Մատչելիության հղումներ

Շաբաթօրյակ Երեւանի փողոցներում


Երեւանի քաղաքապետարանը առաջիկա 4 շաբաթ օրերին անցկացնելու է մայրաքաղաքի մաքրում, բարեկարգում` շաբաթօրյակ: Համապատասխան աշխատանքների համակարգումը հանձնարարվել է թաղապետարաններին:

Այսօր շաբաթօրյակներից առաջինն էր: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության պահանջով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ 100 ուսանող մասնակցեց Օղակաձեւ զբոսայգու մաքրման աշխատանքներին։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողների աշխատանքը համակարգում էր ուսանողական խորհրդի անդամ Վարդանը։ «Սովորական օր է բոլորիս համար, չնայած՝ տարբերվում է նրանով, որ մենք բոլորս մի փոքր ավելի երկար քնելու փոխարեն եկել ենք շաբաթօրյակի եւ մեր հարազատ բուհի այգին մաքրում ենք: Սա մեր փոքրիկ ներդրումն է, որ կարող ենք անել` օգուտ տալու մեր քաղաքին», - ասաց նա։

Ուսանողներից Էդուարդի խոսքով՝ քաղաքապետարանը իրենց է տրամադրել աշխատելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները։ Նրա համոզմամբ՝ քաղաքի մաքրությունը պետք է սկսվի առաջին հերթին հենց իրենցից՝ ուսանողներից:

Շաբաթօրյակին ուսանողների հետ աշխատել է նաեւ պրոֆեսորադասախոսական անձնակազմը: ՀՊՏՀ-ի վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուդիկ Կարապետյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի նախաձեռնությամբ թաղապետարանի ներկայացուցիչները իրենց հատկացրել են որոշակի տարածք, աշխատանքներում ներգրավվել են մոտ 100 ուսանող ու դասախոս. - «Եթե մոտիկից նայեք, կտեսնեք, որ մեր աշխատակիցները՝ բանվոր դասակարգը եւ դասախոսները, աշխատում են, մենք էլ կմիանանք ու կսկսենք աշխատել՝ հավասարը հավասարի նման»:

Երեւանի պետական համալսարանի տարածքում, սակայն, ուսանողների չհանդիպեցինք: Այնտեղ էին սանմաքրման աշխատողները: ԵՊՀ-ի սանմաքրման բաժնի պետ Գարեգին Ղազարյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ համալսարանի տարածքը մաքրվում է հատուկ հեղուկներով ու ջրով, եւ ուսանողների օգնությունն իրենց առայժմ հարկավոր չէ:

Պետրոս Միրզոյանը` «Կենտրոն կանաչապատում» կազմակերպությունից, համակարգում էր ուսանողների մասնակցությամբ շաբաթօրյակը։

«Ինչ էլ որ անեն` էլի օգուտ է, էլի մաքրություն կերեւա: Չէի սպասում, որ կարող է այդպես կազմակերպված լինեն ուսանողները՝ երեկվանից զանգահարում էին, որ հավաքվենք գանք: Իհարկե, տրամադրել ենք ամեն հնարավոր բան՝ ձեռնոցներ, աղբի տոպրակներ», - ասաց Միրզոյանը:

Դպրոցականներն էլ այսօր իրենց ներդրումն ունեցան քաղաքի մաքրման աշխատանքներում. Երեւանի թիվ 4 դպրոցի աշակերտները հավաքվել էին մաքրելու իրենց դպրոցի բակը:

please wait

No media source currently available

0:00 0:04:52 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG