Մատչելիության հղումներ

Բուզանդի 25 շենքի բնակիչները զրկված են ոչ միայն բնակարաններից


Սեդրակ Բաղդասարյան
Սեդրակ Բաղդասարյան
2005 թվականից Բուզանդի 25 շենքի բնակիչ Սեդրակ Բաղդասարյանը իր ընտանիքի անդամների հետ հայտնվել է փողոցում: Պապից ժառանգած սեփական տունը իր հողատարածքով 2004 թվականին իրացվել է:

115 քառակուսի մետր տարածքի դիմաց պետությունը Բաղդասարյաններին վճարել է 20 հազար դոլար, ինչը չի բավականացրել նույնիսկ ծայրամասում տուն գնելու համար: 2006 թվականի սկզբին Բաղդասարյաններն իրացման գոտու այլ բնակիչների հետ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Խախտումները շարունակական բնույթ էին կրում: Եթե 2000-ական թվականներին խախտում էին քաղաքացիների իրավունքները, այսօր մեր կառավարությունը դուրս է եկել միջազգային ատյան, այնտեղ է խաբեությամբ զբաղվում», - նշում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

Փաստաբանների պալատի իրավաբան Արթուր Գրիգորյանի խոսքով՝ 2011 թվականին Եվրադատարանը, ընդունելով կառավարության միակողմանի հայտարարությունը, այդ գործերը հանել է քննարկման ենթակա գործերի ցուցակից:

«Հայաստանի կառավարությունը պարտավորվել էր իր միակողմանի հայտարարությամբ 3 դիմողներին հատկացնել 3 բնակարաններ իրենց տների նախկին վայրում կառուցված շենքում: Շենքը կառուցողը «ԳՐԻԱՐ»ՓԲԸ-ն էր: Որոշումները ստանալուց հետո երեք ամսվա ժամկետում պիտի կատարվեին այդ որոշումները», - ասում է Գրիգորյանը:

Սակայն իրավաբանի հավաստմամաբ՝ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանն, իր մոտ հրավիրելով դիմողներին, տեղեկացրել է, որ մինչեւ նոր բնակարան ստանալը նրանք պետք է վերադարձնեն 2005 թվականին տրված բնակարանների հատկացումները:

«Մենք ավելի քան համոզված էինք, որ այստեղ մենք ավելի շատ գործ ունենք իրենց պարտավորությունները չկատարելու պատրվակի հետ, եւ մեր սպասումները, ցավոք, արդարացան: Վերջերս մենք կադաստրի պետական կոմիտեից ստացանք 3 տեղեկանք այն մասին, որ այդ երեք բնակարաններն այժմ պատկանում են տարբեր մասնավոր անձանց: ՀՀ կառավարությունն ակնհայտ միջոցներ չի ձեռնարկել եւ «ԳՐԻԱՐ»ՓԲԸ-ն, որի անվամբ էլ գրանցված է եղել այդ շենքը, շատ հանգիստ օտարել է այդ երեք բնակարանները», - նշում է փաստաբանը:

Չնայած որ բնակարանները օտարված են, սակայն կառավարությունը բնակիչներին այլընտրանքային որեւէ տարբերակ չի առաջարկել:

Գրիգորյանը նշում է, որ մի քանի օր առաջ դիմում են ներկայացրել Եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքի նախագահ Հովսեփ Կասադեւալին եւ խնդրել, որպեսզի գործերը ցուցակում վերականգնելուց հետո այլեւս բնակարանի տրամադրման տարբերակաները մոռացվեն, քանի որ դրանք արդեն իսկ օտարված են, եւ դատարանը քննարկի այդ բնակարանների շուկայական արժեքները իր վստահորդներին տրամադրելու հարցը:

«Չկա բնակարան, խնդրեմ, դրա շուկայական արժեքը տվեք: Դեռեւս մենք այս կապակցությամբ պաշտոնական պատասխան չենք ստացել, բայց ելնելով սովորաբար կիրառվող ժամկետներից՝ կարող եմ մոտավորապես ասել, որ ապրիլ ամսվա մեջ մենք մի բան կունենաք», - նշում է Գրիգորյանը:

Բացի այն, որ Բաղդասարյանի ընտանիքը զրկված է սեփական բնակարանից, նա, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ունենալով ընտրական իրավունք, 2007 թվականից չի կարողանում իրականացնել իր քաղաքացիական պարտքը:

«2008 թվականի նախագահական ընտրություններին նույնը կրկնվեց: Եվ երբ մենք դիմեցինք դատարան, կայացվեց վճիռ, որ մեզ թույլ չեն տալիս մասնակցել ընտրություններին, իսկ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ մենք միակողմանի գրանցումից հանված ենք: Իմ անձնագրի մեջ առ այսօր կնիքը կա, որ ես գրանցված եմ Բուզանդ 25 բնակարան 16 հասցեում: Հիմա ընտրություններ են եւ նույն վիճակն է», - ասաց Բաղդասարյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:16 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG