Մատչելիության հղումներ

Արտակարգ պատահար Հանրապետության հրապարակում․ կան տուժածներ


Արտակարգ պատահար Հանրապետության հրապարակում․ կան տուժածներ
please wait

No media source currently available

0:00 0:05:20 0:00
Երեւանի Հանրապետության հրապարակում, որտեղ նախատեսված էր ՀՀԿ-ի եզրափակիչ հանրահավաքը, տեղի է ունեցել արտակարգ պատահար։

Հանրահավաքին նախորդած համերգի ընթացքում բռնկվել են հանրահավաքին մասնակցող երիտասարդների ձեռքերին գտնվող գազով լեցուն հարյուրավոր փուչիկները։ Կան բազմաթիվ տուժածներ։

Նրանց «Շտապօգնության» մեքենաներով տեղափոխել են մայրաքաղաքի հիվանդանոցներ։ Բժիշկներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին հրապարակում հայտնեց, որ շուրջ 50 երիտասարդներ՝ հիմնականում ուսանողներ, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Երեւանի հիվանդանոցներ։

Միջադեպից րոպեներ անց համերգը շարունակվեց։ Այնուհետեւ ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։

Այրվածքաբանության կենտրոն, ուր տեղափոխվել են տուժած երիտասարդներից շատերը, ժամը 21-ին մոտ այցելեցին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տիգրան Սարգսյանն ասաց, որ Առողջապահության նախարարը ամփոփել է իրավիճակը, մոտավորապես 50 հոգի են տարբեր հիվանդանոցներում` տարբեր աստիճանի այրվածքներով. - «Բայց թեթեւ այրվածքներ են: Տուժածների մի մասը առաջին օգնություն է ստացել եւ տուն է գնացել»:

Ուշ երեկոյան Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ անցկացվել է խորհրդակցություն: Ոստիկանապետը հրահանգել է աշխատել ողջ գիշեր, ստուգել բոլոր վարկածները եւ բացահայտել կատարվածի ամբողջական պատկերը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։

Քննարկվում է մի քանի վարկած


Վլադիմիր Գասպարյանի հրամանով արդեն ձևավորվել են մի քանի ուղղությամբ աշխատող օպերատիվ խմբեր: Իրականացվում են այցելություններ հիվանդանոցներ, հարցման են ենթարկվում պատահարի վայրում ներկա գտնվողները և տուժածները, միջոցներ են ձեռնարկվում բռնկման անմիջական ականատեսներին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի մյուս մանրամասները պարզելու նպատակով պահանջվում են անհրաժեշտ փաստաթղթեր և այլ նյութեր:

Ներկայումս իրականացվող քննությամբ քննարկվում է պատահարի պատճառի մի քանի հավանական վարկած` ինքնաբռնկում, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը և այլ վարկածներ:

Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «որեւէ դիտավորություն բացարձակ չի եղել», փուչիկները բռնկվել են, հավանաբար, այրվող ծխախոտի կամ վառիչի հետ անզգույշ վարվելու հետեւանքով:

«Չի կարելի ասել շատ, բայց որոշ անձինք ստացել են այրվածքներ, տրավմաներ: Խուճապը շատ մեծ չէր, օգնություն միանգամից ցույց է տրվել, մոտակա հիվանդանոցներն են հասցվել [տուժածները]: Դժբախտ պատահար իսկապես», - ասաց նա` շարունակելով. - «Քննություն կտարվի, կտեսնենք»:

Հարցին, քրեական գործ հարուցվե՞լ է, Նազարյանը արձագանքեց. - «Կհարուցվի, իհարկե: Ամեն ինչ կարվի»:

Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, «Արմենիա» բժշկական կենտրոն ` 20, Կլինիկական թիվ 1 հիվանդանոց` 9, Պռոշյան թիվ 3 հիվանդանոց` 20, «Հերացի» թիվ մեկ հիվանդանոց` 20, «Նաիրի» բժշկական կենտրոն` 20, Մուրացանի բժշկական կենտրոն` 7 հոգի, Սբ. Աստվածածին ծննդատուն` 2 երեխա: Նախնական տվյալներով, մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մոտ 144 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG