, Ստոկհոլմի բորսայի շենքում կհրապարակի Շվեդական թագավորական ակադեմիայի քարտուղար Պետեր Էգլունդը:

Ինչպես եւ ամեն տարի, գրական շրջանակները փորձում են կանխատեսել, թե ով է այս տարի արժանանալու Նոբելյան մրցանակին: Ու թեեւ որպես կանոն այս կանխատեսումները չեն իրականանում, իսկ Շվեդական ակադեմիայի անդամները գրեթե ամեն տարի մի նոր անկնկալ են մատուցում, այնուհանդերձ, եվրոպական առաջատար բուքմեյքերական գրասենյակները չեն հրաժարվում գրականության Նոբելյան մրցանակի կանխատեսման միջոցով գումար վաստակելու մտքից:

Այս տարվա բուքմեյքերական կանխատեսումներում առաջատարները Հեռավոր Արեւելքից են: Խոսքը նախեւառաջ ժամանակակից ճապոնական գրականության առանցքային ներկայացուցչի` Հարուկի Մուրակամիի մասին է, որի հաղթանակի շանսերն առավել բարձր են գնահատում բրիտանացի բուքմեյքերները։ «Փինբոլ 1973» «Նորվեգական անտառ», «Դենս. Դենս. Դենս» եւ էլի մի քանի տասնյակ մեծ ճանաչում գտած վեպերի հեղինակի անունն արդեն երկրորդ տարին անընդմեջ նշվում է Նոբելյան մրցանակի հավակնորդների թվում:

Ճապոնացի գրողի օգտին է խոսում նաեւ այն իրողությունը, որ Նոբելյան հանձնաժողովը գերադասում է մրցանակը հանձնելքաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող գրողներին: Այս առումով Մուրակամին երբեք որեւէ խնդիր չի ունեցել` մշտապես իր կարծիքն արտահայտելով հրատապ քաղաքական եւ սոցիալական թեմաների շուրջ։ Շաբաթներ առաջ, օրինակ, նա ճապոնական «Ասահի Սիմբուն» թերթին տված հարցազրույցում անդրադարձել էր վիճելի կղզիների շուրջ պաշտոնական Տոկիոյի եւՊեկինի միջեւ ծագած լարվածությանը` երկու կողմերին էլ կոչ անելով տուրք չտալ ազգայնական տրամադրություններին: «Ազգայնականությունը նման է էժանագին խմիչքի: Ընդամենը մի քանի բաժակից հարբում ես եւշատ արագ ընկնում հիստերիայի մեջ», - անդրադառնալով չին - ճապոնական տարածքային վեճին` ասել էր Մուրակամին:

Հետաքրքիր զուգադիպությամբ, գրականության ասպարեզում այս տարվա Նոբելյան մրցանակի մյուս ամենահավանական թեկնածուն հենց չինացի է: Չինաստանի գրողների միության փոխնախագահ Մո Յանն Արեւմուտքում անհամեմատ ավելի քիչ է հայտնի, քան Մուրակամին: Չնայած դրան` Չինաստանում նրա վեպերը լույս են տեսնում բազմամիլիոն տպաքանակներով, իսկ գրականագետները նրան հռչակել են «Գաբրիել Գարսիա Մարկեսի ավանդույթների ամենահատարիմ չինացի հետեւորդ»:

Նոբելյան մրցանակի այս տարվա հավակնորդների թվում մի շարք անուններ եւս նշվում են` այդ թվում ամերիկացի աշխարհահռչակ ռոք երգիչ, բանաստեղծ Բոբ Դիլանն ու ամերիկյան ժամանակակից գրականության ամենավառ ներկայացուցիչներից Թոմաս Պինչոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG