Մատչելիության հղումներ

«Մաքուր ջուրը» տուգանվեց տարեկան հասույթի մեկ տոկոսի չափով


Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակեց «ՄԳԱ Վոթըր» ընկերության «Մաքուր ջուր» ապրանքանիշի նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքները:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ անբարեխիղճ մրցակցության համար հանձնաժողովը նշանակել է օրենսդրությամբ նախատեսված առավելագույն պատժաչափ` տուգանք տարեկան հասույթի մեկ տոկոսի չափով.«Մենք հասույթի վերաբերյալ տեղեկատվությունը ստանում ենք հարկային մամիններից, հիմա դիմել ենք հարկային մամիններին, որպեսզի համապատասխան տեղեկատվություն ստանանք, սակայն տնտեսվարողի կողմից ներկայացված տեղեկատվությամբ հասույթի մեկ տոկոսը կազմում է մոտ 5 000 000 դրամ»:

Նշենք, որ օրերս խմելու ջրի արտադրությամբ զբաղվող «Էվրի Դեյ» ընկերությունը, որը շուկայում ներկայացնում է «Բյուրեղ» ապրանքանիշը, հանձնաժողովին բողոք է ներկայացրել, նշելով, որ մրցակից «ՄԳՈ Վոթըր» ընկերությունը`«Մաքուր ջուր», սպառողին առաջարկում է խմելու մաքուր ջուր, որն իբր վերցվում է Գառնու լեռնային աղբյուրներից ու անցնում բազմաստիճան մանրակրկիտ մաքրում: Այնինչ բողոք ներկայացնող ընկերությունը վստահ է, որ տարիներ շարունակ Մաքուր ջուրը շշալցվել է Նուբարաշենի քաղաքային կենտրոնացված ջրամատակարարման համակարգից, նախապես քլորազրկելով այն:

Հանձնաժողվը վարչական վարույթ հարուցելուց հետո սկսել է ուսումնասիրություններ, որի արդյունքում պարզվել է, որ 2011-2012 թվականների ընթացքում «ՄԳԱ Վոթըր» ՍՊԸ-ն աղբյուրի ջրի հանքի օգտագործման թույլտվություն չի ունեցել, ինչպես նաեւ այլ ընկերություններից, որպես հումք ջրի ձեռքբերումներ չի ունեցել:

Հանձնաժողվի հարցին, թե որտեղից է «ՄԳՈ Վոթըր» ընկերությունը ձեռք բերում հումքը, ընկերությունը պատասխանել է, որ իր կողմից որպես հումք ջուրը ձեռք է բերվում «Երեւան ջուր» ՓԲԸ-ի քաղաքային ջրամատակարարման ցանցից եւ Նուբարաշեն համայնքում գտնվող իր արտադրամասում անցկացվում է համապատասխան արտադրական պրոցեսով, շշալցվում եւ իրացվում է:

Ի պատասխան հանձնաժողովի հարցման, թե «Մաքուր ջուր» ընկերությունը հստակ փաստեր ունի, որ Նուբարաշեն համայնքում Երեւան ջուր ՓԲԸ-ի կողմից իրենց մատակարարվում է բացառապես Գառնու լեռների ծագման ջուր, ընկերությունը որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել: Սակայն «ՄԳՈ Վոթըր» ընկերությունն էլ իր հերթին բողոքող կողմից` «Էվրի Դեյ» ՍՊԸ-ից պահանջել է ապացույցներ, որ վերջինս իր կողմից թողարկող արտադրանքում իսկապես օգտագործում է բնական աղբյուրի ջուր:

Հանձնաժողվի պահանջով «Էվրի Դեյ» ընկերությունը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ վերջինս ջրի ձեռքբերումներ է իրականացնում բնական աղբյուրի ջրի հանքի օգտագործման թույլտվություն ունեցող մասնավորապես «Ջերմուկ գրուպ»-ից: Հետեւաբար հանձնաժողվը եզրակացրեց, որ «Էվրի Դեյ» ընկերությունն իսկապես օգտագործում է բնական աղբյուր ջուր:

Նշենք, որ «ՄԳՈ Վոթըր»`Մաքուր ջուր ընկերությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում գրանցված է որպես ոլորտում գերիշխող դիրք ունեցող կազմակերպություն:

Հանձնաժողովը, բացի տուգանքից, կազմակերպությունից նաեւ պահանջել է 5-օրյա ժամկետում վերացնել խախտումները:

«Տնտեսվարողը պետք է որոշի. Առաջին տարբերակը, որ այդ արտադրանքը շրջանառությունից հանի եւ այլեւս չմակնիշի, որպես բնական աղբյուրի ջուր եւ մակնիշի որպես սովորական խմելու ջուր եւ երկրորդ տարբերակը, եթե տվյալ տնտեսվարողը, այլ տնտեսվարողներից, որոնք ունեն համապատասխան հորատասներ, սկսի ձեռք բերել բնական աղբյուրի ջուր, մակնիշումը պահպանի նույնը, սակայն պարունակությունն արդեն լինի ոչ թե սովորական ջուր, այլ բնական աղբյուրի ջուր»,- նշում է հանձնաժողովի նախագահը:

Հանձնաժողովի որոշման հրապարկումից հետո «Մաքուր ջուր» ընկերությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. - «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը որեւէ տեղ որեւէ միջոցով երբեւէ չի հայտարարել, որ իր կողմից առաջարկվող ԲՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐՆ ուղղակիորեն լեռնային աղբյուրից է, այլ ոչ թե աղբյուրից դուրս եկող եւ ջրամատակարարման ցանցով առաքվող: Մեր Ընկերությունը հայտարարելով որ իր առաջարկած ջուրն ԲՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ է` այդպիսով մատնանշում է շշալցման ժամանակ օգտագործվող ջրի իրական ծագումը` այն է Գառնիի տարածքում բխող աղբյուրների ջուրը, որը մինչ շշալցվելը ենթարկվում է վերամշակման` համապատասխան խմելու ջրի ՀՀ եւ միջազգային չափանիշներին: Տեղեկացնում ենք նաեւ, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան, բողաքարկելու ՀՀ ՏՄՊՀՀ-ի 30.03.2012թ կայացրած որոշումը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG