Մատչելիության հղումներ

Բնապահպանները պնդում են, որ Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելու այլ պատճառներ կան


Կառավարությունը երեկ հավանություն տվեց Արարատյան դաշտավայրի ոռոգման համար Սեւանա լճից լրացուցիչ 150 միլիոն խորանարդ մետր ջուր վերցնելու նպատակով կատարվելիք օրենսդրական փոփոխությունների փաթեթին։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշեց, որ արտակարգ իրավիճակ է ստեղծվել ջրի սակավության պատճառով։
Մեկնաբանելով Սեւանա լճից լրացուցիչ 150 միլիոն խորանարդ մետր ծավալով ոռոգման նպատակով ջրի բացթողումը, Հանրապետության նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամ, «Կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ - «Իշխանությունները պետք է ուղղակի անկեղծորեն ասեն՝ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը բերում է խոշոր ֆինանսական ծախսերի՝ ճանապարհների կառուցման։ Մենք այս ֆինանսները չունենք եւ լճի մակարդակը չենք բարձրացնում։ Նրանք կարող էին սպասել մինչեւ օգոստոս ամիսը կամ հուլիսի վերջը, եւ տեսնեին, որ իրոք տեղումների քանակը կտրուկ նվազ է՝ ինչ-որ որոշում կայացնեին»։

Ըստ Սանասարյանի, Սեւանից մեծ քանակությամբ ջուր բաց թողնելու մեկ այլ պատճառ է այն, որ վնասվում են Սեւան ազգային պարկի տարածքում կառուցված որոշ շինություններ՝ որոնք, նրա խոսքով, բոլորն էլ պատկանում են պետական պաշտոնյաների։

Կառավարությունն այս տարվա համար առաջարկում է, որպեսզի 2012 թվականին Uեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանվի մինչև 320 մլն խորանարդ մետրը։

«Երաշտ չի սպասվում։ Ջրամբարները, որ ասում են կիսալցված են, միշտ էլ կիսալցված են ու պետք է լինեն կիսալցված», - ասում է կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համակարգող Արամ Գաբրիելյանը, ով գտնում է, որ ընդհակառակը, Սեւանի մակարդակը պետք է շատ արագ բարձրացնել եւ բավարար չի համարում փաստարկները, որոնցով Սևանից ջուրը բաց է թողնվում: - «Եվ դեռ պետք է հարց տալ․ եթե կիսալցված է ու պետք է շարունակի կիսալցված մնալ կլիմայի չորացման հետեւանքով, ի՞նչ է, պետք է Սեւանը դատարակե՞նք»։

please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG