Մատչելիության հղումներ

Հայաստանում հեղինակային իրավունքի խախտումների թիվը կազմում է մոտ 90 տոկոս


Վերջերս տեղեկատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններից մեկն իր կայքի վերնագրի հատվածում տեղադրեց «Հայաստանի դեղին էջեր» ապրանքային նշանը, որը պատկանում է «Սփյուռ» տեղեկատվական:

«Սփյուռ» ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Ջավահիրյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է. - «Փաստերով եւ փաստաթղթերով ներկայացրել ենք, որ մենք ենք հանդիսանում «Հայաստանի դեղին էջեր» ապրանքանշանի սեփականատերը եւ դիմել ենք, որպեսզի կայքից հանի այդ արտահայտությունը: Իրենք չեն համաձայնել, պատասխանել են, որ մենք լավ էլ իրավունք ունենք դա օգտագործելու, մենք էլ ստիպված դիմել ենք դատարան մեր շահերի պաշտպանության համար»:

Դատական գործընթացը կսկսի ապրիլի սկզբին: Կոմերցիոն տնօրենը վստահեցնում է, որ դեպքն առաջինը չէ, իրենց հեղինակային իրավունքները խախտվել են նաեւ այլ կայքերի ու տեղեկատվական գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից: Կարեն Ջավահիրյանի հավաստմամբ, դեպքերն այնքան շատ են, որ բոլորի հետեւից գնալու ժամանակ ուղղակի չեն ունենում, հետեւողական են հատկապես խոշոր դեպքերի ժամանակ:

Ըստ «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանի, այսօր Հայաստանում հեղինակային իրավունքների խախտումների թիվը կազմում է մոտ 90 տոկոս: Պետությունն անհանգստանալու խնդիր ունի, եթե այդ տոկոսը գերազանցում է 50-ը:

«Դանակը հասել էր ոսկորին, այսինքն մեր անօրինականության տոկոսն այնքան բարձր էր, որ դա ազդում էր ե'ւ երկրի տնտեսության, ե'ւ վարկանիշի վրա: Իսկ Հայաստանը պետք է համագործակցի աշխարհի հետ, մենք արդեն Եվրամիության տեսադաշտում ենք», - նշում է Ներսիսյանը:

Խնդիրը լուծելու համար արդեն Հայաստանում է գտնվում Եվրամիության պատվիրակությունը, որի անդամները հայ մասնագետների հետ միասին իրականացնելու են Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության իրավուքների կիրարկման համակարգի հզորացման ծրագիր: Ծրագրի շրջանակներում նաեւ կազմակերպվելու են սեմինարներ խնդրով զբաղվող, ինչպես նաեւ իրավապահ մարմինների` մաքսային վարչության, ոստիկանության ներկայացուցիչների, դատավորների համար:

«Ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանում կեղծարարության եւ հենության դեմ պայքարի կարողությունը: Երկկողմանի մասնագետներով երկու տարի շարունակ պիտի կատարեն փորձի փոխանակում, թրեյնինգներ», - վստահեցնում է Ներսիսյանը:

Սուսաննա Ներսիսյանը նշում է, որ այսօր գումար վատնողն ու կրիչի վրա ֆիլմ, երաժշտություն, տեսահոլովակ ստեղծողն ավելի քիչ եկամուտ է ստանում, քան նա, ով արագ ձայնագրում ու էժան գներով տարածում է դրանք: Սա կանխելու համար 2010 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքը: Այս օրենքի համաձայն, մեր երկրում վաճառվող բոլոր սկավառակները պետք է պիտակավորված լինեն, անկախ նրանից՝ ներկրված են, թե տեղում թողարկված:

«Մաքսլիբերթի»-ի հարցին, թե օրենքը որքանով է այսօր գործում Ներսիսյանը պատասխանեց. - «Որքանով ես տեղեկացված եմ, օրենքի որոշ դրույթներ այժմ փոփոխվում են, սկսած օրենքի անվանումից: Կային վրիպումներ եւ մեխանիզմները դեռ մշակված չէին: Բայց վստահ եմ, որ 6 ամիս հետո այս օրենքը կգործի, այսինքն ամեն ներմուծող, արտադրող կկրի պարտականություն այդ կրիչները դրոշմապիտակավորել, նոր դնել վաճառքի»:

«Հայհեղինակ»-ի տնօրենի հավաստմամբ, այս օրենքի կիրառումը կնվազեցնի օրինախախտումների տոկոսը, եւ օրենքով կվերահսկվի նաեւ դաշտի ֆինանսական կողմը. - «Այսօր մեզ մոտ քաոսային վիճակ է: Չեք կարող հիմնավորել գինը, ով ինչ գին ուզի կդնի, անկախ նրանից դա օրինական է, թե ոչ եւ ընդհանրապես օրինական ապրանքը բավականին քիչ է այստեղ, դա նշանակում է, որ այսօր անօրինական արտադրանքը եւս բարձր գներով է դրվում: Գոնե ամեն ինչը կլինի հսկողության դաշտում եւ գոնե ինքը իրավատերը` հեղինակը, կատարողը, անվագրողը կվարձատրվի եւ հարկային դաշտի սահմաններում կլինի»:

please wait

No media source currently available

0:00 0:04:51 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG