Մատչելիության հղումներ

«Սերժ Սարգսյանը ցանկանում է զրկել ԲՀԿ-ին վարչական ռեսուրսից»


«Սերժ Սարգսյանը ամեն ինչ արեց, որ ԲՀԿ-ն կոալիցիա չմտնի»
please wait

No media source currently available

0:00 0:03:21 0:00
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով թեեւ պատգամավոր էր ընտրվել «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակով, բայց օրերս ինքնաբացարկի դիմում ներկայացրեց, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այդ քայլին դիմել է, քանի որ այս խորհրդարանը «փողով է ընտրվել»:

ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելու որոշման պատճառը, Հովհաննիսյանի համոզմամբ, քաղաքական սակարկությունների ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ դիրքորոշումն է եղել: Խոսքը վերաբերում է վարչապետին փոխելու ԲՀԿ-ի պահանջին, որին նախագահը չի համաձայնել:

Ավելին, Հովհաննիսյանի խոսքով` Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց, որպեսզի «Բարգավաճ Հայաստան»-ը կոալիցիա չմտնի. - «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանը գիտակցաբար կոշտ մոտեցում էր ցուցաբերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անկնալիքների նկատմամբ` ձգտելով սադրել ահա այդ հանգուցալուծումը: Որովետեւ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը ցանկանում է զրկել ԲՀԿ-ն վարչական ռեսուրսից, քանի որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան»-ը, տիրապետելով վարչական ռեսուրսի, մտավ շփումների մեջ արմատական ընդդիմության հետ, եւ Սերժ Սարգսյանը բոլոր հիմքերը ուներ մտածելու, որ դա կարող է կրկնվել նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ»:

Քաղաքագետների միության նախագահի խոսքով, կոալիցիայի մեջ չմտնելով` ԲՀԿ-ն առայժմ ոչինչ չի շահել, կորցրել է, բայց ստեղծել է հաջողության հասնելու քաղաքական նախադրյալ` ինքնուրույն գործելու հնարավորություն:

Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն հնարավորություն ունի սեփական թեկնածուով գնալ նախագահական ընտրություններին, Հովհաննիսյանը արձագանքեց. - «Դա կարծես ենթադրվում է… Երկու տարբերակներն էլ [Ռոբերտ Քոչարյանի կամ Վարդան Օսկանյանի առաջադրումը] չեմ բացառում»:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարության մեջ չկա անդրադարձ առաջիկա նախագահական ընտրություններին, չի ասվում կուսակցությունը սատարելու է Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ հանդես է գալու սեփական թեկնածուով: Այս հարցը պահելով անորոշ` ԲՀԿ-ն տեղ է թողնում ՀՀԿ-ի հետ շուրջ դրա քննարկման համար. - «Պարզ է, որ այս հարցը կարող է կարեւորվել նախագահական ընտրություններին նախաշեմին` կախված նաեւ այն տարբերակի հետ, որ «Բարգավաճ Հայաստան»-ը պաշտպանի Սերժ Սարգսյանին եւ դրա դիմաց ընտրություններից հետո վերցնի վարչապետի պատոնը»:
XS
SM
MD
LG