Մատչելիության հղումներ

Մայիսի 15-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Պարզից էլ պարզ է, որ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ կայանալիք կամ չկայանալիք կոալիցիոն համաձայնագիրը որեւէ կապ չունի Հայաստանի հասարակության խնդիրների հետ: Դրանց հետ որեւէ կապ չունեն նաեւ մյուս, այսպես կոչված` խորհրդարանական ուժերի հաշվարկները իրենց մի քանի մանդատների պահպանման եւ գործածության առումով: Հայաստանում հասարակությունն ապրում է իր կյանքով, իսկ քաղաքական առկա համակարգը` իր, եւ որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի պարզ է դառնում, որ այդ կյանքերը միմյանցից ավելի ու ավելի են հեռանում… ՀՀԿ-ն ընդամենը խորացել է ԲՀԿ-ի հետ ինտրիգների մեջ եւ խորացնում է հասարակության այն մասի հետաքրքրությունը, որին գրավել են այդ ինտրիգները: Իսկ ովքեր ինտրիգով չեն տարվել, դե մեղքն իրենց վիզը` ուրեմն այս կյանքից կտրված են եւ ապրում են մի կյանքով, որը Հայաստանում չէ»:

«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը հարց է բարձրացնում. - «Արդյո՞ք մայիսի 6-ին միայն ընտրողներն են «ծախվել»: Արդյո՞ք չեն վաճառվել ընտրական հանձնաժողովների բոլոր այն հազարավոր անդամները, ովքեր աչք են փակել ընտրակեղծիքների վրա: Արդյո՞ք չեն վաճառվել բոլոր այն երգիչ-երգչուհիները, ովքեր իրենց ծառայություններն են մատուցել իշխանական կուսակցություններին: Եվ վերջապես, արդյո՞ք չեն վաճառվել բոլոր այն կուսակցությունները, որոնք պայքարում էին աղաղակող ընտրակեղծիքների դեմ, բայց վերջում իրենց այդ սաստիկ ընդդիմադիր դիրքորոշումը փոխանակեցին մի քանի մանդատի հետ: Դե եթե այդքան չվաճառվող էին` թող հրաժարվեին մանդատներից, ու թող ՀՀԿ-ն` իր կույր աղիքի հետ աշխատեր 75 հոգանոց պառլամենտում: Վերջին հաշվով, եթե խոսքը վաճառվել-չվաճառվելու մասին է, ի՞նչ տարբերություն, թե ով ինչ գնով է վաճառվում. մեկի գինը 5 հազար դրամ է, մյուսինը` 5 մանդատ, երրորդինը` 5 պորտֆել, եւ այսպես շարունակ»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը զրուցել է «168 ժամ»-ի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ի՞նչ տարակարծություններ եք ունեցել ՀԱԿ-ի ղեկավարների հետ»: Պատասխան. - «Կոնսենսուսի կամ տարակարծության մասին, ի պատիվ իրեն, անցած տարի աշնանը հանրահավաքում առաջինը բարձրաձայնել է առաջին նախագահը: Դրանից հետո նոր ես ասացի, որ կոնսենսուս չլինելու պատճառներից մեկը ես եմ»: Հարց. - «Դուք ցանկանում եք շարունակե՞լ «փողոցային պայքարը»: Պատասխան. - «Դժբախտաբար, ՀՀ-ում ընտրություններով քաղաքական դաշտը չի ձեւավորվում, եւ դրա համար ընդդիմության 99 տոկոսը մնում է դրսում, նրա 10-20 ներկայացուցիչներն են կարողանում մանդատ ձեռք բերել: Այն էլ չեն կարողանում խնդիրներ լուծել: Եվ ես որեւէ վատ բան չեմ տեսնում, որ ժողովրդի հետ մնում եմ փողոցում, ու թեկուզ ինձ «փողոցային ընդդիմություն» համարեն: Ես գտնում եմ, որ այս կարգի երկրներում խնդիրները լուծվում են դեմոկրատական հեղափոխության ճանապարհով: Ես տեսել եմ 2003 թվականի փետրվարի 20-ը, տեսել եմ 2008-ի փետրվարի 26-ը: Նույն ժողովուրդն է, ու նման բաներ հնարավոր են` ճիշտ աշխատելու, ազնիվ լինելու դեպքում»:

«Երկիր» թերթը խմբագրականում գրում է. - «Միջազգային վարկանիշային Moody’s-ի փորձագետները Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը դրական են գնահատել «որոշակի աստիճանի քաղաքական կայունության եւ ժառանգականության ապահովման» առումով: Այլ կերպ ասած` Հայաստանին մինչ այդ բացասական կանխատեսմամբ Bа2 վարկանիշ շնորհած այս կազմակերպության համար ՀՀԿ-ի հաղթանակը կարեւոր էր առկա իրավիճակի, քաղաքական կուրսի անփոփոխելիության պատճառով: Մեր ներքին ճահճացումը Moody’s-ի աչքերով վկայություն է, որն անհրաժեշտ է, որովհետեւ, ինչպես իրենք են պարզել, Հայաստանի համար ամենագլխավոր մարտահրավերները ԼՂ խնդիրն է եւ Թուրքիայի հետ փակ սահմանները: Պարզ է, չէ՞` ՀՀԿ-ի հաղթանակն անհրաժեշտ էր, որպեսզի այս մարտահրավերները չեզոքացվեն հանրապետականավարի: Իսկ թե ինչպես է վերջինս տեսնում այս հարցերի լուծումը, հայտնի է բոլորին»:

Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ Գագիկ Մինասյանին «Հայոց Աշխարհ»-ը հարցնում է. - «Կարելի՞ է արձանագրել, որ նորընտիր խորհրդարանում ձեւավորված ուժերի հարաբերակցությունը լիարժեք արտահայտում է հանրության քաղաքական նախասիրությունները»: Պատասխան. - «Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, կարող եմ ասել, որ մեր ստացած քվեն միանշանակ արտահայտում է հասարակության վերաբերմունքը կուսակցության նկատմամբ: Տեսեք` ՀԱԿ-ը, Դաշնակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան»-ը նախընտրական շրջանում, ըստ էության, միասնական որոշումներ էին կայացնում, իրենց գործողությունները համադրում էին` երեքն էլ փաստացի հանդես էին գալիս ընդդիմադիր դաշտում: Ավելին` ավանդաբար ընդդիմադիր ուժերը հայտարարում էին, որ քննադատելու են միայն Հանրապետականին, իսկ ընդդիմադիր ձայները, բնականաբար, սահմանափակ են… Կարելի է ասել, որ ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը ընդդիմադիր ձայների զգալի մասը սիրահոժար նվիրեցին «Բարգավաճ Հայաստան»-ին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG