Մատչելիության հղումներ

Կվերանորոգվի ու կվերակառուցվի Սարյանի տուն-թանգարանը


Կվերանորոգվի ու կվերակառուցվի Սարյանի տուն-թանգարանը
please wait

No media source currently available

0:00 0:02:14 0:00
Այս ամռանը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կփակվի այնտեղ վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Թանգարանի տնօրեն, Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է, որ թանգարանի գործունեության 45 տարիների ընթացքում կուտակվել են խնդիրներ շենքային պայմանների, ցուցասրահների, թանգարանի պահոցների հետ կապված, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:

«Այս 45 տարիների ընթացքում հասկանալի է, որ պետք է նոր մոտեցումներ լինեն թանգարանային տարածքը կազմակերպելու, ցուցասրահներն ավելի բարվոք ներկայացնելու, հագեցած լինեն տեխնիկական միջոցներով: Բացի այդ ուղղակի նեղվածք կա թանգարանում եւ դրանից ելնելով հարց առաջացավ կառուցել 4-րդ հարկ»,- նշում է Ռուզան Սարյանը:

Թանգարանն այսօր չունի թանգարանային միավորների ու կտավների համար նախատեսված պահոցներ, հետեւաբար` կտավները պահվում են ոչ ճիշտ ջերմաստիճանային ու տեխնիկական պայմաններում, որի պատճառով ժամանակի ընթացքում դրանք վնասվում են:

«Կկառուցվի նաեւ երեք մակարդակ ունեցող կցակառույց, այսինքն մենք չունենք տեխնիկական նկուղ, որը շատ անհրաժեշտ է թանգարանի համար, չունենք պահոցներ եւ նկարները բավական անմխիթար պայմաններում են: Պետք է նոր օդատարներ անցկացվեն: Դա նշանակում է ամբողջ շենքում այդ համակարգը ներմուծել, որպեսզի թարմ օդ լինի` նույն ջերմաստիճանի ու խոնավության», - ասում է Սարյանը:

Մարտիրոս Սարյանի տունն ու արվեստանոցը կառուցվել է 1937 թվականին: Իսկ 1967 թվականին, դեռ վարպետի կենդանության օրոք, կառավարությունը որոշեց Սարյանի տանն ու արվեստանոցին կից կառուցել նաեւ նրա թանգարանը:

«Տունը եւ նրա արվեստանոցը գծագրել է Թամանյանը: 1964-67 թվականներին այդ տանը կցվեց եռահարկ պատկերասրահը եւ հիմա շատ դժվար հարց էր դրված, որ պահպանելով նախորդ երկու ճարտարապետական լուծումները, տալ երրորդը, որը չի խախտի այս համալիր շինության բովանդակությունը».- ասում է թանգարանի տնօրենը:

Շենքի նոր ճարտարապետական նախագծի հեղինակը Սահակ Ներսիսյանն է: Սարյանը նշում է, որ ճարտարապետը փորձել է ճարտարապետական նոր լուծումներով լուծել նաեւ թանգարանի բոլոր խնդիրները` պահպանելով թամանյանական նախագիծը: Հիմա ընթանում են նախահաշվարկային աշխատանքները: Նախագիծը ներկայացվել է նաեւ մշակույթի նախարարությանն ու արժանացել հավանության: Թե երբ կսկսվեն ու կավարտվեն աշխատանքները` տնօրենը ստույգ նշել չկարողացավ, հաշվի առնելով, որ խոսքը ոչ միայն վերանորոգման, այլեւ վերակառուցման մասին է, սակայն այդ ընթացքում թանգարանն իր ցուցադրությունները կկազմակերպի ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս այլ ցուցադրություններին մասնակցելով:

«Այն ժամանակաշրջանը, երբ որ թանգարանը փակ կլինի, մենք ծրագրում ենք ավելի ակտիվացնել մեր գրքերի տպագրությունը, մեր գիտական ուսումնասիրությունները: Հիմա պատրաստվում է տպագրության «Սարյանը ժամանակակիցների հուշերում» գիրքը, նախապատրաստվում է Սարյանի գրքարվեստը, որտեղ կներկայացվի Սարյանի կատարած ամբողջ աշխատանքն այդ ասպարեզում, կտպագրվի Սարյանի նամակների երկրորդ հատորը, ես անձամբ պատրաստում եմ նամակների երրորդ հատորը, պետք է տպագրվեն նրա օրագրերը, նրա հուշագրությունը եւ այդ ամենը տալիս է, իհարկե, շատ կարեւոր վավերագրական նյութ, որի հիման վրա պետք է նաեւ հետագայում գրվի Սարյանի գիտական կենսագրությունը, որովհետեւ դեռեւս դա արված չէ», - նշում է Սարյանի թոռնուհին:

please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG