Մատչելիության հղումներ

2011-ից Հայաստանը հայտարարվել է մալարիայից ազատ տարածք


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ապրիլի 25-ը նշում է որպես մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օր: Այսօր աշխարհում շուրջ 3,3 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի տակ: Ամեն տարի արձանագրվում է ավելի քան 200 միլիոն մալարիայի եւ մալարիայից մահվան շուրջ 700 հազար դեպք:

Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի խոսքով, Հայաստանի հանրապետությունը մալարիայի առաջացման եւ տարածման համար համարվում է նպաստավոր երկիր: Միայն 31 տարի` 1963-1994 թվականներին Հայաստանը կարողացել է զերծ մնալ մալարիայից:

Սակայն 1994 թվականից Հայաստանում Արարատի եւ Արմավիրի մարզերում գրանցվեցին մալարիայի դեպքեր եւ արագ կերպով սկսեցին տարածվել ողջ տարածաշրջանով:

Հիվանդության բռնկման հիմնական պատճառները առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Դավիդյանցը կապում է ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական վատ պայմանների ու ճգնաժամի հետ:

«Բլոկադա էր, գումարներ չկային, էլեկտրականություն չկար, իսկ մալարիան են հիվանդությունն է, որ դու պետք է պայքարես, մանավանդ, որ այն կապված է շրջակա միջավայրի, տարբեր գերատեսչությունների հետ, եւ նաեւ պատերազմը, որ մենք ազատագրեցինք հայկական տարածքները, բայց դրանք եղել են մալարիայի օջախներ, եւ մենք փաստորեն ունեցանք արմատավորված դեպքեր», - ասաց Դավիդյանցը:

1998 թվականը Հայաստանի համար այս հիվանդության առումով եղել է ամենածանր տարին` արձանագրվել է 1156 դեպք: Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ` սկսվեցին մեծածավալ աշխատանքներ իրականացվել հիվանդությունը կանխելու համար` ֆինանսական մեծ ներդրումների փնտրտուք, կադրերի պատրաստում, շահագրգիռ գերատեսչությունների ներգրավում` ոչ միայն Հայաստանից, եւ սկսվեցին աշխատանքներ իրականացվել միջատների ոչնչացման, ճահճուտների չորացման, ջրագծերի մաքրման հետ կապված, որոնք էլ տարածման հիմնական աղբյուր էին հանդիսանում: 1999 թվականից Հայաստանում սկսեց նվազել մալարիայով հիվանդության դեպքերի թիվը, եւ վերջին 3 դեպքերը գրանցվել են 2005 թվականին:

Արտավազդ Վանյանը նշում է, որ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստան հրավիրվեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների մի քանի խմբեր այստեղ վիճակը գնահատելու եւ եզրակացություններ տալու համար:

«Փորձագիտական եզրակացությունների հիման վրա էլ 2011 թվականի հոկտեմբերին մեր երկիրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պաշտոնապես համարվեց որպես մալարիայից ազատ տարածք: Սա միջազգային ասպարեզում մեր երկրի բարձրացման հարցն էր հատկապես զբոսաշրջության ոլորտում», - ասաց Վանյանը:

Արարատի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Ստեփան Խաչատրյանը նշում է, որ իրենց մարզում, որը տարածաշրջանում այս վարակի առումով ամենախոցելի վայրերից մեկն է, այսօր էլ շարունակում են աշխատանքներ իրականացնել տարածքի ընդհանուր վիճակը հսկողության տակ պահելու համար:
please wait

No media source currently available

0:00 0:03:25 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG