Մատչելիության հղումներ

Հայաստանը ընդհանուր առմամբ դրական է գնահատում միջազգային դիտորդների զեկույցները


Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, ապրիլ, 2012թ.
Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, ապրիլ, 2012թ.
Հայաստանի արտգործնախարարությունը երկուշաբթի երեկոյան արձագանքեց մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եվրոպական կառույցները ներկայացնող դիտորդական խմբի զեկույցին։

Փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ասուլիսի ժամանակ ընդհանուր առմամբ դրական գնահատեց դիտորդական առաքելությունների հրապարակած զեկույցները` նշելով, որ բավարարված են բոլոր զեկույցներով։

«Բոլոր զեկույցները արտահայտում են այն գերակա խնդիրները, որոնք հետապնդում ենք», - ասաց Մնացականյանը։

Անդրադառնալով ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի զեկույցին, որում արձանագրվել էր, որ այս խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտարկվել են լուրջ խախտումներ, տիրել է վախի մթնոլորտ, արձանագրվել են Ընտրական օրենսգրքի խախտումներ եւ այլն, փոխարտգործնախարարը ասաց, թե այն բոլոր խնդիրները, որոնք շեշտադրվել են զեկույցում, հանդիսանում են արտգործնախարարության օրակարգային խնդիրները։

Զոհրաբ Մնացականյանի խոսքով` սա դասախոսների եւ ուսանողների հարաբերություններ չեն, այլ համագործակցություն է ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։

«Մենք հետաքրքրությամբ նայեցինք զեկույցը եւ մենք բավարարված ենք դրա բովանդակությամբ։ Զեկույցը արտահայտում է այն աշխույժ մրցակցային քաղաքական դաշտը, որ գործում է Հայաստանում, բազմաբնույթ մամուլը, բազմաթիվ այլ հարցեր։ Զեկույցում նշված տարբեր թերություններ շարունակելու են մնալ մեր օրակարգի մեջ», - հայտարարեց փոխարտգործնախարարը։

«Բաներ կան, որ կարող ենք չհամաձայնել, բայց սա երկխոսության գործընթաց է, եւ մենք կարող ենք համաձայնել-չհամաձայնել ոչ թե որպես հակադրություն, այլ` որպես համատեղ աշխատանք», - շարունակեց նա։

Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ Հայաստանը գտնվում է ժողովրդավարության հաստատման գործընթացում եւ հենց այդ նպատակով էլ համագործակցում է եվրոպական կառույցների եւ գործընկերների հետ` շարունակելով աշխատել առկա բացթողումների վրա։

«Մեր օրակարգը չափազանց ակտիվ է լինելու հաջորդ ամիսների համար, եւ այդ եռանդուն աշխատանքը շարունակելու ենք բոլոր ուղղություններով, որոնց հիմնական նպատակն է շարունակել Հայաստանի ակտիվ ներգրավումը բոլոր այդ գործընկերների հետ` ուղղված մեր երկրի զարգացմանը, ժողովրդավարական ինստիտուտների կառուցմանը, հաստատմանը, ուժեղացման»ը, - ասաց փոխարտգործնախարարը։

Պատասխանելով այն հարցին, որ ընտրախախտումների վերաբերյալ 84 դիմում է ներկայացվել, որոնցից երեքով քրեական գործ է հարուցվել, արդյոք այս հանգամանքը էական ազդեցություն չի՞ ունեցել ընտրությունների արդյունքի վրա, Զոհրաբ Մնացականյանը նշեց. - «Սա գործընթաց է` հարուցված գործերը եւ այլն, սա գործընթացի մաս է»։

please wait

No media source currently available

0:00 0:02:14 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG