Մատչելիության հղումներ

Foreign Policy. «Իսրայելը ռազմակայան է ստեղծում Ադրբեջանում»


Foreign Policy հանդեսի լոգոն
Foreign Policy հանդեսի լոգոն
Արեւմտյան աղբյուրները պնդում են, որ Ադրբեջանն ու Իսրայելն արդեն իսկ համաձայնության են եկել Իրանի դեմ համատեղ գործողությունների հարցում:

Միջազգային դիվանագիտական շրջանակներում ամենահեղինակավորներից մեկը համարվող ամերիկյան Foreign Policy հանդեսը երեկ հրապարակած իր հոդվածում գրում է. - «Բարձրաստիճան չորս դիվանագետներ եւ ռազմական հետախուզության սպաներ պնդում են, որ Իսրայելը հնարավորություն է ստացել օգտվել Իրանի հյուսիսային սահմանից ոչ հեռու գտնվող մի օդանավակայանից: Որն է դրա նպատակը` հայտնի չէ»։

Միաժամանակ, հանդեսը մեջբերում է բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներից մեկի հետ փետրվարի սկզբին տեղի ունեցած առանձնազրույցի հետեւյալ հատվածը. - «Իսրայելցիները ավիաբազա են գնել եւ կոչել են այն «Ադրբեջան»:

Ամերիկյան հանդեսը փորձել է մեկնաբանություններ ստանալ Վաշինգտոնում Իսրայելի եւ Ադրբեջանի դեսպանություններից, ինչպես նաեւ Իսրայելի պաշտպանության նախարարությունից եւ հատուկ ծառայությունից` «Մոսադ»-ից, բայց` անարդյունք:

Մի քանի ժամ առաջ, սակայն, Ադրբեջանի նախագահի վարչակազմը հերքեց Foreign Policy-ում տեղ գտած տեղեկությունները, չցանկանալով, սակայն, մեկնաբանել հրապարակման մեջ տեղ գտած փաստական տեղեկությունները:

Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում նշել է. - «Ընդդիմադիր որոշ շրջանակներ եւ արեւմտյան որոշ խմբեր նպատակ ունեն վատթարացնել Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները: Իր բոլոր հարեւանների հետ` բացառությամբ Հայաստանի, Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ է պահպանում»:

Ընդհանուր առմամբ, սակայն, ակնհայտ է, որ Foreign Policy-ում հայտնված տեղեկատվական այս արտահոսքի հետեւում ամերիկյան աղբյուրներն են, որոնց Իսրայելի ակտիվությունն Ադրբեջանում մեծ ոգեւորություն չի պատճառում:

Ամերիկյան հատուկ ծառայություններից մեկի սպան, որին հանձնարարված է գնահատել Իրանի դեմ իսրայելական հնարավոր հարձակման հետեւանքները, Foreign Policy-ին փոխանցել է. - «Մենք ուշի ուշով հետեւում ենք, թե ինչ քայլերի է դիմում Իրանը։ Այժմ մենք սկսել ենք նաեւ Ադրբեջանում Իսրայելի գործողություններն ուսումնասիրել, եւ կարող եմ ասել, որ դրանք մեզ չեն ուրախացնում»:

Միացյալ Նահանգների վարչակազմը նաեւ նշում է, որ իսրայելական ռազմական էքսպանսիան դեպի Ադրբեջան բարդացնում է պաշտոնական Վաշինգտոնի ջանքերը, որոնց գլխավոր նպատակն է թուլացնել Իսրայելի եւ Իրանի միջեւ առկա լարվածությունը:

Դիվանագիտական հանդեսը նաեւ տեղեկացնում է, որ Թուրքիան, որը վերջին տարիներին կտրուկ կերպով նվազեցրել է հարաբերությունների մակարդակը Իսրայելի հետ, եւս լրջորեն անհանգստացած է Ադրբեջանում հրեական պետության ծավալած պատրաստությունների պատճառով:

Foreign Policy-ն փոխանցում է նաեւ, որ Իսրայելի ռազմական շրջանակների ակտիվությունն Ադրբեջանում Պենտագոնին եւս ստիպել է որոշակիորեն փոխել նախկինում որդեգրած գործելաոճը:

«Ռազմական պլամավորմամբ զբաղվող մասնագետները հրաման են ստացել ռազմական գործողությունների հնարավոր սցենարներ մշակել ոչ միայն Պարսից ծոցի, այլեւ Կովկասի ընդգրկմամբ», - գրում է ամերիկյան հանդեսը` հավելելով. - «Անգամ Ադբրեջանից հնչող հերքումների ֆոնին չի բացառվում, որ Բաքուն կարող է ռազմական օժանդակություն ցուցաբերել Իսրայելին` Իրանի դեմ հարձակման դեպքում: Ամերիկացի զինվորականներից մեկը նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը միանշանակորեն չի արգելում իսրայելական ռմբակոծիչներին վայրէջք կատարել իր երկրի տարածքում` Իրանին հարվածներ հասցնելուց հետո: Բացի այդ, ամերիկացի սպան չի բացառել իսրայելական փրկարարական ու որոնողական խմբերի տեղակայումը Ադրբեջանի տարածքում: «Այդ ամենը կարող է Իրանի դեմ Իսրայելի հարձակումն ավելի դյուրին դարձնել», - նշում են ամերիկյան աղբյուրները»:

Ընդհանուր առմամբ, Foreign Policy-ն Իսրայելի եւ Ադրբեջանի համագործակցության նման կտրուկ սերտացումը պատահական չի համարում` մեջբերելով վիքիլիքսյան գաղտնազերծված փաստաթղթերից մեկը, որում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ամերիկացի դիվանագետների հետ զրույցում ասել էր. - «Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները նման են սառցաբեկորի, որի միայն 10 տոկոսն է տեսանելի, իսկ մնացած 90-ը թաքնված է կողմնակի հայացքից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG