Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ում սպասում են Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշմանը


Լեւոն Տեր-Պետրոսյանը (կենտրոն) առաջնորդում է ընդդիմության երթը, 10-ը դեկտեմբերի, 2012
Լեւոն Տեր-Պետրոսյանը (կենտրոն) առաջնորդում է ընդդիմության երթը, 10-ը դեկտեմբերի, 2012
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ասում է, որ Կոնգրեսի համար նախագահի ամենաշահեկան եւ ուժեղ թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ով ունի «ամենամեծ համախմբող ներուժը եւ վայելում է անհերքելի հեղինակություն»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարը մնո՞ւմ է ուժի մեջ, եւ Կոնգրեսը կարո՞ղ է պաշտպանել այլ քաղաքական ուժի, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) թեկնածուին, Զուրաբյանը ասաց. - «Ամեն ինչ կախված է Տեր-Պետրոսյանի որոշումից: Եթե նա առաջադրվի, իսկ դրա համար որոշակի քաղաքական պայմանների կատարվելն է անհրաժեշտ, ամեն ինչ պարզ է Կոնգրեսի համար. մենք կառուցում ենք Տեր-Պետրոսյանի շուրջ դաշնակցային դաշտ, որով մտնում ենք պայքարի մի նոր փուլ: Եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, դա Կոնգրեսի համար կստեղծի մի նոր իրավիճակ, որում Կոնգրեսը պետք է կողմնորոշվի, թե ո՞րն է այս ընտրություններին մասնակցության իր մարտավարությունը»:

«Փաստորեն Տեր-Պետրոսյանը դեռ չի կողմնորոշվե՞լ առաջադրվի, թե` ոչ» դիտարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Հավատացեք, որ Տեր-Պետրոսյանն իր որոշման մասին անմիջապես կհայտնի ամբողջ հասարակությանը»:

Զուրաբյանը չմանրամասնեց, թե ինչ քաղաքական պայմաններ պետք է ապահովվեն Տեր-Պետրոսյանի առաջադրման համար:

Ինչ վերաբերում է ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն միանշանակորեն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով, եւ եթե Գագիկ Ծառուկյանը չցանկանա իր թեկնածությունն առաջադրել, ապա ինքը պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը, Կոնգրեսի խմբակցության ղեկավարը սա Օսկանյանի «անձնական տեսակետը» որակեց: Հարցին, թե, այնուհանդերձ, նման սցենարի դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժը կարո՞ղ է որպես միասնական թեկնածու սատարել Վարդան Օսկանյանին կամ Գագիկ Ծառուկյանին, Զուրաբյանը պատասխանեց. - «Չեմ կարծում, որ անձնական տեսակետները մեկնաբանելու անհրաժեշտություն կա, առավել եւս, երբ խոսքը գնում է արտահայտված ամբիցիայի մասին: Նախագահական ընտրությունների մասնակցության մարտավարությունը պետք է կառուցված լինի ոչ թե ցանկությունների, այլ շատ կոնկրետ քաղաքական հաշվարկի վրա: Սա մեր մոտեցումն է նախագահական ընտրություններին մասնակցելու մեր մարտավարությանը: Մնացած քաղաքական ուժերն ու անձինք ազատ են արտահայտել ցանկացած կարծիք»:

«Միասնական թեկնածուի առաջադրումը ինքնապատակ չէ: Վրացական ընդդիմությունը տարիներ առաջ առաջադրել էր բավականին թույլ թեկնածուի` Լեւան Գաչեչիլաձեին, որի շուրջ համախմբվեց ողջ ընդդիմությունը, բայց դա որեւէ էական արդյունք չտվեց: Այսինքն խնդիրը ոչ թե միասնական թեկնածու առաջադրելու, այլ հզոր թեկնածու առաջադրելու մեջ է, ով կարող է համախմբել իր շուրջ մարդկանց, ով ընկալվում է որպես ծանրակշիռ քաղաքական, պետական գործիչ, ով կարող է լուծել մեկ հարց` արդյոք Սերժ Սարգսյանի ռեժիմը շարունակելո՞ւ է կեղեքել հայ ժողովրդին, թե՞ քաղաքական ուժերի համախմբումով հնարավոր կլինի հեռացնել Սերժ Սարգսյանին եւ նրա քաղաքական թիմին: Դա է պատճառը, որ պետք չէ որեւէ բան կառուցել ամբիցիաների, ցանկությունների վրա », - ասաց Զուրաբյանը` համոզմունք հայտնելով, որ «Սարգսյանի ռեժիմին նետած մարտահրավերի կոնտեքստում ամենաուժեղ թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, եւ իրենք պետք է աշխատեն բոլոր անհրաժեշտ նախապայմանները ստեղծել վերջինիս առաջադրման համար»:

«Հաշվի առնելով անցած շաբաթ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատապարտող հայտարարությունը` ՀԱԿ-ը շարունակո՞ւմ է ԲՀԿ-ի հետեւում չտեսնել Ռոբերտ Քոչարյանին», հարցին ի պատասխան Կոնգրեսի խմբակցության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ Քոչարյանը ԲՀԿ-ի վրա ազդելու ոչ քաղաքական լծակներ ունի, ոչ էլ ԲՀԿ-ն նրա ֆինանսների կարիքն ունի:

«Ռոբերտ Քոչարյանը կարող է կապ ունենալ ցանկացած մարդու հետ իր նախկին շրջապատից կամ այսօրվա շրջապատից: Դա դեռ չի նշանակում, որ ինքը քաղաքական գործոն է: Այսօր ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում` ԲՀԿ-ն շատ լավ հասկանում է, որ կապվել, ասոցացվել Ռոբերտ Քոչարյանի հետ, նշանակում է անմիջապես թաղել ընտրական հաջողության ցանկացած շանս», - ասաց Զուրաբյանը:

Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի` Օսկանյանին աջակցող հայտարարությունից հետո Կոնգրեսը չի զղջում, որ բոյկոտել է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությունը: Կոնգրեսի համակարգողը «պրիմիտիվ» որակեց այն մեկնաբանությունները, որ եթե Քոչարյանը նման հայտարարությամբ հանդես գար մինչ քվեարկությունը, ապա քվեարկությունը բոյկոտած որոշ խմբակցություններ գուցե այլ կերպ կվարվեին:

«Մենք կարող ենք շատ տարբեր պրետենզիաներ ունենալ Վարդան Օսկանյան անձի նկատմամբ. ունեցել եւ արտահայտվել ենք, որեւէ խոսքից հետ չենք կանգնում, բայց արդարադատությունը պետք է գործի անկախ նրանից, թե դուք սիրում եք, թե չեք սիրում կոնկրետ անհատին կամ անձին, դուք նրա գործունեությունն անցյալում լավ եք գնահատում, թե վատ: Նաեւ անկախ նրանից, թե Ռոբերտ Քոչարյանի հետ նա որեւէ կապ ունի, թե չունի: Եվ ես վստահ եմ, որ արդարադատությունը մի օր պետք է գործի նաեւ Ռոբերտ Քոչարյանի համար: Սա է մեր դիրքորոշումը, դա սկզբունքային դիրքորոշում է», - ասաց Զուրաբյանը` հավելելով, որ նույն կերպ կվարվեն, եթե գլխավոր դատախազը Օսկանյանին ձերբակալելու միջնորդությամբ դիմի ԱԺ-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG