Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի միջնորդները ժամանում են տարածաշրջան


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, Վիեննա, մարտ, 2012թ.
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, Վիեննա, մարտ, 2012թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովը, ամերիկացի Ռոբերտ Բրադկեն եւ ֆրանսիացի Ժակ Ֆորն ու նրանց ուղեկցող ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ժամանում են Երեւան, որտեղ շաբաթ օրը հանդիպումներ կունենան Հայաստանի ղեկավարության հետ։

Տարածաշրջանային այցի ընթացքում նրանք պետք է ուղեւորվեն նաեւ Ստեփանակերտ եւ Բաքու։

Երեք մայրաքաղաքներում համանախագահներին ընդունելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը եւ արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Նախօրեին Նալբանդյանն ու Մամեդյարովը Եգիպտոսում մասնակցել են Չմիավորված երկրների արտգործնախարարների համաժողովին, որը տեղի է ունեցել Շարմ էլ-Շեյխում։

Ադրբեջանական լրատվամիջոցները վկայակոչում են Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, իռլանդացի դիվանագետ Փեթրիք Մերֆիին, ով «Բիզնեսի տարի» հանդեսին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ 2012 թվականի ընթացքում կհաջողվի առաջընթաց ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

Նա ասել է հանդեսի թղթակցին, որ դրա համար հակամարտող կողմերից քաղաքական կամք է պահանջվում։

«Որպես Հարավային Կովկասում հատուկ բանագնաց` ես կանեմ հնարավորը հակամարտության խաղաղ կարգավորման համար», - ասել է Մերֆին եւ ավելացրել .- «Այդ նպատակով ես կներկայացնեմ մեր իռլանդական փորձը, թեպետ, իհարկե, ոչ մի հակամարտություն մյուսին նման չէ»։

Բանագնացը նշել է, որ հարկ է շփման գծից հեռացնել նշանառուներին եւ ձեռնպահ մնալ ուժի գործադրումից կամ դրանով սպառնալուց։

Փեթրիք Մերֆիի խոսքերով, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել կողմերի միջեւ վստահության մթնոլորտ ստեղծելու համար։

Մերֆին նաեւ ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափը։

«Մենք սատարում ենք Մինսկի խմբին», - ասել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ բանագնաց Փեթրիք Մերֆին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG