Մատչելիության հղումներ

Իններորդ արվեստ


Կոմիքսներ, արխիվային լուսանկար
Կոմիքսներ, արխիվային լուսանկար

Պատկերապատման 3-րդ միջազգային փառատոնը Հայաստանում:

Լիլիթ Մանարյանը մասնագիտությամբ երաժիշտ է, նույնիսկ փառատոնի բացման արարողության ժամանակ իր գործիքը` ֆլեյտան իր հետ էր: Նա պատմում է, որ նկարում է վաղուց, եւ իրեն ավելի հոգեհարազատ են մանկական, թեթեւ պատմվածքները, եւ իր պատկերապատումների հիմքում հիմնականում անիմացիաներ են, թեեւ լուրջ աշխատանքներ էլ ունի:

Քաղաքական թեմաներով չի սիրում ստեղծագործել: Ասում է` ո’չ առիթ է եղել, ո’չ էլ նույնիսկ ցանկություն կունենա առիթի դեպքում:

«Ես մեր գուսանների նման եմ. ինչ տեսնում եմ` այն էլ երգում եմ: Ես կարծում եմ, որ եթե ուզում ես նկարել, պետք է նկարես: Կոմիքսները ես ինտելեկտուալ արվեստ եմ համարում: Հայաստանի պատկերապատման փառատոնը շատ նպաստեց, որ մարդիկ ինչ-որ կերպ առնչվեն այս արվեստին», - նշում է Լիլիթ Մանարյանը:

Լիլիթը մասնակցել է պատկերապատման վարպետության դասերի Հայաստանում եւ Ֆրանսիայում: Պատմում է, որ Ֆրանսիայում ձերբազատվել է իրեն խանգարող մի շարք բարդույթներից:

Հայաստանի պատկերապատման զարգացման միությունը 6 տարվա պատմություն ունի, ստեղծվել է Ֆրանսիայում եւ նպատակ ունի Հայաստանում խթանել պատկերապատման արվեստի զարգացումը:

Պատկերապատումները մարդկանց առավել հայտնի են կոմիքսներ անվամբ, որոնք իրենցից ներկայացնում են փոքրիկ նկարներ` հիմքում ունենալով որեւէ պատմություն:

«Ցանկացած արվեստի զարգացում Հայաստանում ինձ համար կարեւոր է: Ամբողջ աշխարհում պատկերապատումը համարվում է իններորդ արվեստ: Ցավոք սրտի, նախկին Սովետական Միության տարածքում գտնվող երկրներում այդ արվեստը անտեսված էր», - ասաց Հայաստանի պատկերապատման զարգացման միության փոխնախագահ Ագաթա Բադալյանը:

Ագաթան ինքն էլ է նկարում եւ սիրում է աշխատել ավելի շատ երեխաների եւ դեռահասների համար:

Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են անիմացիոն ֆիլմեր, որոնք հիմնված են պատկերապատման վրա: «Իմ Հայաստան, իմ Երեւան թեմայով» ցուցադրություն է լինելու, որտեղ ներկայացվելու են միայն հայ պատկերապատողների աշխատանքները:

Պատկերապատման փառատոնին ներկայացված են արտասահմանցի եւ հայ նկարիչների աշխատանքներ: Թեմաները տարբեր են, հատուկ բաժին է հատկացված «Երբեք չմոռանանք նրանցից ոչ մեկին» խորագրին, որը նվիրված է ցեղասպանություններին:

Պատ Մասյունին ապրում է Փարիզում: Փառատոնի ներկայացված է Աֆրիկայի ջարդերը պատկերող պատկերապատման նրա շարքը:

Նա պատմում է, որ դպրոցական տարիներին լսել է Հայոց ցեղասպանության մասին եւ շատ մտահոգվում է, երբ մի ազգ փորձում է ոչնչացնել մեկ ուրիշ ժողովրդի: Հայոց ցեղասպանության մասին աշխատանքներ դեռեւս չունի:

please wait

No media source currently available

0:00 0:07:01 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG