Մատչելիության հղումներ

Ծառուկյանը ժողովրդին հորդորեց պահանջողի դերում լինել


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հինգշաբթի օրը Լոռու մարզում էր:

Ալավերդի քաղաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընտրողներին հորդորեց մայիսի 6-ին գնալ ընտրություն եւ ձայնը տալ նրան, ում հավատում են, ում գործը տեսել են:

«Մեկ օր է, գնացեք մասնակցեք, ձեր ձայնը տվեք նրան, ում վստահում եք, ում հետ հույս եք կապում: Ճարտար խոսելուն մի նայեք, բոլորն էլ ճարտար, գեղեցիկ [խոսում են]… կյանքում հազար դոլար չեն աշխատել, բայց միլիարդներից են խոսում կամ ասում են` բոլոր թոշակները միանգամից կտան, ավանդները մի րոպեում կտան: Պետք է խոսենք բյուջեի սահմաններում, ինձ ճիշտ հասկացեք», - ասաց Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդն ասաց` ժողովրդից է կախված իր ապագան:

«Եթե դուք իրեն ձայն եք տալիս, նա պարտավորվածություն ունի ծառայելու ձեզ, ձեր քաղաքին, ձեր ժողովրդին, որովհետեւ դա իր հոր սեփականությունը չէ, չի կարելի այդպես: Դուք պետք է կարողանաք ձեր իրավունքներին տիրապետել եւ պահանջողի դերում լինել: Այնպես, որ նորից եմ ասում, ձեզնից է կախված, թե ձեր առաջիկա հինգ տարիները ինչպես եք ապրելու, ինչ կառավարություն եք ունենալու եւ ինչ հնարավորություններ են ձեզ տրվելու, ինչ ուշադրություն է դարձվելու», - ասաց նա:

Ինչպես Ալավերդիում, այնպես էլ Դիլիջանում Ծառուկյանը նշեց, որ ինքը անկեղծ է ժողովրդի հետ եւ ոսկե սարեր չի խոստանում:

«Ես խոսելու եմ անկեղծ, որ ձեզ համար համ հասկանալի լինի, համ ընկալելի լինի: Պարոն Ծառուկյանը քաղաքականության մեջ մտնել է ոչ թե իր անձնականի համար, պաշտոն ստանալու, գումար դիզելու համար, այլ իր երեխաների ապագայի համար, մեր երկրի, մեր ժողովրդի համար», - ասաց նա:

Ծառուկյանը նաեւ խոսեց ԲՀԿ-ի նախընտրական ծրագրի մասին` նշելով, որ այն անդրադառնում է բոլոր ոլորտներին, սակայն առաջնայինը մարդկանց զբաղվածության խնդիրը լուծելն է: Նա նաեւ վստահեցրեց, որ ԲՀԿ-ի թիմը ծանոթ-բարեկամով չի հավաքվել, նրանց միավորում են գաղափարները, եւ նրանք պատրաստակամ են աշխատել ժողովրդի ապագան բարեկեցիկ դարձնելու համար:

«Մեր ծրագիրը ոչ թե օդից է վերցված, այլ ժողովրդի վիճակից ելնելով է վերցված` սկսած թոշակից, ավանդներից, ուսանողից, աշխատողից, ծառայողից, թոշակառուից: Հնարավորության դեպքում առաջին երեք ամսվա ընթացքում դուք դա օր օրի կզգաք, որովհետեւ կա սկզբունք, կա ծրագիր», - ասաց Ծառուկյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաքվածներից ոմանք նշեցին, որ թեեւ չունեն ԲՀԿ-ի անդամատոմս, սակայն համակրում են հենց այս կուսակցությանը: Հանդիպմանը եկել էին ինչպես կուսակցականներ, այնպես էլ քաղաքականությամբ հետաքրքրվողներ:

«Ոչ մի կուսակցություն ոչ մեկին օգնություն ցույց չի տալիս, բայց Գագիկ Ծառուկյանը բոլորին էլ օգնում է», - ասաց տարեց մի մարդ:

Հանդիպման վերջում, ինչպես մյուս վայրերում, Ալավերդիում մի շարք քաղաքացիներ իրենց նամակները հանձնեցին ԲՀԿ առաջնորդին:

please wait

No media source currently available

0:00 0:03:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG