Մատչելիության հղումներ

ՀՀԿ թեկնածուները հաղթել են 29 մեծամասնական ընտրատարածքներում


Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքներով իշխող Հանրապետական կուսակցության մեծամասնական թեկնածուները մեծ առավելության են հասել մյուս բոլոր ուժերը ներկայացնող մրցակիցների նկատմամբ:

Հանրապետության 41 ընտրատարածքներում Հանրապետականի առաջադրած 33 թեկնածուներից 29-ը ընտրվել են, ինչպես տեղեկացանք ընտրատարածքային հանձնաժողովներից, ինչը եւ հաստատեց Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրած 14 թեկնածուներից հաջողության են հասել 9-ը: Մեկ ընտրատարածքում «Օրինաց երկրի» թեկնածուն է հաղթել: Ընդդիմադիր ընդամենը մեկ թեկնածու` Դաշնակցության կողմից Արարատում առաջադրված գործող պատգամավոր Արայիկ Գրիգորյանն է մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվել: Մեկ ինքնաառաջադրված անկուսակցական թեկնածուի եւս հաջողվել է հաղթել մեծամասնականով: Թիվ 30 ընտրատարածքում փաստաբան Էդմոն Մարուքյանը ձայների առավելության է հասել չորս մրցակիցների, այդ թվում` նախկին անկախ պատգամավոր, այս ընտրություններում Հանրապետականի կողմից առաջադրված Վիկտոր Դալլաքյանի նկատմամբ:

Հայ Ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» մեծամասնական թեկնածուներից որեւէ մեկը չի հաղթել:

Առավել աղմկահարույց ընտրատարածքներից Ավանն ու Նոր Նորքն ընդգրկող թիվ 1-ում հանրապետական Ռուբեն Հայրապետյանն է ընտրվել նախնական տվյալներով՝ շուրջ 10 հազար ձայնով գերազանցելով «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանին եւ ՀԱԿ-ի թեկնածու Գայանե Առուստամյանին: Թիվ 2-ում հանրապետական Սամվել Ֆարմանյանն է առավելության հասել ընդդիմադիր Վլադիմիր Կարապետյանի նկատմամբ: Մալաթիա-Սեբաստիայի թիվ 7 ընտրատարածքում, ըստ նախանական տվյալների, Սամվել Ալեքսանյանը ստացել է 19 250 ձայն, Նիկոլ Փաշինյանը 9099: Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում հանրապետական Գարեգին Նուշիկյանը «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ ընդդիմադիր Սարիբեկ Սուքիասյանից առաջ է անցել ընդամենը շուրջ 440 ձայնով, ընդ որում այստեղ անվավեր քվեաթերթիկների թիվն անցնում է երկու հազարից: Էրեբունի-Շենգավիթի թիվ 12 ընտրատարածքում էլ հաղորդվում է ԲՀԿ-ի թեկնածու, նախկին գումարման խորհրդարանի պատգամավոր Լյովա Խաչատրյանի հաղթանակի մասին, որի մրցակիցներն էին «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդի Տիգրան Տեր-Պետրոսյանը, լրագրող Գոհար Վեզիրյանն ու ՕԵԿ-ական Ռոբերտ Մասումյանը. Թիվ 13-ում հանրապետական Մհեր Սեդրակյանն է հաղթել ՀԱԿ թեկնածու Վիոլետա Պետրոսյանին:

Ինչ վերաբերում է մարզերի աղմկահարույց ընտրատարածքներին, Հրազդանի թիվ 25 ընտրատարածքում առաջադրված, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին այդպես էլ չհաջողվեց առավելության հասնել ԲՀԿ-ի 37-ամյա թեկնածու Դավիթ Քոչարյանի նկատմամբ, չնայած կեղծվող ընտրությունների մասին Միքայելյանի բազմաթիվ հայտարարություններին: Արմավիրի թիվ 21 ընտրատարածքում էլ հանրապետական Ալեքսան Պետրոսյանին հաջողվեց հաջողության հասնել. հիշեցնենք` ընտրարշավը դեռ չսկսված այստեղ ծեծկռտուք տեղի ունեցավ, որի հետեւանքով ուղեղի ցնցում ստացած անկուսակցական Մերուժան Մխոյանն ինքնաբացարկ հայտարարեց:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի մրցակցությանը, ապա 5 ընտրատարածքներում ՀՀԿ-ն է ԲՀԿ-ին հաղթել, երեքում ԲՀԿ-ի թեկնածուները՝ ՀՀԿ-ին:

Հանրապետական կուսակցությունը «իրատեսական» է համարում մեծամասնական ընտրակարգով ստացված պատկերը: Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք անակնկալի չեն եկել: Իշխող կուսակցությունը այս ընտրությունները ազատ եւ արդար է համարում:

«33-ից 29-ը իրատեսական ցուցանիշ է, կարող էր նաեւ ավելին լինել, որովհետեւ մենք երբ առաջադրեցինք մեծամասնական թեկնածուներին, առաջնորդվեցինք ոչ թե օլիմպիական սկզբունքով, որ կարեւորը մասնակցությունն է, այլ առաջադրեցինք մոնիտորինգի ենթարկելով այդ ողջ դաշտը: Ով լուրջ շանս ուներ հաջողության հասնելու, առաջադրեցինք այդ ընտրատարածքներում», - ասաց Շարմազանովը:

ԲՀԿ-ն հրաժարվեց այսօր որեւէ մեկնաբանությամբ հանդես գալ, թե արդյո՞ք իրեն բավարարում է 9 մեծամասնական մանդատը:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով փաստորեն հաջողության չհասավ այս ընտրություններում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես ներկայացրեց կատարվածը. - «Ընտրություններ փող տվողի եւ չտվողի միջեւ… Սա շատ ցավով եմ արձանագրում, բայց սա մեր հասարակությունն է, որը ամեն ինչ առնելով ու ծախելով է պատկերացնում, եւ ամեն պարագայում ելակետը դարձել է փողը: Արժեքային համակարգ, որի վրա հիմնված պետք է լինի որեւէ հասարակություն, որպեսզի այնտեղ չլինի ճահիճ, փաստորեն մենք չունենք: Բոլոր այն խոսքերը, որ Հանրապետական կուսակցության անդամները շռայլում էին, թե բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու են, թե նոր արժեքներ են բերելու Ազգային ժողով, բոլորը դատարկ խոսքեր դուրս եկան: Բոլոր մականանունավորներին տարան Ազգային ժողով»:

ՀԱԿ ներկայացուցիչ, թիվ 7 ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանի հետ մրցած Նիկոլ Փաշինյանը եւս հայտարարում է կեղծված ընտրությունների մասին: Բայց Փաշինյանն ասում է, որ իր «30 վայրկյանում հեղափոխության» ուղերձը մարդկանց որոշակի զանգվածի արձագանքին է արժանացել:

«Իմ առաջադրման նպատակը ոչ այնքան այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրվելն էր, այլ պայմաններ ստեղծելը, որ ընտրատարածքի ընտրողը ունենա այլընտրանք: Ընտրատարածքի ընտրողը ունեցա’վ այլընտրանք: 7-րդ ընտրատարածքում, որը իրենից իրոք մի նորօրյա Օսվենցիմ էր հիշեցնում` այդ ռեժիմի բիրտությամբ եւ լկտիությամբ, այդտեղ 9 հազար մարդ դիրքորոշում է արտահայտել, եւ ես հպարտ եմ, որ 9 հազար մարդուն այդ դիրքորոշումը արտահայտելու հնարավորություն տվել եմ», - ասաց Փաշինյանը:

ՀԱԿ-ը իր պաշտոնական դիրքորոշումը կարտահայտի ավելի ուշ:

please wait

No media source currently available

0:00 0:05:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG