Մատչելիության հղումներ

200.000 դրամ տուգանք՝ Փակ շուկայում չթույլատրված շինարարության համար


Երեւանի Փակ շուկայի տարածքում շինարարական աշխատանքներն այժմ դադարեցված են:

Շուկայի տնօրենի վստահված անձ Մարատ Ապեյանը «Մասքլիբերթի»-ին փոխանցեց, որ այժմ սպասում են Մշակույթի նախարարության եւ քաղաքապետարանի թույլտվությանը՝ շինարարությունը շարունակելու համար:

Մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից «Մաքսլիբերթի»-ին տեղեկացրին, որ շուկայի սեփականատեր «Թիվ մեկ շուկա» ընկերությունն իրենց ներկայացրել է միայն շուկայի ստորգետնյա մասում շինարարություն կատարելու նախագիծ: Վերգետնյա մասում շինարարության մասին որեւէ նախագիծ ներկայացված չէ:

Որքա՞ն ժամանակ են շինարարական աշխատանքները դադարեցված լինելու հարցին` գործակալության ներկայացուցիչ Կարո Այվազյանը պատասխանեց. - «Մինչեւ որոշում կայացնենք՝ տեսնենք՝ ինչ ենք անում: Նախագիծ պետք է ներկայացվի, այն քննարկվի եւ այլն: Այսօրվա դրությամբ չեմ կարող որեւէ կոնկրետ բան ասել»:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին քաղաքապետարանը արձանագրություն էր կազմել՝ վարչական պատասխանատվության ենթարկելով «Թիվ մեկ շուկա» ընկերությանը, որն առանց համապատասխան թույլտվության՝ շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ էր կատարել:

Փակ շուկան ընդգրկված է պետության կողմից գրանցված մշակութային հուշարձանների ցանկում եւ առանց համապատասխան մարմինների թույլտվության շինարարական աշխատանքներ այնտեղ իրականացնել չի կարելի:

Կարո Այվազյանը տեղեկացրեց, որ պատմական հուշարձաններին վնաս հասցնելու չափի որոշման մասին օրենք չկա: Վարչական իրավախախտումների օրենսգրքի 154-րդ հոդվածը, որով պատասխանատվության է ենթարկվել «Թիվ մեկ շուկա» ընկերությունը, շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու համար է պատասխանատվություն սահմանում: Ըստ այդմ` պատմամշակութային կառույցին վնաս հասցնելու մասին որեւէ արձանագրություն չի կազմվել եւ պատմամշակութային կառույց հանդիսացող Փակ շուկայում առանց թույլտվության շինարարություն իրականացնելու համար ընկերությունը կվճարի ընդամենը 200.000 դրամ տուգանք:

please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG