Մատչելիության հղումներ

Վարչական ռեսուրսի չարաշահման նոր փաստեր են արձանագրվել


Հայաստան -- Դպրոցականները մասնակցում են ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը Արմավիրում, արխիվ
Հայաստան -- Դպրոցականները մասնակցում են ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը Արմավիրում, արխիվ
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը հրապարակել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը։

«Թեեւ ապրիլի 8-ին մեկնարկած եւ բուռն ընթացք ունեցող քարոզարշավի մասնակիցները հիմնականում ապահովված են քարոզչության, ինչպես նաեւ նախընտրական կարգախոսներ տեղակայելու համար համապատասխան տարածքների հնարավորություններով, այնուամենայնիվ եղել են քարոզչությանը խոչընդոտելու, այդ թվում` ծեծկռտուքի երկու դեպք Երեւանում», - այս մասին իր երկրորդ միջանկյալ զեկույցում, որը հրապարակվել է այսօր, արձանագրում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը:

Զեկույցը, մասնավորապես, նշում է, որ արձանագրվել են ընտրական օրենսգրքի՝ քարոզչությունը կարգավորող դրույթների խախտումներ: Մասնավորապես, նկատի են առնվում այն դեպքերը, երբ դպրոցներում ուսուցիչներին եւ աշակերտներին առաջարկվել է մասնակցել Հանրապետական կուսակցության նախընտրական միջոցառումներին: Ընգծվում է նաեւ, որ որոշ կուսակցությունների քարոզչական նյութերը տեղադրվել են մունիցիպալ նշանակության շենքերի եւ ընտրական տեղամասերի վրա:

ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի օգտագործման այլ փաստեր էլ են արձանագրվել, օրինակ՝ Կապանում շտապ օգնության մեքենայի օգտագործումը քարոզչական միջոցառման մասին հայտարարելու նպատակով: Այլ օրինակ․ երկարաժամկետ դիտորդները արձանագրել են, որ Թալինում տեղական հարկային ծառայության աշխատակիցները զրուցել են այն մասին, որ նրանք աշխատանքից շուտ են ազատ արձակվել՝ ապրիլի 20-ին Թալինում ՀՀԿ-ի հանրահավաքին մասնակցելու պայմանով:

Քարոզչական պաստառների եւ նյութերի օգտագործումը սահմանափակող նոր օրենսդրական կարգավորումները, ըստ փաստաթղթի, հիմնականում պահպանվում են: Եղել են մի քանի բացառություններ, երբ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը իրենց պաստառները փակցրել են տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա կամ ընտրական տեղամասերում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արձանագրել է նաեւ ՀՀԿ-ի կուսակցական դրոշակների տեղադրումը մի շարք դպրոցներում՝ Վանաձորի եւ Արմավիրի մարզերում:

Զեկույցը Հայ ազգային կոնգրեսի կողմից հանրահավաքների ժամանակ վիրավորական լեզվի օգտագործման որոշ դեպքեր է արձանագրել:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը նաեւ արձանագրում է․ - «Գագիկ Ծառուկյանի սեփականությունը հանդիսացող բիզնեսի կողմից տարբեր շրջաններում տրակտորներ տրամադրելը փաստացի կուսակցության քարոզարշավի բաղադրիչ է»։

Զեկույցը նաեւ նշում է, որ բոլոր կուսակցությունները եւ հիմնական լրատվամիջոցները մտահոգություն են հայտնում ընտրողների ցուցակների որակի, ձայների գնման եւ քաղաքացիների գրանցման ընթացակարգերի հետ կապված:

«Որոշ պետական մարմինների ներկայացուցիչներ եւս մտահոգություն են հայտնել մեծ թվով նոր անձնագրերի տրամադրման վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները եւ մեկ դաշինքը արտահայտել են իրենց պատրաստակամությունը՝ թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Մեկ այլ էական մեջբերում փաստաթղթից․ - «ԿԸՀ-ն չի ընդունել դրույթ, ինչով կսահմանվեր թեկնածություն առաջադրելու իրավունք ունենալու համար անհրաժեշտ հինգ տարվա մշտական բնակության պահանջը, չի սահմանել այն հաստատելու համար հստակ եւ օբյեկտիվ ընթացակարգեր: Գործնականում, Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից նման վկայագրեր տալիս ցուցաբերվել է ոչ միատեսակ մոտեցում: Ավելին, ԿԸՀ-ի եւ դատարանի կողմից ուսումնասիրված գործերը ցույց են տվել, որ որոշ թեկնածուների համար հստակ չէր գրանցման համար մշտական բնակության պահանջը: Չի պարզաբանվել նաեւ այն հարցը, թե արդյոք թեկնածուները կարող են անվճար երթեւեկություն տրամադրել ընտրողներին ընտրության օրը»։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած փաստաթուղթն անդրադառնում է նաեւ լրատվամիջոցների կողմից խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի լուսաբանմանը, արձանագրելով, որ մինչ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը մշտադիտարկման տակ գտնվող լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են երկրի նախագահի ու վարչապետի գործունեությունը: Ապրլի 8-ից հետո, սակայն, ըստ զեկույցի, այդ միտումը էապես նվազել է, եւ ԶԼՄ-ների ուշադրության տակ են հայտնվել բոլոր հիմնական կուսակցություններն ու մեկ դաշինքը: Հանրային հեռուստաընկերությունը, ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, կատարել է բոլոր մասնակիցներին ազատ եթերաժամ տրամադրելու իր պարտավորությունը:

Հանրային հեռուստաընկերությունը իր նորություններում 21 տոկոսի չափով լուսաբանել է ՀՀԿ-ին, ներառյալ, քարոզչական միջոցառումները, որոնցում նախագահ Սարգսյանը մասնակցել է որպես կուսակցության նախագահ: 22 տոկոս հատկացվել է Հայ ազգային կոնգրեսին, 11 տոկոս՝ «Ժառանգությանը», 13 տոկոս՝ ՕԵԿ-ին, 9 տոկոս ՀՅԴ-ին եւ 7 տոկոս՝ ԲՀԿ-ին:

Հանրային ռադիոն նույն չափով է լուսաբանել համամասնական ընտրակարգով գրանցվածներին:

Զեկույցը փաստում է, որ ապրիլի 17-ից սկսած ոստիկանությունը քննության է առել հնարավոր ընտրական իրավախախտումների 14 դեպք:

Նշվում է նաեւ, որ ապրիլի 20-ի դրությամբ ԿԸՀ-ն ստացել է ավելի քան 80 բողոք, որոնց ճնշող մեծամասնությունը ներկայացվել է միեւնույն անձի կողմից: Թեպետ դրանց քննությունը մերժվել է, այն հիմքով, որ անհատ քաղաքացիներն իրավունք չունեն իրենց անձնական ընտրական իրավունքներին չառնչվող բողոքներ ներկայացնել, այնուամենայնիվ, ԿԸՀ-ն ուսումնասիրել է այս բողոքներից որոշների հիմքերը եւ չի հայտնաբերել Ընտրական օրենսգրքի խախտումներ:

please wait

No media source currently available

0:00 0:05:10 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG