Մատչելիության հղումներ

Հակերներից խուսափելու համար պետք է ընտրել անվտանգ գաղտնաբառեր


Վերջին շրջանում համացանցից օգտվող հայերը պարբերաբար բողոքում են իրենց կայքէջերը կոտրելու առնչությամբ: Այս կամ այն կայքի հակառակորդ կառույցները հակերների օգնությամբ կոտրում են տվյալ կայքը՝ այդպիսով արգելափակելով մուտքը օգտատերերի համար: Նույն խնդիրը տեղի է ունենում սոցիալական ցանցերից օգտվող մարդկանց կայքէջերի հետ:

Սաթենիկն օգտվում է Facebook սոցիալական կայքից. մի քանի ամիս առաջ համացանցի անվտանգության կանոններին չհետեւելու պատճառով նրա էջն էլ կոտրեցին:

«Միշտ վախեցել եմ անվտանգության համար` նկարների, անբարոյական հղումներ տեղադրելու, նկարների ֆոտոշոփի, նամակներ ուղարկելու: Միանգամից առաջին քայլը եղավ այն, որ նոր էջ բացեցի եւ հայտարարեցի բոլոր ընկերներիս, որ իմ էջը ջարդել են եւ ես չեմ ներկայանում դրանով: Մենք ընկերներով կազմակերպեցինք 100-ից ավելի բողոք, ու էջը փակվեց», - ասում է Սաթենիկը ու հավելում, որ անտեսելով անվտանգության կանոնները իր գաղտնաբառը իր իսկ անունն էր դրել:

Ծրագրավորող Արամ Բադալյանի հավաստմամբ` շատ կարեւոր է կայքէջի համար անվտանգ գաղտնաբառ ընտրել: Իսկ անվտանգ գաղտնաբառը պետք է մեծատառեր պարունակի, պետք է բաղկացած լինի նաեւ թվերից: Այդ դեպքում կայքէջը կոտրելու հավանականություն գրեթե չի լինում:

2009 թվականին ստեղծված «Հայազն» երիտասարդների միաբանության կայքն էլ արժանացավ հակերների ուշադրությանը: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում միաբանության կենտրոնական մարմնի անդամ Արմեն Մկրտչյանը նշեց, որ հակառակորդ կառույցները բազմիցս անանուն նամակներով սպառնացել են վնաս հասցնել կայքին, սակայն իրենք այդքան էլ լրջորեն չեն մոտեցել այդ հայտարարություններին.

«Ցավոք սրտի, մենք այդքան էլ լուրջ չվերաբերվեցինք այդ ամենին ու փաստի առաջ կանգնեցինք: Մուտք արեցինք կայք, մի գրություն էր դրված մեր անունից, որ իբր դադարեցնում ենք մեր գործունեությունը, ու ամեն ինչ ջնջված էր: Անգամ արխիվը չկարողացանք հետ ստանալ կայքի ադմինիստրացիայից», - պատմեց Մկրտչյանը:

Ամբողջությամբ ջնջվել է կայքի երկու տարվա արխիվը` հայտարարություններ, նկարներ, երգեր: «Հայազն» երիտասարդների միաբանությունը նոր կայք է պատրաստել եւ, Մկրտչյանի խոսքով, արդեն ավելի լուրջ են վերաբերում կայքի անվտանգության խնդրին:

Ծրագրավորող Արամ Բադալյանը նշեց, որ նման կայքերի անվտանգությունը կախված է այն տեխնոլոգիաներից, որոնց միջոցով ստեղծվում են կայքերը: Դրանք մի շարք ծրագրեր են, որոնք իրենց մեջ վտանգավոր տարրեր կարող են պարունակել:

«Եթե չգիտեք հաստատ, թե ինչ ծրագիր է, ուղղակի մի բացեք ձեր համակարգչի մեջ, գաղտնաբառը ոչ մեկին մի տվեք, ընտրեք բարդ գաղտնաբառ: Իսկ կայքերի տերերին խորհուրդ կտայի լավ մասնագետներ վարձել. մասնագետները գիտեն, թե ինչ է պետք անել», - խորհուրդ տվեց ծրագրավորողը:

please wait

No media source currently available

0:00 0:06:38 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG