Մատչելիության հղումներ

Ապրիլի 26-ը մտավոր սեփականության համաշխարհային օրն է


Հայաստանը 1993 թվականից Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության եւ 1995 թվականից` Եվրասիական արտոնագրային կազմակերպության անդամ է։ Գործակալության խնդիրն է Հայաստանում ապահովել մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանությունը:

Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության պահպանության ազգային համակարգի ձեւավորումը սկսվել է 1992 թվականի հունվարին Հայաստանի կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության եւ 1993 թվականի դեկտեմբերին Հեղինակային իրավունքի ազգային գործակալության ստեղծմամբ։

Հետագայում, 2002 թվականի մարտին այս երկու մարմինների միաձուլմամբ ստեղծվեց Մտավոր սեփականության գործակալությունը, որն ունի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կազմում գործող առանձնացված ստորաբաժանման կարգավիճակ։ Նույն թվականին կառավարությունը հաստատել է գործակալության կանոնադրությունը եւ կառուցվածքը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանի խոսքով, մտավոր սեփականությունը ասելով պետք է հասկանալ իրավունքներ:

«Գործակալության խնդիրը, առաջին հերթին, այդ իրավունքների գրանցումն է եւ դրանց մասին, բնականաբար, տեղեկատվության հրապարակումը: Մենք պաշտոնական տեղեկություններ ենք հրապարակում գրանցված յուրաքանչյուր արդյունաբերական սեփականության օբյեկտի մասին», - ասում է Խաչիկյանը:

Մտավոր սեփականությունը երկու հիմնական կետից է բաղկացած` 1. Հեղինակային իրավունք (այն վերաբերում է գիտական, գրական ստեղծագործություններին), եւ 2. Արդյունաբերական սեփականություն, դրանք վերաբերում են գյուտերին, ապրանքանշաններին, արդյունաբերական նմուշներին:

Անդրանիկ Խաչիկյանը հավելեց, որ այս տարի առաջին եռամսյակում իրենք ստացել են գյուտերի գրանցման 54 հայտ:

Գործակալությունը իրավունքների խախտումների հետ կապված որեւէ գործառույթ չունի: Չնայած դրան մարդիկ շատ հաճախ դիմում են գործակալությանը, ոլորտին առնչվող խախտումների պարզաբանման ակնկալիքով: Անդրանիկ Խաչիկյանը նշեց, որ հիմնական խախտումները վերաբերում են ապրանքային նշաններին:

Վերջերս «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը խոսել էր Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին օրենքից, որն ընդունվեց, բայց մինչեւ այսօր չի գործել:

Անդրանիկ Խաչիկյանը նշեց, որ ըստ որոշ հետազոտությունների՝ կան մոտավորապես 90-95 տոկոս առանց իրավատիրոջ թույլտվության ապրանքներ, որոնք դրված են շրջանառության մեջ:

please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG