Մատչելիության հղումներ

Մայիսի 9-ի մամուլ


«Երկիր» թերթի խմբագրականն անդրադառնում է օրվա խորհրդին. - «Շուշիի վերանվաճելը եղավ մեր վերջին խոշորագույն ձեռքբերումը անկախ Հայաստանի 20-ամյա պատերազմի ընթացքում: Հետո հակառակորդին պարտադրեցինք հրադադարի գնալ, սակայն դա ավելի շուտ Շուշիի հերոսապատումի իներցիայի, քան հաղթանակի նոր հագրվանի արդյունք էր: Ահա թե ինչու Շուշին, որպես նվաճում, որպես հաղթելու կամքի առհավատչյա, մեր հավաքական գիտակցության մեջ փայփայում ենք այսպիսի հպարտությամբ: Սակայն հետո մենք ընտրեցինք անկման ու հետընթացի ճանապարհը։ Չփորձեցինք մեր արյան գնով արարված իրական հաղթանակը ամրապնդել մեր` որպես պետության, որպես հասարակության, կայացմամբ ու հզորացմամբ: Երբեմն տուրք տալով ընչաքաղցությանը, երբեմն` իշխանատենչությանը, անսխալականության բարդույթին, պարզապես մսխեցինք մեր ձեռքբերումները, այդ հաղթանակները փաստացի թողեցինք անտեր։ Եվ չնայած այսօր էլ ի լուր աշխարհի ասում ենք` մենք ենք այս հաղթանակի տերերը, սակայն ներքուստ դրան չենք հավատում»:

«Ժողովուրդ» թերթի խմբագիրը գրում է. - «Մայիսի 6-ի ընտրությունների վերաբերյալ երեկ հայտարարություններ արեցին խորհրդարան անցած գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Իր առաջիկա անելիքներն առավել հստակ ներկայացրեց Հայ ազգային կոնգրեսը` երեկվա հանրահավաքում հայտարարելով, որ դիմելու է Սահմանադրական դատարան` ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: Միեւնույն ժամանակ, երեկ հայտնի դարձավ, որ Կոնգրեսը չի պատրաստվում հրաժարվել մանդատներից, ինչը ՍԴ դիմելու ՀԱԿ-ի որոշումը տեղափոխեց ավելի շուտ ֆորմալ հարթություն: Ստացվեց, որ ՀԱԿ-ը մի կողմից չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները, սակայն մյուս կողմից` չսպառելով դրանց վիճարկման սահմանադրական հնարավորությունները` վերցնում է իր կողմից չընդունվող արդյունքներով ստացված օրենսդիր իշխանության իր մասնաբաժինը»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Ներկայումս կարեւոր հարցն այն է, թե արդյոք Սերժ Սարգսյանը կփորձի՞ Գագիկ Ծառուկյանից պահանջել սատարել իրեն նախագահի ընտրությանը: Օրինակ` երբ խորհրդարանական ընտրությանը ԲՀԿ-ն հանդես եկավ որպես ընդդիմություն, Սերժ Սարգսյանը կարողացավ այդ հանգամանքը ծառայեցնել ՀՀԿ-ի ծրագրերն առաջ մղելուն: ԲՀԿ-ն հանդես գալով ընդդիմության դիրքերից` փոշիացրեց ընդդիմադիր ընտրազանգվածը` խլելով նրա ձայների մի զգալի մասը: Միեւնույն ժամանակ, ԲՀԿ-ն կառավարեց Հայ ազգային կոնգրեսի գործողությունները` այդ միջոցով դրանք նաեւ ըստ էության կառավարելի դարձնելով ամբողջ իշխանության համար: Այդ մեթոդաբանությունն ու մեխանիզմը Սերժ Սարգսյանը կփորձի՞ կիրառել նաեւ երկրորդ անգամ, թե՞ առաջնորդվելով նույն գետը երկրորդ անգամ չմտնելու իմաստնությամբ, կգերադասի նախագահի ընտրությանը դիմել այլ մեխամիզմի եւ մեթոդաբանության»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է նորընտիր պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ: Նա ասում է. - «Դիտորդները սովոր են իրենց երկրների ցուցանիշներին եւ մեր երկրում իրավիճակը գնահատում են այս համատեքստում: Նրանցից շատերը առաջին անգամ էին Հայաստանում եւ չէին կարող ընտրությունների ընթացքը համեմատել նախկինների հետ ու արձանագրել առաջընթացը: Հենց այն դիտորդները, ովքեր նախկինում էլ են մեր երկրում առաքելություն կատարել, իրենց գնահատականներում նաեւ այդ համեմատություններն են արել ու բավական հստակ բարեփոխումներ են նկատել: Դիտորդները նախնական եզրակացությունում արձանագրել են տեղի ունեցած էական առաջընթացը: Ճիշտ է, նրանք չեն ասում, թե հաճելիորեն զարմացած են, սակայն փաստում են, որ ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու համար լուրջ ջանքեր են գործադրվել»:

Իսկ տեղական դիտորդներից Արթուր Սաքունցը զրուցել է «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ: Նա ասում է. - «Նրանց գնահատականը ոչ համարժեք էր` պայմանավորված նրանով, որ եւ ԵԱՀԿ-ն, եւ ԵԽԽՎ-ն, եւ Եվրոպական խորհրդարանը քաղաքական մարմին են եւ քաղաքական հսկողության ներքո են գտնվում: Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ մարդու իրավունքները ստորադասվում են քաղաքական շահերին: Տեսեք, ասում են խաղաղ է եղել: Հա, ճիշտ է, բռնություն չի եղել: Բայց բռնության կարիք չի եղել, որովհետեւ առաջադրված օլիգարխների կամ բիզնեսմենների աշխատողները արդեն բռնության ենթարկված, ստրկական վիճակում են գտնվում»:

please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG