Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հատուկ հսկողություն է իրականացնելու ՏԻՄ ընտրություններում


Սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հատուկ հսկողություն իրականացնելու նպատակով ՀՀ ոստիկանության Կենտրոնական ապարատում օրերս ստեղծված համակարգող խումբն այսօր գումարել է իր առաջին փակ նիստը, որի ժամանակ, ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, կոնկրետ առաջարկներ են արվել ընտրություններում հնարավոր խնդիրների վերացման վերաբերյալ:

Համակարգող խումբը ստեղծվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով։ Այն գլխավորում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։ Խումբը զբաղվելու է ե՛ւ տեղերից տեղեկատվության անխափան ստացմամբ ու ամփոփմամբ, ե՛ւ անձնագրային խնդիրներով, ե՛ւ քվեատուփերի անվտանգությամբ։

Ուշագրավ է, որ խումբը պետք է կազմակերպի քվեատուփերի տեղափոխման զինված ուղեկցումն ու անվտանգությունը եւ այս գործառույթը հատուկ ներառված է Ոստիկանության հաղորդագրության մեջ: Ծառայությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնում մարզային վարչություններին անհրաժեշտության դեպքում հատկացնել օժանդակ ուժեր: Մարզային վարչություններում Ոստիկանապետի հրամանով մինչեւ օգոստոսի 25-ը կստեղծվեն օպերատիվ շտաբներ: Ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնում գրանցել բոլոր ահազանգերը եւ սահմանված կարգով ընթացք տալ:

ՏԻՄ ընտրությունները նախանշված են սեպտեմբերի 9-ին եւ 23-ին՝ հանրապետության շուրջ 800 համայնքներում: Իրավապահները Ոստիկանության այս հատուկ նախապատրաստությունները բացատրում են ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ: Նույն կարծիքին է իշխող Հանրապետական կուսակցությունը: Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ոստիկանության նախաձեռնությունը որակեց «շատ գովելի»՝ կարծիք հայտնելով, որ դա կնպաստի ավելի թափանցիկ եւ օրինական ընտրությունների կազմակերպմանը։

«Շատ դրական ենք վերաբերվում թե՛ ոստիկանապետի հստակ արձագանքներին, եւ թե՛ այս նախաձեռնությանը՝ բոլոր պայմանները ստեղծել, որպեսզի մեր քաղաքացիները իրենց համայնքապետերի եւ ավագանիների ընտրությունը իրականացնեն անկաշկանդ, ազատ, թափանցիկ եւ որեւէ այլ միջամտություն չլինի, որովհետեւ մենք մամուլից նաեւ տեղեկանում ենք, որ այս կամ այն համայնքում կարող են լինել գործիչներ, կամ արջի ծառայություն մատուցողներ, ովքեր կարող են ոչ օրինական մեթոդներով փորձել այս կամ այն թեկնածուի օգտին որոշակի ճնշումներ գործադրել», - նշեց ՀՀԿ խոսնակը։

Իսկ հնարավո՞ր է ոստիկանության այս ակցիան կապված է Գյումրիի հետ, քանի որ Հանրապետականը չի հայտարարել գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին սատարելու մասին, իսկ եթե նա ինքնաառաջադրվի՝ նրա թիմի գործողությունները կարող են անկանխատեսելի լինել։ Այս հարցին Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. - «Ես չեմ ուզում անձնավորել։ Խնդիրը պարոն Ղուկասյանի մեջ չէ։ Մենք բազմաթիվ համայնքներում պետք է ունենանք ՏԻՄ ընտրություններ։ Ես չեմ ուզում կանգ առնել պարոն Ղուկասյանի պերսոնայի վրա կամ նրա քաղաքական պլանների։ Չեմ կարծում, որ Գյումրի, Ալավերդի, Վանաձոր, թե Կապան՝ այդպիսի մեծ տարբերություն կա։ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում Ոստիկանությունը իրականացնում է իր ֆունկցիաները, որն էլ պետք է անի»։

Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց, որ նախագահական ընտրություններին նախորդող տեղական ինքնակառավարման ընտրություններում ոստիկանական համակարգի այս մոբիլիզացիան կարող է նաեւ համայնքներում Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի առճակատումը կանխելու եւ Հանրապետականի օգտին աշխատելու նպատակ ունենալ։

«Հանրապետականի կառավարման տարիներին երբեք փորձ չի արվել, որպեսզի մեր հարգարժան Ոստիկանությունը ծառայի այս կամ այն կուսակցությանը։ Ոստիկանությունը ապաքաղաքական մարմին է, օրինականություն պահպանող մարմին է», - հայտարարեց Շարմազանովը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր, Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ոստիկանության այս նախաձեռնությունը որակեց «ընդամենը քարոզչական PR ակցիա»։

«Նման կառույցները ահազանգերի դեմ են պայքարում, ոչ թե ընտրակեղծիքի», - հայտարարեց նա՝ վկայակոչելով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների փորձը. - «Ո՛ր վստահված անձը, ո՛ր քաղաքական ուժի ներկայացուցիչը, եթե հանկարծ այդպիսի հաղորդում էր տալիս, փոխանակ գնային կոնկրետ դեպքի բացահայտման հետքերով, վստահված անձին, քաղաքական ուժի ներկայացուցիչներին այնքան էին տանում-բերում, մինչեւ այդ մարդիկ փոշմանում էին, որ զանգել են այդ շտաբ»։

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ոստիկանության նման ուշադրությունը բացատրեց երկու գործոնով։ Նախ՝ սրանով իշխանությունները զգուշացնում են հակառակորդներին, հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որ ընտրությունները պետք է ընթանան այնպես, ինչպես Հանրապետականն է ծրագրել։ Երկրորդ մեսիջը, ըստ Սաֆարյանի, ուղղված է միջազգային հանրությանը, որը քննադատության է արժանացնում ընտրությունների ժամանակ ստացված հաղորդումներին ոչ բավարար ընթացք տալը։

«Իրավապահ մարմինները, ի դեմս Ոստիկանության, խնդիր ունեն ուղերձներ հղելու միջազգային կառույցներին, թե Հայաստանը էլ ավելի է բարելավում իրավապահ համակարգի դերը ընտրական գործընթացներում», - ասաց Սաֆարյանը։

please wait

No media source currently available

0:00 0:05:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG