Մատչելիության հղումներ

Մարտի 22-ի մամուլ


«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «Այս կամ այն կուսակցության համամասնական ցուցակում հանգրվանած երդվյալ ճամբարափոխները չեն բացատրում` ինչպես են հայտնվել դրանցում։ Նրանց ընդունելու պատճառները չեն բացատրում նաեւ տանիք դարձող կուսակցությունները։ Նրանց երեւի թվում է, որ եթե իրենք իրար մեջ պայմանավորվել են, իրար հասկացել, դա հասկացել ու օրինաչափորեն ընդունել է նաեւ պոտենցիալ ընտրողը։ Մինչդեռ իրականում նման պահվածքի պատճառն այն է, որ ընտրողի, նրա ցանկությունների, ակնկալիքների գործոններն այդ պայմանավորվածություններում ոչ մի նշանակություն չեն ունեցել։ Ոչ ոք իրեն հարց չի տվել` իսկ ինչպե՞ս է դրան վերաբերվելու այն ընտրողը, որը հավատում է իրենց ու պատրաստ է տալու քվեն։ Արդյո՞ք նա ուզում է այդ մարդկանց տեսնել իր նախընտրած կուսակցության ցուցակում։ Նման արհամարհանքի պատճառը մեկն է. մեզանում վաղուց արժեզրկվել է հանրային պատասխանատվության ու հաշվետվողականության ինստիտուտը»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Հայաստանի քաղաքական դաշտում պարադոքսների պակաս չկա, եւ դրանցից մեկն էլ այն է, թե ինչու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խիստ քննադատության ենթարկում երկրում ստեղծված իրավիճակը, տնտեսական քաղաքականությունը, բայց շարունակում է մնալ այդ ամենի գլխավոր պատասխանատու ՀՀԿ հետ կոալիցիոն հարաբերության մեջ: Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան»-ը դուրս չի գալիս կոալիցիայից եւ չի փորձում տարբերակվել Հանրապետական կուսակցությունից, եթե այդպես խիստ քննադատության է ենթարկում իրականությունը: Չէ՞ որ կոալիցիայից դուրս գալով, ԲՀԿ-ն երկիրը ո՛չ ցնցումների է տանելու, ո՛չ էլ հեղափոխություն է անելու, այլ ընդամենը նրա ընդդիմադիր կեցվածքը ավելի համոզիչ է լինելու հանրության համար: Քանի դեռ «Բարգավաճ Հայաստան»-ն իշխող կոալիցիայի մեջ է, ԲՀԿ ընդդիմադիր կեցվածքը, բնականաբար, չի կարող որեւէ լուրջ ընկալում ունենալ… Ո՞րն է պատճառը: ՀՀԿ-ն չի՞ թողնում: Եթե ՀՀԿ-ն չի թողնում, ապա պարզ հարց է առաջանում, թե այդ դեպքում նույն ՀՀԿ-ն ոնց կարող է թողնել, որ ԲՀԿ-ն լուրջ ընդդիմություն լինի եւ իրապես սպառնա ՀՀԿ իշխանական դիրքերին: Այսինքն` եթե ՀՀԿ-ն թույլ չի տալիս դուրս գալ կոալիցիայից, ուրեմն ՀՀԿ-ն ամբողջությամբ կառավարում է «Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքական գործողությունները, եւ այդպիսով արձանագրվում է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը ընդամենը կառավարելի ընդդիմություն է՝ ոչ ավելի»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը հեգնում է. - «ՀԱԿ-ը ծրագրել է սեփական ստեղծագործությունը հրապարակել ամենավերջում՝ ընտրապայքարի մասնակից բոլոր ուժերից հետո: Նկատենք, որ քառամյա պայքարի ողջ ընթացքում սա ՀԱԿ-ի ընտրած «ամենահաջողված» մարտավարությունն է: Վերջապես «արմատականներն» ապացուցեցին, որ իրենք «անկոտրում» են, ավելին` «վճռական են ու սկզբունքային»: Մանավանդ երբ խոսքը ցուցակների հրապարակմանն է վերաբերում, այս գործընթացում կարող են հասնել հաղթանակի… Այսօր ԿԸՀ-ում ամենայն հավանականությամբ հերթեր են գոյանալու, եւ օրվա վերջում արդեն կուրվագծվի քվեաթերթիկի բովանդակությունը»:

«Չորրորդ ինքնիշխանությունը»-ը զրուցել է հայտնի ռեժիսոր եւ դերասան Աշոտ Ադամյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը ինչպե՞ս կմեկնաբանեիք»: «Ես շատ ավելի ուրախ կլինեի, եթե իսկապես կարդայի այդ ցուցակն ու տեսնեի ինչ արժանավոր մարդիկ են այդտեղ: Գուցեեւ այդ դեպքում, համադրելով «Հավատանք, որ փոխվենք» կոչի հետ, մտածեի, թե` այո, ներքին ազդեցություն է սկսել ունենալ իրենց կոչը: Բայց հիմա կարդում եմ եւ տեսնում եմ, որ հավատի դեֆիցիտը արտացոլվում է նաեւ իրենց ցուցակի մեջ: Որովհետեւ թե ինչ են իրենցից ներկայացնում այդ մարդիկ, ովքեր այդ ցուցակում են ներառվել, կարող էին ներառվել ցանկացած այլ կուսակցության ցուցակում` պատեհապաշտության սկզբունքից ելնելով: Բոլորը», - պատասխանել է Աշոտ Ադամյանը:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը «Սիլ կոնցեռն»-ի պատվավոր նախագահ, թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանին տված տեղեկանքը, ըստ որի` նա վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում, առ ոչինչ է ճանաչել այն հիմնավորմամբ, որ Սուքիասյանը վերջին հինգ տարում 10 ամիս 20 օր հանրապետությունից բացակայել է: ՀՀ ոստիկանությունը, սակայն, չի պատրաստվում չեղյալ անել վերջին հինգ տարում ավելի քան 17 ամիս Հայաստանում չբնակված, թիվ 11 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանին տրամադրած համանման տեղեկանքը»: Թերթը հիշեցնում է, որ դեռեւս 2004-ի աշնանը Մադաթյանի դեմ քրեական գործ էր հարուցվել` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով: Իսկ 2004-ի դեկտեմբերի 6-ից նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Հետախուզման 4 տարիների ընթացքում բազմիցս մամուլում նշվել է, որ նա Հայաստանում չէ, ինչը հաստատել է նաեւ ինքը` Մադաթյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG